Բրիտանական «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտը հայտարարել է 19 անձի եւ ընկերության (Եվրոպայից եւ Ասիայից) մասին, որոնք օժանդակել են իրանական «Mahan Air» ավիաընկերությանը: ԱՄՆ-ն այս մասնավոր ընկերությանը մեղադրում է Իրանի զինված ուժերին միջոցներ, այդ թվում՝ տրանսպորտ, տրամադրելու եւ Սիրիա զենք տեղափոխելու մեջ: Այդ իսկ պատճառով ամերիկյան իշխանությունները արգելել են «Mahan Air»-ին որեւէ գնում կատարել ԱՄՆ-ից:
Բայց ահա, փաստորեն, հայտնվել են միջնորդներ, որոնք «ներգրավված են ավիացիոն գնումների անօրինական ցանցում՝ Իրանի հանդեպ ԱՄՆ արգելքները շրջանցելու համար»: Հայտարարության մեջ նշվում է, որ միջնորդների մեծ մասը Թուրքիայից են, մյուսները՝ Հայաստանից, Հունաստանից, Իրանից, Թայլանդից եւ Միացյալ Արաբական Էմիրություններից: Ըստ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի՝ դրանց մեջ են հունական «Aeolian Airlines» եւ հայկական «Վերթիռ» ավիաընկերությունները: Վերջիններս ընդգրկվել են հատուկ ցուցակում, որից հետո նրանց արգելվել է ԱՄՆ-ից որոշ ապրանքներ գնել, մասնավորապես՝ ավիացիոն շարժիչներ եւ թռիչքային մասեր:
«Վերթիռ» ընկերությանը՝ նշենք, որ այն ամբողջությամբ պատկանում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի հորեղբորը՝ Ռաֆիկ Մովսիսյանին, որի որդին՝ Կարենը, տակավին վերջերս իր նորաստեղծ «Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության» միջոցով փորձում էր շուկա մտնել: «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ՔԱԳՎ պետն անձամբ հայտարարեց, որ դա իր հորեղբոր տղան է՝ չմոռանալով մի քանի դրական բնութագրական տող ավելացնել:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում