Հիմա երբ շրջվում եմ ու նայում անցնող եւ ուշ աշնան երամի պես անդարձ հեռացող օրերիս ապրած, չեմ կարողանում հաստատեմ ինձ համար, թե ո՞ր մեծ ուսուցչի աշակերտը եղա եւ ում ուսուցիչը եղա ես, ի՞նչ սովորեցի ես եւ ի՞նչ սովորեցրի: Երբ ինձ էլ էր հետաքրքիր, թե բացի սովորելուց՝ ի՞նչ կարող եմ սովորեցնել, շրջվում եմ ու տեսնում թելի նման բարակ մի արահետ ընդամենը, որը մեզ հայտնի անհայտից սկսվելով՝ հեռանում է մեկ այլ անհայտություն, ուր հրաժեշտ ես տալիս թվացյալ կատարելությանը՝ շնչառությունդ պահելով ավելի մեծ կատարելության համար, որտեղ անվերջ հետապնդող անորոշությունը, անկատարությունը քո կյանքի անհրաժեշտ մասն է կազմում, երբ դու, արեւի լույսից ու ջրից հետո, քո դիմաց տեսնում ես մարդուն, որի մանկության ամենահին հիշողությունը, ինչպես քո հիշողությունը, երդիկից ընկած արեւի ճառագայթը բռնելու հուսահատ ցանկությունն է եղել…
Տեսնում ես մարդուն եւ չես ուզում վիճել, կռվել նրա հետ, որովհետեւ կռվի մեջ հանկարծ կճանաչես նրան, եւ ցանկանում ես կյանքդ ապրել դիմացինիդ չճանաչելով, քանի որ շատ իմացողը դուրս է մտերմությունից, ընկերությունից եւ չի սիրում մարդուն, այսինքն նաեւ՝ քեզ ու ինքն իրեն: Ու թերեւս այդտեղ է գաղտնիքը, որ մարդը բարեկիրթ խոսքի, շարժուձեւի միջոցով ամեն ինչ անում է, որ թաքցնի իրեն, իր ներաշխարհը մնա չճանաչված, որը զարմանալիորեն անհասկանալի ինքնապաշտպանության ձեւ է, թերեւս բնազդ:
Այնինչ, մեր կյանքի օրերը, ինչպես աշնանային տերեւաթափ, հեռանում են մեզնից, անէանում այնտեղ, որտեղից եկել են՝ մեզ իրար դիմաց թողնելով աշնանային անտառի ազնիվ մերկությամբ: Երբ ծառը հստակ տեսնում է ծառին, երբ գետի ջրերը զուլալվում, ներանձնանում են՝ ոչինչ չթաքցնելով երկնքից ու ձկներից: Եվ հիմա մտածում եմ, թե գուցե իմ մեծ ուսուցիչը եղել է արեւի ճառագայթը, որը այդպես էլ չկարողացա բռնել, ջուրը, որին այդպես էլ չճանաչեցի, այսինքն թե՝ չեղա նաեւ ոչ ոքի ուսուցիչը…
Ու շարունակ պահելով շունչս մեկ այլ վերերկրային կատարելության համար՝ չհասա իմ Ուսուցիչ-ծառի պարզ կատարելությանը եւ չկարողացա բացահայտել ինձ ուրիշների համար՝ մնալով փակ ու չհասկացված, ու չհամարձակվեցի բացահայտել նաեւ ուրիշներին ինձ համար՝ վախենալով նրանց մեջ պատահաբար ինձ հանդիպել…
Կարդացեք նաև
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Այս անգամ ևս, ինչպես բոլոր նախորդ դեպքերում, Դուք փայլում եք Ձեր բացառիկ մտքերով, ինչն, անտարակույս, վկայությունն է Ձեր չափազանց ինքնատիպ մտածողության և տաղանդի: Թերևս միայն մեկ բանում չեմ համամիտ Ձեզ հետ, վերջին պարբերության այն մտքի հետ, որ ,,չհասա իմ
իմ Ուսուցիչ-ծառի պարզ կատարելությանը եւ չկարողացա բացահայտել ինձ ուրիշների համար՝ մնալով փակ ու չհասկացված,,: Արդյո?ք: Ես կասեի ավելին.Դուք հասաք և անցաք ու Ձեր Նահապետ պապի եզակի խորհուրդներով ավելի պարարտացրիք Ուսուցիչ-ծառի հողը, որը սնում ու սնելու բազմաթիվ մատղաշ ծառերի: Դուք անչափ Հետաքրքիր ու Չբացահաըտված Ուսուցիչ-ծառ եք: