«Հայաստանի կոտրվող ողնաշարը» բնապահպանական-փաստագրական տեսաֆիլմն արդեն համացանցում է:
Տեսաֆիլմը նկարահանվել է Համահայկական բնապահպանական ճակատի կողմից և ներկայացնում է հանքարդյունաբերվող Հայաստանի կենդանի պատկերը:
«Մենք ամեն օր արթնանում, քայլում, խոսում, քնում ենք, իսկ հանքարդյունաբերական անքուն շարժիչը շարունակում է աշխատել: Տարին 12 ամիս թունավորվում է մեր հայրենի հողը, ջուրը, օդը… Սա պատերազմ է առանց զենքի: Պատերազմ, որտեղ մենք կրում ենք պարտություն պարտության հետևից, և այս աղետի համար պատասխանատու ենք յուրաքանչյո´ւրս: Մեր անտարբերության, չիմացության ու վախերի պատճառով մենք ամեն օր կորցնում ենք այն, ինչ պետք է ապահովի մեր ու մեր սերունդների անվտանգ և առողջ ապագան հայրենի երկրում: Հայաստանում, թե դրա սահմաններից դուրս՝ մեզնից յուրաքանչյուրը` զբաղված իր գործով, մոռանում է, որ մի օր կարող է արթնանալ և տեսնել, որ իր տունը վերածվել է ապրելու համար վտանգավոր, անապատացած հողակտորի…»:
Համահայկական բնապահպանական ճակատ