ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆի խոսքերով, հայ-ամերիկյան հարաբերությունները շարունակում են մնալ շատ ամուր, եւ Կոնգրեսի կողմից Հայաստանի ու Արցախի հետ կապերն ավելի սերտացնելու գործընթացը նույնպես շարունակվում է։ Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, կոնգրեսականն անձամբ աշխատում է մարդասիրական որոշ ծրագրերի վրա ու փորձում ընդլայնել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքները։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործընթացին, կոնգրեսականի խոսքերով. «Այսօր էլ շարունակվում են Թուրքիայի կառավարության, ԱՄՆ-ի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարության ընդդիմությունը հաղթահարելու ջանքերը։ Բավականին արդյունավետ աշխատանքներ ենք իրականացնում բոլոր կոնգրեսականներին Հայոց ցեղասպանության մասին կրթելու հարցում եւ այսօր շատ թույլ են ցեղասպանության փաստը հերքելու փորձերը»։
Այժմ, ասում է նա, հերթն է հաղթահարելու քաղաքական խոչընդոտը։ Սակայն այս ուղու վրա, նրա խոսքերով, չնայած նկատելի առաջընթացին, կա նաեւ հետընթաց շարժում։
Նա հիշեցնում է 1925 թվականին որպես երախտիքի խոսք, ԱՄՆ-ի նախագահ Քեւին Քուլիջին հայ որբերի կողմից նվիրված գորգը ցուցադրության դնելու հարցում Սպիտակ տան մտադրության փոփոխությունը, ինչի արդյունքում ի վերջո գորգը մնաց Սպիտակ տան պահեստում։ Նրա համոզմամբ Սպիտակ տունը, գորգը ցուցադրության չդնելով, փորձեց չնեղացնել Թուրքիային, սակայն ճշմարիտ է նաեւ, ասում է նա, որ գորգի ցուցադրման խնդրանքը կապված էր գրքի շնորհանդեսի, այսինքն մասնավոր մի միջոցառման հետ, ինչի պատճառաբանությամբ էլ Սպիտակ տունը հրաժարվեց տալ գորգը։ Այդ պատճառով Ադամ Շիֆը Կապիտոլիումում հունվար ամսին նախատեսում է անցկացնել գորգին նվիրված ոչ մասնավոր միջոցառում՝ վարչակազմին քննության առջեւ կանգնեցնելու նպատակով ու հույս հայտնում, որ Սպիտակ տունն այս անգամ պարտադրված կլինի պահեստից հանել գորգը, «գորգ, որը ցեղասպանության մասին մի շոշափելի վկայություն է»։
Սիրիայի քրիստոնյաների ու մասնավորապես սիրիահայերի կացության մասին խոսելիս՝ կոնգրեսականը նշում է, որ ինքը դիմել է վարչակազմին, թույլ տալու, որ քրիստոնեա 6 հազար ընտանիքներ, որոնք հարազատներ ունեն Միացյալ Նահանգներում, ստանան այստեղ հաստատվելու իրավունք։
«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին, թե ինչու են Մաքսային Միությանն անդամագրվելու որոշման համար Ուկրաինայի իշխանությունները ենթարկվում սուր քննադատության ե՛ւ ԱՄՆ-ի ե՛ւ Եվրոպական Միության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, իսկ Հայաստանի դեպքում նույն պաշտոնյաներն ասում են, թե իրենք հարգում են Հայաստանի իշխանությունների որոշումը, կոնգրեսական Ադամ Շիֆը պատասխանում է.
«Ի հարկե երկու երկրներն էլ տնտեսապես շատ կզարգանային Եվրոպայի հետ ինտեգրվելու դեպքում։ Ցավալի է, որ երկուսն էլ հրաժարվեցին դրանից։ Սակայն Հայաստանի դեպքում ընդունում ենք իշխանությունների որոշումը՝ հաշվի առնելով Ռուսաստանի հսկայական լծակները Հայաստանում եւ հաշվի առնելով Արցախի բանակցություններում Ռուսաստանի կարեւոր դերը։ Հայաստանի ժողովրդի իրական շահերից է բխում Եվրոպայի հետ տնտեսական ինտեգրացումը։ Սակայն հասկանում ենք, որ Հայաստանի համար շատ դժվար է մերժել ռուսական արջին»։
Արամ Վանեցյան