Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի հետ հարաբերվելու ճանապարհներ դեռ կան

Դեկտեմբեր 13,2013 14:41

«Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, երբեք տեղի չի ունեցել Եվրոպայում, ոչ ոք Եվրոպայում երբեք դուրս չի եկել փողոց, չի պայքարել Եվրոպայի համար: Դա դարձավ մեծ շարժում՝ հանուն Եվրոպայի»,-այսպես բացատրեց եվրոպական բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությունը ուկրաինական ընդդիմությանը Վարշավայից ժամանած «Ունիա եւ Պոլսկա» հիմնադրամի նախագահ Քշիշտոֆ Բոբինսկին՝ այսօր Եվրոպական ինտեգրմանը նվիրված միջազգային համաժողովի ժամանակ:

Իսկ  ինչ վերաբերում է Հայաստանում քաղաքացիական հասարակությանը՝ պարոն Բոբինսկին վստահ չէ, որ այդպիսին Հայաստանում զարգացած է:

Նրա ասածին նախորդել էր Հայաստանում ոչ ֆորմալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանի ելույթը, որում նա անդրադարձել էր մինչեւ սեպտեմբերի 3-ը Հայաստանի քաղհասարակություն- Եվրոպա հարաբերություններին:

Տիկին Հովհաննիսյանը մասնավորապես նշեց այն դժգոհությունները, որոնք իրենք ունեին եվրոչինովնիկներից, որոնք որեւէ ձեւով չէին արձագանքում Հայաստանում կատարվող շարժումներին՝ սկսած բնապահպանական խնդիրներից, կեղծված ընտրությունները լեգիտիմացնելուց, վերջացրած օլիգարխների մուտքը դեպի Եվրոպա արգելելու պահանջներից:

Այդուհանդերձ, Զ. Հովհաննիսյանը շեշտեց, որ սեպտեմբերի 3-ը հասարակությունը որպես «սարսափ» ընկալեց, քանի որ մեկ բան է՝ դժգոհել Եվրոպայից, թե ինչո՞ւ ես երկակի չափանիշներով առաջնորդվում, այլ բան է հասկանալ, որ մտնում ես մի միության մեջ, որտեղ տիրում է մարդու իրավունքների լիակատար բացակայություն, եւ ամենավտանգավորը՝ լուրջ հարցականի տակ է դրվում Հայաստանի ինքնիշխանության գոյությունը:

Զարուհի Հովհաննիսյանը ներկայացրեց նաեւ իր պատկերացումները, թե ինչպես պետք է շարունակել ԵՄ-ՀՀ հարաբերությունները՝ սեպտեմբերի 3-ից հետո: Ըստ նրա՝ կան քայլեր, որոնք կարելի է շարունակել այս իրողությունների ներքո: Մասնավորապես, եվրոպական երկրները կարող են սահմանափակել կոռումպացված օլիգարխների եւ չինովնիկների մուտքը Եվրոպա, սառեցնել նրանց հաշիվները: Բացի այդ՝ հարկավոր է լուրջ ուշադրություն հատկացնել կրթամշակութային ծրագրերին եւ տեղեկատվական ծրագրերին, որպեսզի եվրոպական կրթությունը ավելի մատչելի դառնա, եւ եվրոպական իրական արժեքներ հաստատվեն եվրոպական կրթության եւ մշակույթի միջոցով:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031