Լրահոս
Օրվա լրահոսը

Սառը հանդիպում, մեծ դժվարությամբ արված հայ-թուրքական ձեռքսեղմում

Դեկտեմբեր 13,2013 14:24

Ահմեդ Դավութօղլուին Երեւանում ընդունեցին ոչ այնքան գրկաբաց

Երեւանում Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Երեւան ժամանեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Սակայն նա «Արմենիա Մարիոթ» ժամանեց հյուրանոցի ետնամուտքից։ Վաղ առավոտից ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության անդամները եւ այլ կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչներ բողոքի ցույց անցկացրեցին՝ նպատակ ունենալով դիմավորել Թուրքիայի ԱԳ նախարարին: Նրանք, մասնավորապես, պահանջում էին Ցեղասպանության ճանաչում ու հատուցում, հայրենասիրական երգեր էին երգում։

Դավութօղլուն առաջին թուրք պաշտոնյան է, ով 2009-ին նախաստորագրված Հայաստան-Թուրքիա արձանագրությունների տապալումից ի վեր ժամանեց Հայաստան։ ՍԾՏՀ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին 2009թ. Երեւան էր ժամանել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը: Իսկ երեկ Ահմեդ Դավութօղլուի առաջինն այցն էր Հայաստան:

Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանի ընթացքում ամփոփվեցին կազմակերպությունում Հայաստանի վեցամսյա նախագահության արդյունքները: Նախարարական հանդիպմանը ՍԾՏՀ-ում նախագահությունը Հայաստանից փոխանցվեց Բուլղարիային:
Երեկվա հիմնական ինտրիգը, սակայն, Թուրքիայի ԱԳ նախարարի այցն էր: Հանուն ճշմարտության պետք է ամրագրել, որ թուրքական կողմը ամեն ինչ արել էր, որպեսզի Թուրքիայի ԱԳ նախարարի այցի շուրջ ըստ արժանվույն աշխուժություն ապահովվի, նրա այցը «թուհուբոհի» տպավորություն թողնի, ինչը չի կարելի ասել Հայաստանի ԱԳՆ-ի պարագայում: Հայկական կողմն էլ, կարծես, փորձում էր այնպես վարվել, որ Դավութօղլուի այցն առանձնապես չկարեւորվի, սակայն առավոտվանից ԶԼՄ-ների ուշադրությունը ոչ թե սեւեռված էր ՍԾՏՀ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքին ու արդյունքներին, այլ կուլիսներում հենց Դավութօղլուին, որին միջանցքներում մի քանի ժամ սպասում էին լրագրողները՝ հույս ունենալով, որ նա որեւէ հայտարարությամբ հանդես կգա:
Դեռ մինչեւ Երեւան ժամանելը մի քանի օր շարունակ թուրքական ԶԼՄ-ները գրում էին Դավութօղլուի՝ ՀՀ իշխանությունների հետ հնարավոր հանդիպման մասին: Պարզվեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Երեւան էին ժամանել երեք տասնյակից ավելի թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնք երեկ ողջ օրը ակտիվ աշխատում էին, նկարահանում էին «Արմենիա Մարիոթի» առջեւ երիտասարդների ակցիան: Թուրքիայի ԱԳ նախարարին ուղեկցում էին բավական մեծ թիկնազոր եւ Թուրքիայի ԱԳՆ-ի աշխատակիցներ:

Հիշեցնենք, որ այցի նախօրեին Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը Twitter-ի միջոցով հայտնեց, որ Սերժ Սարգսյանի հանդիպում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ երեւանյան այցի ընթացքում պլանավորված չէ եւ տեղի չի ունենալու։ Դավութօղլուն ավելի վաղ չէր բացառել երկկողմ հանդիպումների հնարավորությունը։ Թուրքական պարբերականները դեռ օրեր առաջ նշում էին, թե հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռ դեկտեմբերի 5-6-ին Կիեւում` ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ընթացքում: Երեկ դեռ ՍԾՏՀ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստի մեկնարկին հստակ չէր, թե արդյոք Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպե՞ն, թե՞ ոչ:

Ուշագրավ էր Նալբանդյան-Դավութօղլու հանդիպման պահը՝ ՍԾՏՀ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում: Նիստի ավարտին՝ ԶԼՄ-ների ներկայությամբ Ահմեդ Դավութօղլուն մոտեցավ Էդվարդ Նալբանդյանին եւ առաջինը ձեռքը մեկնեց, ՀՀ ԱԳ նախարարի ձեռքը մի քանի վայրկյան օդում էր, եւ կարելի է ասել, փոքր-ինչ դժվարությամբ, բայց նրանց միջեւ, այնուամենայնիվ, ձեռքսեղմում տեղի ունեցավ, որից հետո Թուրքիայի ԱԳ նախարարը հեռացավ:

ՍԾՏՀ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտին կայացած մամլո ասուլիսում, որին Դավութօղլուն չէր մասնակցում, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ հանդիպումներ են նախատեսված նախարարների խորհրդի պատվիրակությունների ղեկավարների հետ, այդ թվում եւ Թուրքիայի ԱԳ նախարարի. «Ինչի մասին ենք խոսելու հանդիպման ժամանակ` կհայտնենք հանդիպումից հետո»: Ապա ՀՀ արտգործնախարար Նալբանդյանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, թուրքական կողմի փորձերը՝ կապակցել այդ գործընթացը այլ հարցերի հետ կամ առաջ քաշել նախապայմաններ, ապարդյուն են եւ անիմաստ:

Ավելի ուշ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ի վերջո հանդիպեցին, նրանց հանդիպումը տեւեց ավելի քան մեկ ժամ, սակայն հանդիպման ավարտին նրանք որեւէ մեկնաբանությամբ հանդես չեկան։ Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Դավութօղլուն ասուլիս է հրավիրել միայն թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար, իսկ ասուլիսին հայ լրագրողներին մասնակցելու հնարավորություն չընձեռվեց: Հիմա կարելի է վստահաբար կանխատեսել, որ թուրքական ԶԼՄ-ները մի քանի օր կգրեն Դավութօղլուի հայաստանյան այցի մասին ավելի մանրամասն՝ թուրք նախարարի հայտարարությունների ու մեկնաբանությունների վրա հիմնվելով:

Իսկ Հայաստանի ԱԳՆ-ն ուշ երեկոյան մամլո հաղորդագրություն տարածեց՝ ՍԾՏՀԿ նախարարների խորհրդին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումների մասին, որում ընդամենը նշված էր հետեւյալը. «Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ»։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031