Գյուղմթերքների արտահանման քանակը այս տարի գրեթե կրկնակի անգամ գերազանցել է անցյալ տարվա տվյալները: Այս մասին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ «Ելակետ» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ: Այս տարի արտահանումը կազմել է 60.100 տ, անցյալ տարի` 35.500 տ:
Արտահանումը հիմնականում կատարվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Թուրքմենիա, Իրաք: Ռ. Մակարյանն այս տարվա լուրջ ձեռքբերումներից է համարում նաև «Պահածոյագործների և հյութ արտադրողների միության» ստեղծումը: Պարոն Մակարյանը դրական գնահատեց նաև արդեն 3 տարի կազմակերպվող գյուղմթերքների տոնավաճառները և հայտնեց, որ այնտեղ վերավաճառողների մուտքը արգելվում է և այդ երևույթը խիստ վերահսկողության տակ է գտնվում: Նա հավելեց նաեւ, որ դեկտեմբերի 21-ից մինչև տարեվերջ կգործեն ամենօրյա տոնավաճառներ «Կենտրոն» և «Արաբկիր» համայնքներում: Նա ավելացրեց այն փաստը, որ «Բորոդինո» ընկերությունը 25 միլիոն դրամ է պարտք գյուղացիներին և բանակցություններից հետո պարզ է դարձել, որ այդ պարտքը կմարվի մինչև դեկտեմբերի 31-ը:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը նշեց, որ 2014 թվականին կշարունակվի արդեն սկսած սպանդանոցների կառուցման ծրագիրը և 2014-ին պլանավորվում է կառուցել 5 նոր սպանդանոց 3 մարզերում` Կոտայք, Արագածոտնի, Վայոց ձոր, չի բացառվում նաև Լոռու մարզը: Նա հավելեց նաև, որ իրենք համագործակցում են ԱՄՆ-ի մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, որոնք իրականացնում են ծրագրեր գյուղատնտեսության ոլորտում:
Զառա ԱՍԿԱՐՅԱՆ