Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության ծառայող Հովհաննես Զարգարյանի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության ծառայող Հովհաննես Զարգարյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի հոկտեմբերի 23-ին վերակարգով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալ, ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Սերոբ Մխիթարյանին հիշյալ դատարանում ուղեկցելու համար կազմված ուղեկցող պահակախմբում` որպես ուղեկցող և նշված կալանավորի համար պատասխանատու, պատշաճ կարգով չի կատարել իր վրա դրված պարտականությունները` խցի մոտ լինելով միայնակ` չի հետևել պահակախմբի ավագի հրահանգներին և խոսակցության է բռնվել կալանավոր Սերոբ Մխիթարյանի հետ, որի արդյունքում վերջինիս հաջողվել է խաբեությամբ նրան կանչել խուց: Հովհաննես Զարգարյանը, չպահպանելով անձնական անվտանգության կանոնները, շեղվել է ծառայության կատարումից, բացել է խցի դուռը, մուտք գործել ներս, և կալանավոր Սերոբ Մխիթարյանը, օգտվելով Հովհաննես Զարգարյանի անփութությունից, հրել է մի կողմ և խցի դուռը փակելով նրա վրա` դիմել է փախուստի:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հատուկ քննչական ծառայություն