Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իմպոտենտ վիճակներ են ի հայտ գալիս ստեղծագործական միություններում»

Դեկտեմբեր 13,2013 13:51

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը՝ մշակութային դաշտի «կնճիռների» մասին

Ճանաչված գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը կարծում է, որ արդեն շուրջ երկու տասնամյակ է՝ Հայաստանում ինտենսիվ աշխատանք է կատարվում՝ արժեզրկելու այն ամենը, ինչը ազգային է, մշակույթին եւ հոգեւորին է վերաբերվում: «Առավոտի» հետ զրույցում արվեստագետը փաստում է. «Ժամանակին վաճառեցին կինոյի տները, կինոթատրոնները, մշակույթի պալատները, անցան դպրոցների օպտիմալացմանը, հետո սկսեցին անհատ ստեղծագործողների վրա ինչ-ինչ բաներ գտնել, այսինքն՝ ժողովրդին զրկեցին մտավորականից օգտվելու եւ ազգային-մշակութային զարգացման հնարավորությունից: Եվ, բնականաբար, խզում տեղի ունեցավ: Ու երբ այսօր միտինգներ են լինում, ժողովուրդն էլ ասում է՝ ո՞ւր են մտավորականները, ճիշտ է ասում: Բայց դա ոչ այնքան մտավորականների մեղքն է, որքան քաղաքական պրոցեսներինը, որոնց արդյունքում երկիրը իմպոտենտ դարձնելու փորձ է արվում»:

Ինչ վերաբերում է հասարակական կազմակերպություններ դարձած ստեղծագործական միություններին, Նիկոլ Աղաբաբյանը նշում է. «Շատ լավ իմանալով մարդ տեսակի բնույթը, կանոնադրական այդ փոփոխությունը կատարվեց այն ժամանակ, ստեղծագործական միությունները ղեկավարում էին երկու անգամ նախագահած մարդիկ, մինչդեռ նախկին կանոնադրությամբ նրանք երրորդ անգամ նախագահ ընտրվելու իրավունք չունեին: Այդ ամենի համատեքստում ստեղծագործական միությունները արժեզրկվեցին: Այսօր կարեւորագույն խնդիր ունենք՝ բարձրացնել նշաձողը եւ բարոյահոգեւոր դաշտը, այսինքն՝ մտավորականը պիտի կշիռ ունենա, իսկ մտավորականը կշիռ կարող է ունենալ միայն միջավայրում: Միջավայրն էլ ստեղծագործական միություններն են, իրական էլիտան ոչ թե հաստավիզներն են, այլ հենց մտավորականությունը, որը ընդգրկված է ստեղծագործական միություններում:

Ստեղծագործական միությունների ակտիվ գործողությունների արդյունքում մտավորականությունը կարող է բռունցք դառնալ, իսկ այդ բռունցքը ակտիվ մասնակցություն ունենալ երկրաշինությանը: Երբ լավ բան է արվում, խրախուսի, եթե վատ բան է արվում, ձեռքը բռնի»: Արվեստագետը մտահոգված է. «Ստեղծագործական միությունների ղեկավարները մինչեւ հիմա հիմնականում իշխանությունների կողմից հովանավորվող մարդիկ են եղել, որոնք երեւի թե ներքին պայմանավորվածություն ունեն՝ իշխանություններին ոչ հաճո քայլ չանելու: Դժբախտաբար մենք անընդհատ փաստի առաջ ենք կանգնում. Հայաստանում ինչ ուզում, անում են իշխանավորները, վախենում են, որ մի երեք արվեստագետ ու մտավորական հավաքվեն, մինչդեռ միգուցե, ա՛յ իշխանավոր ու նախագահ, հենց քեզ են ուզում օգնել: Երկրի իշխանավորը երկրի մտավորականին երկրի ներսում պետք է թիկունք ունենա, եթե, իհարկե, ուզում է: Ինչքան ես եմ հասկանում, կարծես չեն էլ ուզում»:

Նիկոլ Աղաբաբյանը խոսելով մշակութային ոլորտում ավերումներից, հիշում է՝ տարիներ առաջ ինքն աշխատել է մշակույթի նախարարությունում: Այժմ, նրա ասելով, կերպարվեստի վարչության փոխարեն ժամանակակից արվեստների վարչությունն է գործում: «Փաստորեն, որտեղ մենք ուժեղ ենք, արժեզրկում է գնում, այսինքն՝ մենք իրականում այսօր դրսում կարող ենք ինչ-որ բան ներկայացնել մեզանից, օրինակ՝ կերպարվեստում, երաժշտական կատարողական արվեստների մեջ, մինչդեռ մեր իրականությունում առկա պրոցեսները լրիվ հակառակին են տանում»:
Պարզեցինք, որ մեր զրուցակիցը Հայաստանի նկարիչների միությանն անդամակցում է 90-ականների սկզբներից: Նկատում է, որ այդ անդամությունը, ըստ էության, ստեղծագործող նկարչին ոչինչ չի տալիս. «Ասում են, որ Նկարիչների միությունը պետք է սոցիալ- տնտեսական հարցերով զբաղվի, բայց չէ՞ որ գերխնդիրը բարոյական-հոգեւոր դաշտը պնդացնելն ու բռունցք դարձնելն է: Մտավորականությունը պիտի զսպաշապիկ լինի, ստեղծագործող մարդու արժեքը պետք է բարձրանա, որ սոցիալ-տնտեսականը կլուծվի»: Նիկոլ Աղաբաբյանի համոզմամբ, կարեւոր է, որ միության ղեկավարությունը կազմակերպչական ձիրք ունենա, տպավորիչ օրինակ է բերում. «Անցյալ տարի Նկարիչների միությունում բարեգործական ցուցահանդես ունեցա եւ 12 հազար դոլար կարողացա փոխանցել: Նույն վայրում նկարիչների խմբային ցուցահանդես կազմակերպվեց Գյումրիի Մերկուրովի դպրոցը վերանորոգելու համար: Այդ ցուցահանդեսին ընդամենը երկու-երեք նկար վաճառվեց, 1000-2000 դոլար հավաքվեց, մինչդեռ ճիշտ կազմակերպման շնորհիվ կարելի էր ավելի մեծ գումար ստանալ»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ որպես Նկարիչների միության նախագահի թեկնածու՝ իր անվան շրջանառվելուն: «Միգուցե դա գալիս է նրանից, որ ես հաճախ եմ խոսում խնդիրներից: Գիտեք, ազատ ստեղծագործող մարդ եմ, առավոտից երեկո սարեր-ձորերում եմ: Կարծում եմ՝ դա ինձ անձնապես կվնասի: Եվ հետո, փառք Աստծո, նկարներս վաճառվում են: Իսկ ամենակարեւորը՝ ազատությունն ինձ համար ամենաթանկ գանձն է: Մյուս կողմից էլ, եթե տեսնեմ, որ ինչ-որ տեղ պետք եմ, դրանից հրաժարվելը էգոիզմ կլինի, բայց ներկայումս չեմ տեսնում, որ պետք եմ Նկարիչների միությանը՝ որպես նախագահ: Աղամյանը, Հաղթոն, Արմենը Աթանյան, բոլորն էլ ստեղծագործող, նորմալ մարդիկ են, որն էլ նախագահ ընտրվի, լավ է: Բայց պիտի ուզենան նորմալ աշխատել: Թե չէ՝ տարիներ շարունակ անգամ սեկցիաների հավաք չի լինում, մարդիկ իրար երես չեն տեսնում, որ մի ընդհանուր հայտարարի գան, մի որոշում կայացնեն: Դրա արդյունքում էլ գնալով ավելի իներտ, իմպոտենտ վիճակներ են ի հայտ գալիս ստեղծագործական միություններում, ինչը ձեռնտու է իշխանավորներին»,- ասում է Նիկոլ Աղաբաբյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031