Հայաստանի դպրոցական մարզիկներն առաջին անգամ մասնակցելով 13-րդ անգամ անցկացված «Գիմնազիադա 2013» աշխարհի առաջնությանը` նվաճել են չորս մեդալ. 1 ոսկե (շախմատ, Մանուել Պետրոսյան), եւ երեք բրոնզե (ձյուդո, Սամվել Խաչատրյան եւ Գեւորգ Խիթարյան, լող, 50 մետր ազատ ոճ` Վահան Մխիթարյան):
Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Բրազիլիայում հայկական պատվիրակության ղեկավար ՀՀ ԿԳՆ մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը տեղեկացրեց, որ Հայաստանի դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան ստեղծվել է 2006 թվականին եւ միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ դարձել 2011-ին`լինելով մեր տարածաշրջանի միակ երկիրը: «Գիմնազիադային մասնակցությունը շատ կարեւոր էր նրանով, որ մեր դպրոցական մարզիկներն աշխարհում իրենց հասակակից մարզիկների հետ ուժերը չափելու, միջազգային մրցումների մասնակցության մրցափորձ ձեռք բերելու հիանալի հնարավորություն ստացան: Իսկ մեզանում այդ տարիքային խմբերի համար, ինչպես հայտնի է, դա լուրջ խնդիր է: «Գիմնազիադային» մասնակցում էր 39 երկիր: Հայաստանի հավաքականը, թեեւ ֆինանսական միջոցների սղության պատճառով մասնակցում էր ոչ բոլոր մարզաձեւերին եւ ոչ լիարժեք կազմերով, ընդհանուր թիմային պայքարում գրավեց 14-րդ տեղը, ինչը վատ ցուցանիշ չէ», – ասաց Արման Այվազյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ