Երկու տարի առաջ ներդրված սոցիալական փաթեթի շրջանակներում պետական հատվածի տասնյակ հազարավոր աշխատողներ հնարավորություն ստացած օգտվելու բժշկական ապահովագրությունից, որի վճարման պարտավորությունը ստանձնեց պետությունը։ Բժշկական ապահովագրության իրականացումը հանձնվեց մասնավորին, այլ կերպ ասած, ապահովագրական ընկերություններին։
Թվում էր, թե դա հարցի լուծման լավագույն տարբերակն է, որը հնարավորություն կտա մի կողմից ակտիվացնել ապահովագրական շուկան, մյուս կողմից՝ պետական ծառայողների համար ապահովել լավագույն սպասարկումը։ Այնպես, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում։
Կարճ ժամանակ անց, սակայն, պարզվեց, որ այս մոտեցումը չի արդարացնում իրեն։ Պետությունը ֆինանսավորում է պետական համակարգի ավելի քան 120 հազար աշխատողների բժշկական ապահովագրության ծախսերը, սակայն նրանք չեն կարողանում դրա շրջանակներում ստանալ բուժսպասարկում։
Սոցիալական փաթեթի շրջանակներում պետական հատվածի աշխատողների համար բժշկական ապահովագրություն իրականացնող ընկերությունները չարդարացրին սպասելիքները։ Բյուջեի գումարների հաշվին իրականացվող այս նախաձեռնությունը կարճ ժամանակ անց վերածվեց դյուրին ճանապարհով փող վաստակելու միջոցի։
Ապահովագրական համակարգի ներդրումով ոլորտում ոչ միայն չբարելավվեց սպասարկումը, այլեւ շարունակեցին պահպանվել կոռուպցիոն ռիսկերը։ Այն դարձավ տարբեր կառույցների համար փող աշխատելու միջոց։ Իսկ խոսքը մեծ գումարների մասին է։
Ներդրման առաջին տարում սոցիալական փաթեթի շրջանակներում պետական բյուջեն տրամադրեց 18 մլրդ դրամ։ Յուրաքանչյուր աշխատող ստացավ 132 հազար դրամ, որից 53 հազարը բժշկական ապահովագրության նպատակով։ Ընդ որում, ծրագրի շրջանակներում ընդգրկված պետական ծառայողների համար այն դարձավ պարտադիր։
Առաջին տարում բժշկական ապահովագրության նպատակով հատկացված բյուջետային գումարը 6,5 մլրդ դրամ էր։ Տարեվերջից ընդամենը երկու ամիս առաջ ապահովագրական ընկերությունները դրանից բժշկական սպասարկման դիմաց փոխհատուցել էին նույնիսկ 1 միլիարդից էլ պակաս։
Կարդացեք նաև
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ այդ փաստը, հաջորդ երկու ամսվա ընթացքում փոխհատուցվող գումարները բավականաչափ շատացան։ Մի բան, որ դրանց օրինականության հետ կապված լուրջ կասկածներ առաջացրեց։ Դժվար է հավատալ, որ տարեվերջին հանկարծ պետծառայողների շրջանում հիվանդների թիվը կարող էր կտրուկ ավելանալ։
Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում