Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապելով ԵՄ շուկա՝ հայտնվեցինք Մաքսային միությունում

Դեկտեմբեր 13,2013 14:19

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ԵՄ-ից այլ սպասելիքներ ուներ

– Պարոն Հակոբյան, թե՛ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման, թե՛ Մաքսային միությանը մեր երկրի անդամակցության հարցում Ձեր մոտեցումները կարծես էականորեն եւ մեծամասամբ տարբերվում էին ընդհանուր դիրքորոշումներից, այդ թվում նաեւ «Ժառանգություն» կուսակցության տեսակետից: Մի փոքր կմանրամասնե՞ք տարբերությունների պատճառը:

– Ճիշտ եք նկատել, իսկապես մոտեցումների մեջ կա որոշակի տարբերություն: Դեռեւս մինչեւ սեպտեմբերի երեքը՝ Մաքսային միությանը միանալու մասին պարոն Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե խորհրդարանական ամբիոնից եւ թե տարբեր առիթներով բազմիցս նշել եմ, որ, նկատի ունենալով Հայաստանի ներկա վիճակը, հատկապես պայմանավորված Արցախի հիմնախնդիրներով, որպեսզի անհրաժեշտության դեպքում ապահովվի ճկուն գործելու որոշակի հնարավորություն, ճիշտ կլինի խուսափել որեւէ ալյանսին մաս կազմելուց եւ առավել զարգացնել երկկողմ փոխշահավետ համագործակցությունը՝ թե՛ ՄՄ-ի երկրների, թե՛ Արեւմուտքի եւ թե՛ տարածաշրջանային պետությունների հետ: Այսօր այդ նույն Եվրոպայում կան մի շարք երկրներ, որոնք տարբեր մաքսային ռեժիմներով են իրականացնում իրենց ֆինանսատնտեսական գործառույթները տարբեր պետությունների հետ: Բայց ստեղծվել էր մի իրավիճակ, որ ԵՄ-ն չափազանց շահագրգռված էր, որ Հայաստանը Ասոցացման համաձայնագիրը ստորագրելով ինտեգրվի ԵՄ շուկա, իսկ ՌԴ-ին, կարծում եմ, այս պահին ձեռնտու չէր Հայաստանին իր հիմնախնդիրներով «հրավիրել» ՄՄ, որոնք լուրջ հակասություններ կարող էին ստեղծել ՄՄ-ի մյուս երկրների՝ Բելառուսի եւ, մասնավորապես, Ղազախստանի հետ՝ նկատի ունենալով այդ երկրների բավականին սերտ ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ: Հասկանալի է, որ խոսքը վերաբերում է Արցախի հիմնախնդրին: Իսկ Ղազախստանը եւ Բելառուսը երբեք չեն թաքցրել, որ իրենց ցանկացած որոշում չպետք է հակասի կամ, կենցաղային լեզվով ասած, նեղացնի Ադրբեջանին:

– Ի՞նչ վերապահումներ ունեիք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մասով:

– Նախ միանգամից նշեմ, որ, անշուշտ, եվրոպական հինգ հարյուր միլիոնանոց շուկան շատ ավելի նախընտրելի է Հայաստանի համար, քան այն, ինչ կարող ենք ունենալ Մաքսային միությունում: Դա ոչ միայն շուկայի քանակական կողմին է վերաբերում, այլ նաեւ եվրաշուկայի ընդհանուր ստանդարտներին, մակարդակին եւ այլն: Բայց մյուս կողմից՝ ես չգիտեմ նախադեպ, որ որեւէ պետություն իր ամբողջ պաշտպանական համակարգով գտնվի մեկ պետության ազդեցության ոլորտում, բայց տնտեսապես ինտեգրվի մեկ այլ՝ այդ նույն պետության հետ տվյալ տարածաշրջանի համար բացահայտ մրցակցության մեջ գտնվող տերության ազդեցության դաշտ:

Անշուշտ, Ասոցացման համաձայնագրում առկա էր տնտեսական բաղադրիչը, բայց քաղաքական բաղադրիչը շատ ավելի ընդգծված էր, այն պարզ պատճառով, որ ԵՄ-ն փորձում է թուլացնել ՌԴ-ի ազդեցությունը մեր տարածաշրջանում: Եվ շատ բնական էր, որ տնտեսական ինտեգրումը պետք է վերաճեր քաղաքական ինտեգրման, եւ սա միտված էր վաղ թե ուշ, նաեւ Հայաստանի միջոցով, չեզոքացնել ՌԴ-ի քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում: Եվ Ռուսաստանը դա շատ լավ հասկանում էր:

Պետք է նշել նաեւ, որ ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման բանակցությունների երեքուկես տարվա ընթացքում Եվրոպայի կողմից մեր առաջնահերթություններին վերաբերող որեւէ համոզիչ գործնական քայլ չկատարվեց:

– Ի՞նչ քայլեր էիք ակնկալում Եվրոպայից:

– ԵՄ պետությունների մեծ մասը ճանաչել է Կոսովոյի անկախությունը, որը, որպես կայացած վարչատարածքային անկախ միավոր, իրենց իսկ գնահատմամբ՝ շատ բաղադրիչներով զիջում է Արցախին: Իսկ Արցախի անվտանգության ապահովման հիմնական երաշխիքը ոչ այնքան սմերչներն ու չինական տարատեսակ զինամթերքներն են, այլ Արցախի քաղաքական անկախության ճանաչումը պետությունների կողմից: Կարծում եմ՝ ակնհայտ է մոտեցման երկակի ստանդարտը՝ նրանց շահերից չի բխում Արցախի ճանաչումը, եւ որեւէ փաստարկ չի կարող համոզիչ լինել իրենց իսկ կողմից հայտարարված եվրոպական արժեքային համակարգին հավատարիմ լինելու դեպքում: Կամ՝ ԵՄ-ի կողմից որեւէ լուրջ քայլ չձեռնարկվեց հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ, որը պետք է սահման հանդիսանար Հայաստանի՝ եվրատարածքի հետ հարաբերվելու համար, եւ էլի մեր պետության համար կենսական այլ առաջնահերթություններ: ԵՄ դեսպանի հետ հանդիպման ժամանակ էլ նա չթաքցրեց եւ ուղղակիորեն ճակատային իմ հարցին` Արցախը որտե՞ղ է գտնվելու այս համագործակցության դեպքում, պատասխանեց` սա տնտեսական համագործակցություն է միայն Հայաստանի հետ ու վերջ:

Բայց մերոնք գայթակղվեցին եւ շտապեցին եվրաշուկա: Գուցե ունեին իրենց համար համոզիչ փաստարկներ, բայց իմանալով` ի՞նչ տարածաշրջանում ենք ապրում, ո՞ւմ հետ գործ ունենք, պատժի ի՞նչ ավանդույթներ կան՝ մենք պետք է շատ ավելի հաշվենկատ գործեինք եւ հաշվի առնեինք մեր իրական հնարավորությունները: Ինձ համար ակնհայտ էր, որ գայթակղվելով եվրաշուկայով՝ մենք ուղղակիորեն վտանգում ենք Արցախը: Ինչպե՞ս պետք է մենք հայ-թուրքական սահմանը պաշտպանող զինվորին համոզեինք` սիրելի ռուս զինվոր, դու պաշտպանիր մեր սահմանը, բայց մենք պետք է կամաց-կամաց չեզոքացնենք կամ թուլացնենք ձեր ազդեցությունն այս տարածաշրջանում: Լավ օրից չէ, որ ռուս սահմանապահն է կանգնած մեր սահմանին, բայց որեւէ լուրջ քայլ անելիս նախ քո կաշկանդվածությունները պետք է վերացնես, առկա իրողությունների հետ պետք է հաշվի նստես: Իսկ դա ոչ միայն քաղաքական, այլ նաեւ բարոյական հարց է: Ու, բնականաբար, եղավ այն, ինչ եղավ: Ռուսաստանը իր շահերի տեսանկյունից կատարեց ռազմավարական նշանակության քաղաքական լուրջ քայլ՝ մեզ «հրավիրելով» Մաքսային միություն՝ կանխեց մեր ինտեգրումը ԵՄ-ի տնտեսական դաշտ: Այլ խոսքով՝ մենք գայթակղվելով եւ շտապելով եվրաշուկա՝ հայտնվեցինք Մաքսային միությունում:

– Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՄՄ-ին եւ Հայաստանին` ՄՄ-ում:

– Կարծում եմ՝ մեր իսկ կողմից վարած ոչ հաշվենկատ քաղաքականության արդյունքում մենք կանգնեցինք առանց այլընտրանքի ընտրության առջեւ: Մենք ակամայից դարձանք երկու հակադիր կողմերի համար մրցագորգ, նրանց հրավիրեցինք մեր տարածք՝ իրենց քաղաքական եւ տնտեսական հաշիվները մաքրելու: Այս կեցվածքը հարվածեց նաեւ մեր պետության քաղաքական հեղինակությանը:

Ի դեպ, վերջերս կարծեմ Էստոնիայի արտգործնախարարը հայտարարեց, որ Եվրոպան ստանդարտներից վերջապես պետք է դուրս գա եւ յուրաքանչյուր պետության հետ բանակցելիս՝ հաշվի առնի նրա առանձնահատկությունները: Խելացի առաջարկություն է, եւ Եվրոպան վաղուց պետք է որդեգրեր այս մոտեցումը: Նույն ստանդարտով չի կարելի բոլորին մոտենալ: Ու Եվրոպայի ներկայիս մեղմ մոտեցումը մեր նկատմամբ, կարծում եմ, պայմանավորված է հենց դրանով. հասկացել են, որ իրենց ստանդարտ եւ կոշտ մոտեցումներով կարող են վտանգել պետությունների ու ժողովուրդների ճակատագրեր:

Ինչ վերաբերում է ՄՄ-ին, ես չեմ կարծում, որ այսօր որեւէ քաղաքական գործիչ կարող է վստահ ասել, թե ի՞նչ ձեւաչափով կարող է ձեւավորվել ՄՄ-ը: Մինսկում նախագահների հանդիպման ժամանակ Ղազախստանը պահը բաց չթողեց եւ իր ռազմավարական դաշնակցին` Թուրքիային հրավիրեց ՄՄ, ինչը ես դիտում եմ իբրեւ ավելի շատ կոնտրքայլ ՌԴ-ին՝ Հայաստանին ՄՄ երաշխավորելու համար: Կարծում եմ՝ կլինեն նաեւ նոր անակնկալներ: Բավականին լուրջ խաղեր են տեղի ունենում տարածաշրջանում ու ոչ հաշվենկատ պահվածքի դեպքում փոքր պետությունները իսկապես կարող են տուժել:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031