Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Մեր իշխանությունների համար սուտ խոսելը նորմա է»

Դեկտեմբեր 13,2013 13:19

Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը պնդում է՝ իրենք չեն սպասելու մինչեւ 2018 թվական՝ հաջորդ նախագահական ընտրություններին:

«Սա մեր կամայական որոշումը չէ, համոզված ենք, որ մեր ժողովուրը մինչեւ 2018 թվական դիմանալու ռեսուրս չունի: Մենք սպասողը չենք»,- այսօր Նախախորհրդարանի գրասենյակում հրավիրված ասուլիսում ասաց պարոն Սեֆիլյանը:

Հետո հորդորեց քաղաքական եւ քաղաքացիական ակտիվ շրջանակներին՝ հակառակ իրենց այսօրվա որոշումների՝ միանալ իրենց պայքարին. «Չենք ուզում ստիպել, դուրս եկեք ձեր պատկերացրած պայքարից, միացեք մեզ, այլ հնարավոր է նաեւ «եւ, եւ» տարբերակը: Մեր պատկերացրած պայքարի ընթացքը անպայման միավորումներով պետք է լինի: Մեզ կհաջողվի համախմբել բոլոր ազնիվ պայքարողներին»:

Նա նաեւ հիշեցրեց, որ վաղվանից սկսվում են ամենշաբաթյա իրենց երթերը: Նախատեսում են իրազեկող երթեր. «Ժողովրդին իրազեկենք, որ իրավիճակը սարդարապատային է: Ուզում ենք նաեւ մեր ժողովրդին ոգեւորենք, որ ամեն ինչ կորած չէ»:

Պարոն Սեֆիլյանը նաեւ ասաց, որ իրենց երեւանցի համախոհների թիվը հասել է հազարի, աշխատում են նոր համախոհներ ձեռք բերելու ուղղությամբ: Ասաց, իրենց համար թվաքանակը կարեւոր չէ, կարեւորը ինքնակազմակերպվելն է, որ կարողանան համակարգային փոփոխություններ իրականացնել:

Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանն էլ ասաց, որ facebook-ի իրենց համախոհների թիվը հասնում է վեց հազարի ու նորանոր մարդիկ են հետաքրքրվում:

Նախախորհրդարանի անդամ Հրանուշ Խառատյանը խոստովանեց, որ չի կարողանում իշխանությունների հասցեին չխոսել. «Որքան մարդիկ ավելի հստակեցնում են իրենց ճնշումները իշխանությունների վարքի վրա, այնքան մեր իշխանություններն ինտենսիվ արհամարհում են հասարակության սկզբունքային մոտեցումները: Սուտ խոսելը մեր իշխանությունների համար դարձել է նորմա: Ստերի շարքն այնքան մեծ է, որ մտածում եմ՝ արդյոք այս սեպտեմբերի երեքին Հայաստանի նախագահը սուտ չի՞ ասել, որ երկիրը տանում է Մաքսային միություն, ինչպես ԵՄ հետ այդքան երկար քննարկումները արդյոք սուտ չէի՞ն»:

Նա քննադատեց Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը եւ ասաց, որ այդ ոլորտում հայ դիվանագետները անգործության են մատնված. «Խնդիրը արտաքին քաղաքականության բացակայությունն է: Մեր դիվանագետներն անգործ են, որեւէ ծրագիր չեն ներկայացնում, գոնե հանրությանը հայտնի չեն այդ ծրագրերը: Զբաղված են մի քանի օլիգարխների առեւտրատնտեսական ծրագրերը ներկայացնելով: Հայաստանի արտաքին քաղաքականությունը նշանակում է Հայաստանի նկատմամբ այս կամ այն երկրի ծրագրերի հաջող իրականացում»:

Հարցին, հնարավո՞ր է «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության հետ համագործակցություն, պարոն Սեֆիլյանն ասաց. «Դրական ենք վերաբերվում նախաձեռնությանը, ողջունում ենք իրենց նախաձեռնությունը, բայց ունենք մարտավարական տարակարծություններ: Ընթացքում կփորձենք քննարկումներ ունենալ: Գլխավոր տարակարծությունը՝ նրանք գնում են 2018 թվականի ընտրություններին, մենք կտրականապես մերժում ենք: Համոզված ենք, որ մեր ժողովուրդն այդ ռեսուրսները չունի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031