«Ամերիկայի Ձայն». Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հետ անցկացված հանդիպումը գնահատել է որպես «անկեղծ և ազնիվ»՝ հավելելով սակայն, որ սխալ կլիներ մտածել, որ խնդիրները հնարավոր է լուծել մեկ հանդիպմամբ
«Արտգործնախարար Դավութօղլուն հինգշաբթի օրը կատարել է հինգ տարվա ընթացքում Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան՝ ավելացնելով պատմականորեն հակառակորդ դարձած պետությունների միջև խաղաղության հաստատման հույսերը, որոնք փակուղի են մտել 2010 թվականից»:
Այս մասին գրում է «Ռոյթերս» գործակալությունը, որը մեջ է բերում Թուրքիայի արտգործնախարարի կողմից «Թվիթեր»-ում հրապարակված հաղորդագրությունը, որտեղ վերջինս հույս է հայտնել այն մասին, որ Երևան կատարվելիք իր այցը կնպաստի Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում համապարփակ խաղաղության և տնտեսական կայունության հաստատման:
«Շարունակվող լարվածության մասին վկայել են Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդ ակտիվիստների կողմից անցկացված բողոքի ցույցը, որի հետևանքով Դավութօղլուն ստիպված է եղել օգտագործել Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոցում անցկացվող Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի նստաշրջանին», – գրում է «Ռոյթերս»-ը:
Կարդացեք նաև
Ըստ «Ռոյթերս»-ի, ցուցարարները վանկարկել են «Ամոթ» կարգախոսը և ձեռքում պահել «Դադարեցնե՛լ հայկական հողերի օկուպացումը» և «Վե՛րջ շրջափակմանը» պաստառները:
Դավութօղլուն, ըստ հաղորդագրության, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ անցկացված հանդիպումը գնահատել է որպես «անկեղծ և ազնիվ»՝ հավելելով սակայն, որ սխալ կլիներ մտածել, որ խնդիրները հնարավոր է լուծել մեկ հանդիպմամբ:
«Մեր առաջնայնությունն է՝ կառուցել մեր երկխոսությունը կայուն հոգեբանական հիմքի վրա և շարունակել կիրառել այս հիմքը: Այս շրջանակում ցանկացած տեսակի ստեղծագործական գաղափար կարող է ներառվել օրակարգում. երկրներն արդեն իսկ գիտեն իրենց հեռանկարները», – ասել է Դավութօղլուն Երևան ժամանած թուրք լրագրողներին:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացված համատեղ ասուլիսում ասել էր, որ Հայաստանն ու միջազգային հանրությունն ունի հստակ դիրքորոշում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ, որի համաձայն այն պետք է տեղի ունենա առանց որևիցե նախապայմանների:
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումն այնուամենայնիվ կայացել է: Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն, Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ։
Ըստ հաղորդագրության, հանդիպման ընթացքում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներն անդրադարձել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետագա գործունեությանը և ծրագրերին:
Արմեն Հովհաննիսյան