Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը մտել է խորհրդակցական սենյակ: Ավարտվեց Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի եւ Վարուժան Սավտալյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են Արսեն Ավետյանի հոր՝ Ռոբերտ Ավետյանի դեմ սպանություն նախապատրաստելու, օժանդակելու համար: Վարուժան Սավտալյանը հրաժարվեց վերջին խոսքից,
Արսեն Ավետյանն էլ դիմելով դատարանին, ասաց, որ կապ չունի առաջադրված մեղադրանքը իր հետ, որ իր եւ հոր հարաբերությունները եղել են բնականոն եւ ինչպես ցանկացած ընտանիքում, այնպես էլ իրենց մոտ, կարող էին կենցաղային տարաձայնություններ լինել:
ՌԴ քաղաքացի, քաղաքագիտության դոկտոր Արկադի Վարդանյանը ընթերցեց վերջին խոսքը: «Ինչպես պարզվեց դատաքննության ընթացքում, իմ դեմ այստեղ ներկայացված մեղադրանքի հիմնավորումները ամբողջությամբ հերքվում են: Գործի նյութերով միանշանակ ապացուցված է ինչպես շահադիտական, այնպես էլ որեւէ այլ բնույթի դրդապատճառների բացակայությունը: Ապացուցված է նաեւ, որ «ազալեպտին» դեղամիջոցի ձեռք բերման, այն որեւէ մեկին փոխանցման եւ հնարավոր օգտագործման հետ ինձ հետ կապ չունենալու փաստը: Այսպիսով, որպես միակ իրեղեն ապացույց, դատարանի ուշադրությունը փորձ էր արվում կենտրոնացնել գաղտնալսման ցածրորակ ձայնագրության միտումնավոր առանձնացված մի հատված, որի բնույթը ներկայացված է բացառապես քննչական մարմնի ենթադրության տեսքով, ինչը ոչ մի կապ չունի զրույցի իրական իմաստի հետ»,- ասաց Արկադի Վարդանյանը:
Նա մեջբերեց քրեական դատավարության «Անմեղության կանխավարկածը» հոդվածի դրույթները (թիվ 18), ասելով. «Համադրելով օրենքի մեջբերած պահանջները, քննչական մարմնի գործողությունների եւ դրանց օրինականությունը վերահսկող դատախազի քայլերի հետ, եկա հետեւյալ եզրահանգումներին. դատախազ Ամիրզադյանը իր վերահսկողական պատասխանատվության շրջանակներում փաստորեն չի իրականացրել իր պարտականություններից եւ ոչ մեկը: Նախաքննության մարմնի առաջադրած մեղադրանքը ստանալուն պես նա պարտավոր էր առաջին հերթին միջոցներ ձեռնարկել ճշմարտության բացահայտման համար»:
Կարդացեք նաև
Նա անդրադարձավ վկաների ցուցմունքներին, մասնավորապես՝ «անմեղսունակ վկա Էդիկ Ասատրյանին», որի միջոցով էր ձեռք բերվել ենթադրյալ սպանության համար դեղահաբը: «Անթույլատրելի կողմնակալությամբ համընկավ բարոյականության տարրական սկզբունքների ոտնահարման եւ ճչացող անարդարության, ստորությամբ հյուսված այս շղթան ի վիճակի է կազմալուծել միայն օրենքից բխող դատավճիռը: Դատավճիռ, որն ընդունակ է ապացուցել ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ մեր հանրությանը, որ Հայաստանում սկիզբ է առնում երրորդ իշխանության անկախությունը եւ հաղթանակ է տոնում արդարությունը»,- ասաց Ա. Վարդանյանը:
Նա դատարանից ակնկալում էր այլընտրանք չունեցող արդարացման դատավճիռ:
Ի դեպ, դատարան էր ուղարկվել «Երեւան կենտրոն» ՔԿՀ-ի բժշկական սպասարկման խմբի ղեկավար Սաֆարյանի տեղեկանքը, որի համաձայն՝ Արկադի Վարդանյանը ենթարկվել է բուժզննության, տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդությամբ: Նա հրաժարվել է դատապարտյալների հիվանդանոցում հետազոտվել, խնդրելով իր անձնական բժշկին:
Դատավճռի հրապարակման ժամ է նշանակվել 15.00-ն:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ