Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գործատուները աշխատակիցների փոխարեն կվճարեն Կենսաթոշակային կուտակային նոր համակարգի «պարտադիր»-ի հատվածը

Դեկտեմբեր 13,2013 14:17

Մեր երկրի քաղաքացիների շրջանում դժգոհության ալիք բարձրացրած կենսաթոշակային բարեփոխումները, մասնավորապես՝ Կենսաթոշակային կուտակային նոր համակարգի՝ «պարտադիր» կուտակայինի շուրջ առաջացած հանրության մտահոգությունը փարատելու համար մի շարք գործատուներ որոշել են թեթեւացնել իրենց աշխատակիցների բեռը: Ավելորդ խնդիրներից խուսափելու, աշխատակիցների դժգոհություններին չարժանանալու եւ աշխատանքի բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով որոշ գործատուներ ձեռնարկել են այնպիսի միջոցառումներ, որոնք ընկերություններին թույլ կտան իրենց վրա վերցնել Կենսաթոշակային կուտակային նոր համակարգի «պարտադիր»-ի հատվածը: Այս մասին օրերս հայտարարեցին մի քանի ընկերություններ:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, իբրեւ բիզնես-կառույց, հոգ է տանում իր աշխատակիցների մասին: 5%-ը փոխհատուցելու որոշումը բխում է վերը նշվածից»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում մեր հարցերին ի պատասխան՝ ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության համակարգող Վահե Իսահակյանը:

Բջջային կապի օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն այն գործատուներից մեկն է, որը միացել է այն ընկերություններին, որոնք սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակներում ընդառաջ կգնան ե՛ւ պետության նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումներին, ե՛ւ կլուծեն աշխատակիցների համար հոգս դարձած խնդիրը:

Ըստ Վահե Իսահակյանի. «Այդ որոշումը ներքին որոշում է, իսկ նպատակը մեր աշխատակիցների բարօրության ապահովումն է: Իբրեւ շուկայում գործող ընկերություն՝ ընկերությունը որոշել է որոշումների կայացման գործընթացի մասնակիցը դառնալ՝ կիրառելով թափանցիկ միջոց, այն է՝ նամակով դիմել քաղաքականություն մշակողներին՝ ի դեմս երկրի վարչապետի: Այդ նամակում մենք արտահայտել ենք հասարակության մաս կազմող մեր աշխատակիցների մտահոգությունները: Մենք առաջարկել ենք, որպեսզի համակարգի ներդրումը լինի կամավոր, այլ ոչ թե պարտադիր: Մեր կողմից ուղարկված նամակի պատասխանը ուշացել էր, եւ որոշում կայացվեց համապատասխանաբար փոխհատուցել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների եկամուտների տարբերությունը: Օրեր անց մենք ստացանք վարչապետին ուղղված մեր նամակի պատասխանը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

Ընկերությունը փորձել է վերը նշված խնդրին լուծում գտնել՝ իր մտահոգությունները հասցեագրելով համապատասխան պաշտոնատար անձանց: Քանի որ մեր նամակը չծառայեց իր նպատակին, մենք որոշեցինք ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտային վերացնել աշխատակիցների շրջանում տեղ գտած մտահոգությունները՝ թույլ տալով, որ նրանք կենտրոնանան իրենց աշխատանքի վրա»:

Ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ այդ նախաձեռնությանը միացել են նաեւ «Ավշարի գինու-կոնյակի գործարանը», «ՄԱՊ» եւ «Արտֆուդ» ընկերությունները, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Յունիբանկ»-ը:
«Առավոտի» հարցին ի պատասխան՝ «Յունիբանկ»-ի պատասխանատուները հայտնեցին, որ ճիշտ է, նման մտադրություն ունեն, սակայն բանկի ղեկավարության կողմից դեռեւս այդ որոշումը պաշտոնական տեսք չի ստացել, այդ պատճառով էլ բանկի ներկայացուցիչը զերծ մնաց այդ թեմայով որեւէ մեկնաբանություններ անելուց:

Նշենք, որ վերը թվարկված ընկերությունների սեփականատերերից ոմանք հայտարարել են, որ իրավիճակից ելքը տեսնում են աշխատավարձերը բարձրացնելու մեջ: Որոշ գործատուներ էլ նշել էին, որ իրենց վրա են վերցնելու Կենսաթոշակային կուտակայինի պարտադիր վճարը. «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր աշխատակիցները ֆինանսական խնդիրներ չունենան»,- լրատվամիջոցների հետ զրույցում նկատել էին գործարարները:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031