«Այսօր ունենք արդեն վերանայված առարկայական ծրագրեր, որոնք իրենց բովանդակությամբ համապատասխանում են եվրոպական լավագույն կրթական ծրագրերին: «Կրթության որակ եւ համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագիրն ամենահաջողվածներից մեկն է»,- ասաց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ երեկ մեկնարկած Հայկական պետական մանկավարժական եւ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի միջեւ համագործակցային ծրագիրն ամփոփող կոնֆերանսում:
Խոսելով ծրագրի արդյունքների մասին՝ նախարարը ընդգծեց, որ այդ ամենը պետք է կյանքի կոչվի, եւ դառնա յուրաքանչյուր կրթական ծրագրի ոլորտի մասնակցի սեփականությունը եւ ոչ թե կատարած աշխատանքների հաշվետություն: «Սա բովանդակություն է, որը պետք է սկիզբ դնի եվրոպական լավագույն կրթական չափորոշիչներին համապատասխան դասավանդման մեթոդաբանություններին, առարկայական ծրագրերի վերանայումներին, կրթության որակի ապահովման ժամանակակից գործիքների ներդրմանն ու բազում այլ բաղադրիչների, որոնք որակյալ ժամանակակից կրթության մաս են կազմում»,- նշեց նախարարը:
«Գլոբալիզացիայի ժամանակաշրջանում բոլոր համալսարաններին անհրաժեշտ են գործընկերներ, առավել կարեւոր է գտնել նաեւ ռազմավարական ընկերներ եւ ունենալ արդյունավետ համագործակցություն: ՀՀ-ում մեր գործընկերը հենց Մանկավարժական համալսարանն է»,- ասաց Օուլուի համալսարանի ռեկտոր Լաուրի Լայունեն: Խոսելով 3 տարի տեւած ծրագրի արդյունքների մասին՝ ռեկտորն ընդգծեց, որ երկու կողմերի համար էլ ծրագիրը շատ արդյունավետ եւ ուսուցողական էր: «Ծրագրի շրջանակում մենք կենտրոնացել ենք որակի ապահովման, արդյունավետ կառավարման եւ թափանցիկության սկզբունքների վրա, ինչպես նաեւ խիստ կարեւորում ենք վերապատրաստման դասընթացների իրականացումը: Այսօրվա արդյունքների ամփոփումը համագործակցության նոր սկիզբ կարող է դառնալ»,- հավելեց Օուլուի համալսարանի ռեկտորը: Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը համագործակցային ծրագիրը գնահատեց օգտակար եւ արդյունավետ:
Ռեկտորն ընդգծեց. «Մենք այսօր ունենք միանգամայն այլ մոտեցում պրակտիկայի կազմակերպման գործում. գիտակցում ենք, որ ուսանողի գիտելիքի ստացման վերջնական արդյունքը զգալի չափով պայմանավորված է լինելու նաեւ պրակտիկայով:
Արդեն կա նոր մեթոդական մոտեցում ուսումնական գործընթացում»: Պարոն Միրզախանյանը նշեց, որ վերջնարդյունքն ու համատեղ աշխատանքից բավարարվածությունը կարող է լինել միայն այն դեպքում, երբ այս ծրագրերն ու աշխատանքները կունենան իրենց պրակտիկ դրսեւորումը ոչ միայն Մանկավարժական համալսարանում, այլեւ մեր երկրի կրթական համակարգում:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Քրիստեան Աեդոն կարեւորեց համալսարանների որակի մակարդակի բարձրացման խնդիրը: «Այս ծրագրի շրջանակներում համագործակցության նպատակը եղել է երկարաժամկետ թրեյնինգային ծրագրի նախաձեռնումը երկու համալսարանների միջեւ՝ եւս մեկ անգամ ապահովելու բարեփոխումների լիարժեք իրականցումը Մանկավարժական համալսարանում՝ ներկայիս բարեփոխումների տեսանկյունից նրան դարձնելով լուրջ մրցակից»,- ընդգծեց Քրիստեան Աեդոն:
Կոնֆերանսի ավարտին Օուլուի համալսարանի ռեկտորը ծրագրին աջակցելու համար նախարար Արմեն Աշոտյանին եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Քրիստեան Աեդոյին պարգեւատրեց իրենց համալսարանի շքանշանով: Իսկ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին՝ Օուլուի համալսարանի բրոնզե մեդալով:
Կարդացեք նաև
Կոնֆերանսի պաշտոնական մասի ավարտից հետո աշխատաժողովը շարունակվեց զեկուցումներով, որտեղ քննարկվեցին Մանկավարժական եւ Օուլուի համալսարանների միջեւ համագործակցության արդյունքները, ծրագրի հիմնական խնդիրները եւ այլ հարցեր:
«Կրթության որակ եւ համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Մանկավարժական համալսարանը 2011 թվականից սկսել է համագործակցություն Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետ: Համագործակցության նպատակն է բարեփոխել բարձրագույն մանկավարժական կրթությունը Հայաստանում՝ Մանկավարժական համալսարանի առաջնորդությամբ:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ