Բրազիլիայում անցկացված «Գիմնազիադա 2013» աշխարհի առաջնությանը Հայաստանի դպրոցականների հավաքականը «Զվարթնոց» օդանավակայանում տոմսերի հետ կապված խնդիրների պատճառով ուշացումով է հասել մրցավայր: Սակայն դա չի ազդել մեր դպրոցական մարզիկների մրցելույթների վրա:
Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում Aravot.am-ի հարցին պատվիրակության ղեկավար Արման Այվազյանը պատասխանեց. «Այո: «Զվարթնոց» օդանավակայանում տոմսերի հետ կապված խնդիր եղավ: Ես անմիջապես վերադարձա Երեւան եւ դիմեցի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Եվ նրա օպերատիվ արձագանքից հետո միայն մենք չվեցինք մի քանի ժամ հետո: Պատվիրակությունը տեղ պետք է հասներ նոյեմբերի 27-ի երեկոյան 21:30-ին, սակայն Բրազիլիա ժամանեցինք հաջորդ օրվա առավոտյան 10:00-ին` մեկնարկից մեկ օր առաջ: Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ 6-7 ժամվա տարբերություն է: Բայց մեր մարզիկները շատ արագ հարմարվեցին եւ ժամանակային ու կլիմայական փոփոխությունները նրանց վրա գրեթե չազդեցին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ