Երաժշտարվեստի եւ թատերարվեստի զուգակցումը դարերի պատմություն ունի: Հայ թատրոնում մինչեւ ուշ միջնադար դերասանական խաղը, երգը եւ որեւէ նվագարանի նվագակցությունը մեկտեղվել է: Մոռացության տրված այս ֆենոմենը վերջին տարիներին Եվրոպայում կենդանություն է առել շնորհիվ միջազգային մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիր, հայտնի համերգասրահների ու նվագախմբերի ցանկալի հյուր, մեր հայրենակից, գերմանաբնակ ճանաչված դաշնակահար Լուսինե Խաչատրյանի: Այս մասին «Առավոտի» հետ հարցազրույցում հայտնեց ինքը՝ Լուսինեն: Երիտասարդ արվեստագետը նշեց, որ մենահամերգների, աշխարհահռչակ ջութակահար եղբոր՝ Սերգեյ Խաչատրյանի հետ ունեցած կամերային երեկոներին զուգահեռ (այս տարի թողարկվել է նրանց նոր CD-ն՝ Բրամսի սոնատների կատարումով), վերջին շրջանում հանդես է գալիս իր խոսքերով՝ դաշնամուրային թատրոն-ներկայացումներով: Լուսինե Խաչատրյանը մանրամասնելով ասածը՝ հավելեց. «Առաջին փորձը 2012-ին էր, ներկայացրի Շիլլերի «Մարիա Ստյուարտը»: Հայտնվեցի բեմում Ելիզաբեթ թագուհու կերպարով, որն աստիճանաբար վերափոխվեց Մարիա Ստյուարտի: Ելիզաբեթի կերպարը ներկայացնում էի Շոստակովիչի երաժշտությամբ, իսկ Ստյուարտինը՝ Դեբյուսիի: Երկրորդ բեմադրությանս համար ընտրեցի Շոպենին՝ ներկայացնելով անվանի կոմպոզիտորի կյանքը, իսկ երրորդ մոնոներկայացումս անվանեցի «Կլարա Վիկը նվագում է Շուման»: Լուսինեն հայտնեց նաեւ, որ ներկայացումների ժամանակ ինքը հանդես է գալիս ոչ միայն որպես կատարող, այլեւ լուսային ձեւավորող, զգեստների նկարիչ, հաճախ էլ սցենարի հեղինակ եւ իհարկե՝ ռեժիսոր: Հարցին, թե հայաստանյան հանդիսատեսը ե՞րբ իրեն կտեսնի Երեւանում մոնոներկայացումով, արվեստագետն ասաց, թե մտածել է այդ մասին, սակայն հարմար սրահ չի տեսնում: Լուսինե Խաչատրյանը հայրենիքում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով, որի ընկերակցությամբ եւ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Շումանի դաշնամուրի կոնցերտի մեկնաբանմամբ: Կայանալիք համերգը նվիրված է Երեւանի պետական կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ