«Չեմ բացառում, որ ինչ-որ ուժերի կամ կառույցի կողմից կազմակերպված բան էր: Բայց մեծ տարբերություն չեմ զգում: Ի վերջո ցանկացած կառույց ու ուժ իր տեսակետն արտահայտելու իրավունք ունի»,-Aravot.am-ի հարցին՝ համամի՞տ է, արդյոք, այն տեսակետին, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցին ընդառաջ ՀՅԴ երիտասարդների կազմակերպած բողոքի ակցիայում իրադրության մանիպուլացման տարրեր կան, այսպես պատասխանեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Հարցին` արդյոք նպատակահարմա՞ր էր Դավութօղլուին բողոքի ակցիաներով դիմավորելը, պարոն Նավասարդյանն այսպես արձագանքեց. «Եթե դա կապված է Դավութօղլուի այցի ծրագրի հետ, այնպիսին, ինչպիսին որ այն կար, ապա դա անիմաստ եմ համարում, քանի որ սա միջազգային միջոցառում էր, Սեւծովյան տնտեսական հանձնաժողովի խորհրդի Արտաքին գործերի նախարարության նիստը, այն այցելություն չէր Հայաստան, որպեսզի ծրագիրը համաձայնեցվեր ու համապատասխանեցվեր իշխանության և հասարակության սպասելիքներին: Ուստի ակնկալել, որ այդ այցը ինչ-որ ավել բան կնշանակեր, քան ուղղակի մասնակցություն այդ միջոցառմանը, հիմնազուրկ էր»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ