Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Մենք չէինք կարող մասնակցել որեւէ հակառուսական պրոյեկտի»

Դեկտեմբեր 13,2013 14:11

Այսօր, «Եվրոպական ինտեգրացիա- 2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները Արեւելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովից հետո» միջազգային համաժողովի շրջանակներում կայացած քննարկումների ժամանակ խոսք գնաց այն մասին, որ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը պատրաստվելու ընթացքում, ինչ-որ պահից սկսված, դեպի ԵՄ ինտեգրվող Հայաստանը ներքաշվում էր հակառուսական ծրագրերի մեջ, ինչը «անթույլատրելի է մեր երկրի համար»:

Համաժողովի մասնակից ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը նախ նկատեց, որ Հայաստանի առջեւ կանգնած են մի քանի լրջագույն խնդիրներ, որոնք, անկախ նրանից, թե ինչ ուժեր կլինեն իշխանության ղեկին, միշտ լինելու են օրակարգում: Առաջինն անշուշտ անվտանգության հարցն է, ապա՝ էներգետիկ ռեսուրսների եւ դրանց կայուն մատակարարման անհրաժեշտությունը, ենթակառուցվածքները, հատկապես՝ հաղորդակցության խնդիրը, տնտեսական շուկաներում Հայաստանի համար մատչելի եւ ակտիվ մրցակցության ապահովումը…

Ըստ Ա. Զաքարյանի՝ որեւէ պետություն, որեւէ քաղաքական օրակարգ ձեւավորելուց առաջ պետք է հաշվի առնի իր առջեւ՝ իր աշխարհաքաղաքական դիրքի արդյունքում կանգնած մարտահրավերները, եւ Հայաստանի առջեւ ծառացած այս խնդիրների պարագայում մեր երկրի իշխանությունների ընտրությունը՝ միանալ Մաքսային միությանը՝ Եվրասիական միության ձեւավորման հեռանկարով, այլընտրանք չունի, եւ մեր քաղաքացիները, քաղաքական ուժերն ու դրսի գործընկերները քիչ-քիչ համոզվում են մեր ընտրության այլընտրանք չունենալու մեջ:
Պարոն Զաքարյանն ասաց, որ Հայաստանը չէր կարող հայտնվել հակառուսական տրամադրությունների դաշտում: Ավելի ուշ, երբ նրանից համաժողովի մասնակիցները խնդրեցին բացատրել, թե ինչ նկատի ունի, ի՞նչ հակառուսական հայտարարությունների մասին է խոսքը, պարոն Զաքարյանը նշեց. «Գաղտնիք չէ, որ Եվրամիությունում կան հակառուսական տրամադրություններով երկրներ: Ես ոչ Եվրամիության եւ ոչ էլ Ռուսաստանի պաշտպանը չեմ, ինձ համար կարեւորը Հայաստանի քաղաքացու շահերն են: Հայաստանը թույլ եւ քիչ ռեսուրսներ ունեցող երկիր է, այդ իսկ պատճառով մեր դիվանագիտությունը պետք է ավելի ճկուն լինի: Մեր շահերից ամենեւին չի բխում, որ մենք հայտնվենք մի պետության դերում, որը հանուն Եվրոպայի պայքարում է Ռուսաստանի դեմ: Մենք չենք ուզում մտնել մի պայքարի մեջ, որը մերը չէ»:: Ավելի կոնկրետացնելով, թե ինչ բանաձեւերի մասին է խոսքը, պարոն Զաքարյանը նշեց, որ, օրինակ, Եվրոնեսթի շրջանակներում մի քանի հայտարարություն է ընդունվել, որտեղ Ռուսաստանը որակվում էր որպես օկուպանտ եւ այլն: Նա նաեւ նշեց, որ Եվրանեսթում քննարկվել են որոշումներ, որոնք ամենեւին չէին բխում Հայաստանի շահերից, եւ միայն «վետոյի» իրավունքից օգտվելով ենք մենք կարողացել խուսափել դրանից: Բացի այդ՝ պարոն Զաքարյանը նկատեց, որ հաճախ Հայաստանը ՎՈՒԱՄ-ի դեմ պայքարելու խնդիրներ էլ է ունցել, իսկ ՎՈՒԱՄ-ի կազմում նույնպես Արեւելյան գործընկերության անդամ երկրներ են:

Իր հերթին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը նկատեց, որ Ուկրաինան Արեւելյան գործընկերության երկրների շրջանակներում իրապես պայքար էր տանում Ռուսաստանի դեմ, եւ Հայաստանը ակամա ներքաշվում էր հակառուսական պայքարի մեջ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031