«Ժառանգությունը» Րաֆֆի Հովհաննիսյանը ստեղծեց իր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադրումից տարիներ անց: Տվյալ կենտրոնն ու Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքի ընկերուհի Արմինե Հովհաննիսյանի բարեգործական «Օրրանը» հանդիսացան այն նպաստավոր օրրանը, որի ֆոնին ստեղծվեց Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը:
Թեպետ «Ժառանգության» անդամների մեծ մասը հայաստանաբնակներ ու հայաստանցիներ էին, այդուհանդերձ, «Ժառանգությանը» բնորոշ էին և են սփյուռքյան լեզուն ու լեզվամտածողությունը, որոնք ուղղակի հետևանքն էին «Ժառանգության» առաջնորդի լեզվի ու լեզվամտածողության, ինչպես նաև` սփյուռքյան և, ինչու չէ, ինչ-որ տեղ նաև դաշնակցական դաստիարակության: Եվ չնայած անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ դաշնակցական չէ, այդուհանդերձ, ինքն իր էությամբ շատ ու շատ դաշնակցականներից ավելի դաշնակցական է: Համենայն դեպս, մեր տպավորությամբ էդպես է, և, այսուհանդերձ, հետաքրքիրն ու տարօրինակն այն է, որ «Ժառանգության» մյուս անդամները դաշնակցականի հեչ նման չեն: Մանավանդ` Զարուհի Փոստանջյանը: Բացառությամբ Ռուբեն Հակոբյանի:
Ինչ վերաբերում է անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանին, ինքն ուղնուծուծով է սփյուռքահայ ու տեսլականային, ինչպես նաև ռոմանտիկ` իր մեծ անվանակցի հանգույն, ու երևի նաև Րաֆֆի Հովհաննիսյանի էս հատկություններն էին պատճառ, որ ժառանգականները լեզու չգտնեին պրագմատիկ ու առօրեական ազատ դեմոկրատների հետ:
Ինչևէ. ուզենք թե չուզենք, «Ժառանգություն» կուսակցությունը պետք է կայացած համարենք` մանավանդ Հայաստանի չկայացած ու անկայուն այլևայլ կուսակցությունների ֆոնին, և մանավանդ` վերջին նախագահական ընտրություններից հետո, և չնայած շատերը գտնում են, որ նախագահական վերջին ընտրություններում «Ժառանգության» առաջնորդի հաջողությունը պայմանավորված էր ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի նախագահական պայքարին չմասնակցելով, այդուհանդերձ, շատերն էլ էն կարծիքին են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական վերջին մրցապայքարում քաղաքական պայքարի բազմաթիվ նորամուծություններ ներդրեց` ( բարություն, հանդուրժողականություն և այլն): Այս երկու կարծիքներն ու տեսակետներն էլ հավասարապես ընդունելի են, որովհետև երկուսն էլ համապատասխանում են իրականությանը, և նրանք, ովքեր համարում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մեր քաղաքական մտածողության մեջ նորամուծություններ մտցրեց (բարություն, հանդուրժողականություն և այլն), պիտի համակերպվեն նաև էն մտքի հետ, որ հանդուրժողաբար պայքարը պիտի ավարտվեր Ծիծեռնակաբերդի աղոթքով, և, ըստ էության, Ծիծեռնակաբերդի երկձայնյա «Հայր մերն» էլ էր յուրօրինակ նորամուծություն, մանավանդ որ` աղոթող կողմերից մեկը հանրապետության ոստիկանապետն էր:
Կարդացեք նաև
Հետաքրքիր է, որ «Ժառանգության» ու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներն ու կոչերն ընդդիմադիր կուսակցությունների կողմից հիմնականում անարձագանք են մնում:
Բայց Րաֆֆին ու «Ժառանգությունը», ինչպես տեսնում ենք, շուտ վհատվողներից ու հիասթափվողներից չեն: Նրանք միանգամայն ինտենսիվ ու հետևողականորեն շարունակում են իրենց քաղաքական փնտրտուքները:
Ինչքան Րաֆֆի Հովհաննիսյանն ու մյուս ժառանգականներն են իրարից տարբեր, նույնքան իրարից տարբեր են նաև «Ժառանգության» մյուս անդամները: Երևի դուք էլ կհամաձայնվեք, որ ընդհանուր քիչ բան ունեն Զարուհի Փոստանջյանն ու Անահիտ Բախշյանը, կամ, ասենք, Ռուբեն Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Նրանց կապը հիմնականում իրենց առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է, որն էլ իր հերթին, ինչպես ասացինք, քաղաքական կերտվածքի ու մտածողության նվազագույն ընդհանրություններ ունի իր իսկ կուսակցության անդամների հետ: Պարադոքս է, բայց` փաստ:
Փաստ է նաև, որ այլ կուսակցություններում էլ այլ պարադոքսներ կան, որոնց կանդրադառնանք առաջիկայում:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ