«ԵԺԿ-ն իր դիրքորոշումն է ընդունել, որտեղ գրված է, որ ԵԺԿ-ն ցավում է Սերժ Սարգսյանի դիրքորոշման համար»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի հետ բանավեճում այսպիսի մեջբերում արեց քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը ու հարցրեց գործընկերոջ մեկնաբանությունը: Արտակ Դավթյանը պատասխանեց. «Մենք դա ընդունում ենք ի գիտություն, ինչպես ցանկացած այլ դիրքորոշում ու հայտարարություն: Այդպես էլ հարգանքի է արժանի մեր տեսակետն ու մեր ընտրած ճանապարհը: Այն հայտարարությունը, որն ընդունվեց, դրա արդյունքն է»:
Բանավեճ ծավալվեց նաև ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցության անակնկալ որոշման թեմայի վերաբերյալ: Պարոն Ղուկասյանը նկատեց. «Մարդիկ հինգ տարի զբաղվում էին այդ օրենսդրությունն իրենց մոտ ձևավորելով, քանի որ որոշում էր կայացվել մուտք գործել Մաքսային միություն: Բայց նախորդ հինգ տարվա մեջ մեր իշխող ուժերը չէին տեսնում անհրաժեշտություն Մաքսային միությանն անդամակցելու հարցում և ուշացումով հայտնագործություն արեցին, որ պետք է միանան Մաքսային միությանը: Ուստի հիմա մոտակա մի քանի ամսվա ընթացքում հրաշք պիտի գործեն ու օրենսդրական փաթեթը երկու-երեք ամսվա մեջ ընդունեն: ՀՀ-ն կանգնած է դեֆոլտի առաջ և 2014-ը ռիսկեր ունի, որպեսզի գումարվի դոնոր պետությունների կոնֆերանսը: Այն իշխանությունը, որ կաշառք է բաժանում ընտրողներին, ինքը ստիպված է կոռուպցիոն լինել, իսկ նման իշխանությանը ձեռք մեկնելը, անիմաստ է»:
Պարոն Դավթյանը պատասխանեց. «Տարեկան հարյուրավոր օրենքների նախագծեր ենք ընդունում, դրանց կգումարվի ևս մի քանի տասնյակը: Չեմ կարծում, որ ԱԺ-ի կողմից կառաջանա խնդիր, գուցե արտահերթ ռեժիմով էլ աշխատենք: Ցանկացած ժամանակ էլ հրապուրիչ առաջարկներ արվում են….ամեն ինչ ի դերև եղավ Վիլնյուսում ստորագրված փաստաթղթով: Ըստ այդմ՝ ՀՀ-ն տնտեսական շահը Մաքսային միության շրջանակներում է տեսնում, ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքական համակարգին, ապա այս ոլորտում մեր համագործակցությունը պիտի շարունակենք արևմուտքի հետ: Մենք ցանկանում ենք Եվրասիական տարածքում կառուցել եվրոպական պետություն»:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցի կապակցությամբ Անդրեաս Ղուկասյանն ասաց. «ԱԳ նախարարներ Նալբանդյանի և Դավութօղլուի միջև հանդիպումը վկայում է այն մասին, որ Թուրքիան ու Հայաստանը ունեն առարկա քննարկելու: Իսկ քանի որ մեր իշխանությունները հանրության առջև հաշվետու չեն, կարող են միայն ենթադրություններ ունենալ, որ քննարկման առարկան հայ-թուրքական սահմանի ու ԼՂ հակամարտության հարց են եղել»:
Կարդացեք նաև
ՀՀԿ-ական պատգամավորը՝ իրենց «համարելով հյուրընկալ կողմ» ասաց. «Այս այցը ավելի շատ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի ձևական ֆոն ստեղծելն է, որ իր գործընկերներին օվկիանոսից այս և այն կողմ ասենք, թե մենք գործընթացի մեջ ենք և ուզում ենք նպաստել տարածաշրջանային կայունությանը: Նորից ժողովրդական իմաստնությանը պիտի անդրադառնանք ու ասենք, որ մեկ անգամ մեզ խաբեց, ամոթ իրեն, երկու անգամ խաբեց, ամոթ մեզ»:
Պարոն Ղուկասյանը հակադարձեց, թե «ամոթ ՀՀԿ-ին, քանի որ իշխանությունն է կողմ եղել արձանագրությունների ստորագրմանը, ոչ թե ժողովուրդը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ