2013թ. դեկտեմբերի 13-ին, Էրեբունի Պլազայում, ԵՄ խորհրդատվական խումբը (ԵՄԽԽ) կազմակերպել է սեմինար ԵՄ անդամ երկրների խորհրդարաններում ԵՄ հարցերի հանձնաժողովների դերի վերաբերյալ: Սեմինարի նպատակն էր ներկայացնել ԵՄ անդամ երկրների խորհրդարանների ԵՄ հարցերով զբաղվող հանձնաժողովների լավագույն գործելակերպերը` Հայաստանի Հանրապետության (ՀՀ) Ազգային ժողովի (ԱԺ) Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի գործունեությունը բարելավելու նպատակով: Սեմինարը նաև հարթակ էր Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ներկայիս գործելակերպը քննարկելու համար:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ ԵՄ ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տկն Նաիրա Զոհրաբյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատու պրն Անդրեյ Դիդենկոն: ԵՄԽԽ խորհրդատուներ` պրն Իլմարս Սոլիմսը և տկն Կայա Կրավչուկը խոսել են ԵՄ հարցերի հանձնաժողովների աշխատանքը ապահովող գործառույթների և իրավական հիմքի մասին, ինչպես նաև ներկայացրել են Լատվիայի և Լեհաստանի խորհրդարանների փորձը: Հրավիրված պատվավոր զեկուցողներն են Խորհրդարանի անդամ պրն Թևան Պողոսյանը և պրն Գևորգ Տեր-Գաբրիելյանը Եվրազիա համագործակցության հիմնադրամից:
Սեմինարի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն ԵՄ հարցերի հանձնաժողովների աշխատանքի լավագույն գործելակերպերի օրինակները: Քննարկումների հիման վրա կամփոփվի սեմինարը, ինչպես նաև կներկայացվեն եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի աշխատանքի բարելավման վերաբերյալ հնարավոր առաջարկությունները: Այս թեմայով վերլուծական փաստաթուղթը հասանելի է www.euadvisorygroup.eu կայքում անգլերեն և հայերեն:
Սեմինարի թիրախ լսարանն է Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի աշխատակազմը, ինչպես նաև ԱԺ այլ հանձնաժողովների աշխատակազմերի և Փորձաքննության վարչության` ԵՄ ինտեգրման հարցերով զբաղվող աշխատակիցները: Կհրավիրվեն նաև կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման նպատակն է բարձրացնել նրանց իրազեկությունը Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ, ինչպես նաև հեշտացնել կապերը ԱԺ աշխատակազմի, կառավարության պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև:
ԵՄ խորհրդատվական խմբի մամլո հաղորդագրություն