Լրահոս
Օրվա լրահոսը

Փոթորկող զեկույց անթերի դատական համակարգի մասին

Դեկտեմբեր 13,2013 10:47

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցը` արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ, կարելի է ասել փոթորկել է հանրությանը: Մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես դատական համակարգում կոռուպցիոն մեխանիզմներին վերաբերող հատվածը և սակագները` 200$ – 50.000$:

Զեկույցում խոսք է գնում նաև դատական համակարգում գործող վարչահրամայական ուղղաձիգի մասին, ըստ որի վճռաբեկ դատարանի կողմից հսկողություն է իրականացվում ստորադաս դատարանների դատավորների նկատմամբ և ցուցումներ է տրվում, թե ինչ որոշումներ կայացնեն:

ՄԻՊ-ի կողմից այդ զեկույցն ուղարկվել է նաև դատավորներին: Զեկույցի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ Դատավորների միության խորհուրդը` խստորեն դատապարտելով այն և որակելով որպես հակապետական, իսկ բոլոր այն դատավորները, որոնց ուղարկվել էր զեկույցը, դրան կցեցին Դատավորների միության խորհրդի հայտարարությունը և վերադարձրեցին ՄԻՊ-ին:

Ահա այստեղ, է, որ հարց է ծագում – երբ ՄԻՊ զեկույցը ստացած բոլոր դատավորները մի մարդու պես դրան կցում են ԴՄԽ հայտարարությունը և վերադարձնում ՄԻՊ-ին, արդյո՞ք դա չի վկայում այն մասին, որ դատավորներն ինչ որ մեկի հրամանն են կատարում, այսինքն` առկա է վարչահրամայական ուղղաձիգը: Ճիշտ է, մի տարբերակ էլ կա, ըստ որի դատավորները չիպավորված են և կառավարվում են մի կենտրոնից ու կատարում այն, ինչ ոչ թե հրամայվում է, այլ` հրահանգավորվում, բայց այս տարբերակը, գոնե այս պահի դրությամբ, անհավանական եմ համարում:

Ինչ վերաբերում է զեկույցի այն հատվածին, որը վերաբերում է կոռուպցիային, դրա մեխանիզմներին ու կաշառքի սակագներին, ապա, եթե դատական համակարգում կոռուպցիա կա, այդ մասին լավագույնս պետք է իմանան հենց դատավորները, որոնք էլ հայտարարում են, որ նման բան չկա, ավելին, ինչպես նշված է ԴՄԽ հայտարարությունում` դա երևակայության արդյունք է: Ինչ է, չհավատա՞նք նրանց:

Ես, օրինակ, չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է դատական համակարգում կոռուպցիա լինել, չէ որ դա օրենքով արգելված է, դա հանցագործություն է: Եթե կոռուպցիա լիներ, օրինակ` դատավորները կաշառք վերցնեին, այսինքն` հանցագործություն կատարեին, ինչպե՞ս կարող էին Հայաստանի Հանրապետության անունից դատապարտել հանցագործության մեջ մեղադրվող մեկ այլ անձի, չէ որ այդ դեպքում կստացվեր, որ հանցագործը հանցագործի է դատապարտում, այն էլ` ՀՀ անունից:

Ասեմ ավելին, կոռուպցիա կարող է լինել այն դատական համակարգում, որտեղ ապօրինի դատական ակտեր են կայացվում և ուժի մեջ մնում, իսկ մեր եռաստիճան դատական համակարգն այնպիսին է, որ պրակտիկորեն բացառում է ապօրինի դատական ակտի ուժի մեջ մնալը, ուստի և` կոռուպցիոն միջամտության անհրաժեշտությունը: Այսպես, չի բացառվում, որ որևէ գործով առաջին ատյանի դատարանը վեճը սխալ լուծի, բայց դրա համար կա վերաքննիչ դատարան և նման գործերով, երբ կողմերից մեկը կարծում է, որ դատարանը սխալ է թույլ տվել, բողոք է բերում վերաքննիչ դատարան, որն էլ ուղղում է այդ սխալները: Չի բացառվում նաև, որ վերաքննիչ դատարանն էլ կարող է եզակի դեպքերում սխալվել, բայց սրա համար էլ կա վճռաբեկ դատարանը, որն էլ բերված բողոքներից վարույթ է ընդունում այն եզակիները, որոնցով հնարավոր է, որ դատական սխալ է թույլ տրվել և ուղղում է այդ սխալները, օրինական դատական ակտերը հասցնելով 100 տոկոսի և բացառելով ապօրինի դատական ակտի ուժի մեջ մնալը:

Ահա այսպիսին է մեր դատական համակարգը, ինչպե՞ս նման համակարգում կարող է անարդարություն և կոռուպցիա լինել:

 

Կարեն ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Հեգնանքը շատ տեղին է, բայց ՄԻՊ-ն օգնած կլինեք նրա ասածները հաստատող ապացույցներ ներկայացնելով;

  2. Լևոն Մելքումյան says:

    Ոչ ՄԻՊ-ին, ոչ էլ մեզ այլևս ոչինչ չի կարող օգնել: Թերևս միայն անաչառ մեզ վրա նայելու և զզվելու պարագան, այն էլ, եթե կարողանանք հասկանալ, թե ինչից ենք զզվում:

  3. Բենուլիկ says:

    Թերևս ճիշկ կլիներ, որ դատավորների միության խորհուրդը ՄԻՊ -ի պատասխանը հիմնավորեր , որ տեսեք արդար դատավարության հետևանքով Հայաստանից ոչ մի գործ չի վերանայվել Եվրոդատարաններում, կամ թեկուզ պարզաբաներ թե ինչով է պայմանավորված Հայաստանից Եվրոդատարան տրվող դիմումների մեծ քանակությունը և որքան է կազմել այդ հրեշտակ դատավորների մեղքով, ֆինանսների բացակայության պատճառաբանությամբ մարզերում ՄԻՊ- գրասենյակները փակած պետությանը հասցված նյութական վնասները և բերեր թեկուզ մեկ օրինակ, որ այդ գումարը պահվել է մեղավոր դատավորի աշխատավարձից` խոտան արտադրանք թողարկելու համար: Կամ թե հանդես գար օրենսդրական նախաձեռնությամբ այդ գումարները մեղավոր դատավորի , կամ նրա վերադասի աշխատավարձից պահելու առաջարկով:Խոտան արտադրանք թողարկելը որոշ դեպքերում նաև հանցանք է….. Թե չէ դրանց , <> համար վճարում ենք մենք` խեղճ հարկատուներս, միայն թե պետության ձեռքով: Ոնց մտածում եմ արդար չէ պարոնայք ԴՄԽ…..

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031