Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՀ ԻՄԱՑՅԱԼ

Դեկտեմբեր 13,2013 10:12

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ 

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ երեսուներկուերորդ

ՄԱՀ ԻՄԱՑՅԱԼ

Եվ տեր Մաղաքիան մի քիչ մտածեց ու Անանիային ասաց՝ «ամենքս էլ մեղավոր ու սխալական ենք, եղբայր Անանիա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «սխալ էլ կա, սխալ էլ», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «սխալն էն ա, որ մեջներս էսքան հավատացյալ կա, բայց մեր սեղանը ոչ մեկը չի օրհնում», եւ Անանիան ասաց՝ «սեղանն օրհնելու իրավունք մենակ տեր Մաղաքիան ունի», եւ Բարդուղն ասաց՝ «դե թող օրհնի. ո՞ւմ ա սպասում», եւ տեր Մաղաքիան ժպտալով ասաց՝ «ճիշտն ասած՝ ես հենց էդ նպատակով էլ եկել եմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «սեղանը կօրհնեմ ու կգնամ իմ գործերով», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գործեր», եւ տեր Մաղաքիան պատասխանեց ու ասաց՝ «եկեղեցում ծառայության ենք», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «էս ժամին ի՞նչ ծառայություն», եւ տեր Մաղաքիան պատասխանեց ու ասաց՝ «հավատացյալներից ոմանք նախընտրում են նոր տարին եկեղեցում դիմավորել», եւ Արիկը ժպտալով Մաղաքիային ասաց՝ «ձեր գործն էլ մի գործ չի», եւ Մաղաքիան ժպտալով ասաց՝ «ես իմ գործից դժգոհ չեմ», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարզ ա, որ դժգոհ չես ըլնի», եւ տեր Մաղաքիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե գործդ սիրում ես, ինչո՞ւ պիտի դժգոհ լինես», եւ Արիկը մի քիչ մտածեց ու Մաղաքիային ասաց՝ «հավատացյալ ես, դրա համար էլ գործդ սիրում ես», եւ Բարդուղն ասաց՝ «ինձ թվում ա՝ անհավատ տերտերներն էլ են իրանց գործը սիրում», եւ տեր Մաղաքիան զարմացած նայեց Բարդուղին ու հարցրեց՝ «ի՞նչ անհավատ տերտերներ», եւ Բարդուղը ժպտալով ասաց՝ «նոր Ջավախյանն ասում էր, որ լիքը անհավատ տերտերներ կան», եւ տեր Մաղաքիան Ջավախյանին հարցրեց՝ «անհավատ հոգեւորականներ շատ ե՞ս տեսել, պարոն հավակնորդ», եւ մինչ Ջավախյանը կմտածեր, Արիկը տեր Մաղաքիային ասաց՝ «բայց Անանիան ձեզ էր պաշտպանում», եւ տեր Մաղաքիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ Անանիան հավատավոր անձնավորություն է», եւ Բարդուղը ժպտալով տեր Մաղաքիային ասաց՝ «ազգականդ ա, դրա համար ես իրան պաշտպանում», եւ տեր Մաղաքիան զարմացած նայեց Բարդուղին ու հարցրեց՝ «ո՞վ է ում ազգականը», եւ Բարդուղը զարմացած նայեց տեր Մաղաքիային ու հարցրեց՝ «Անանիան ու դու ազգականներ չե՞ք», եւ տեր Մաղաքիան զարմացած նայեց Բարդուղին ու հարցրեց՝ «ի՞նչ հիմքեր ունեք այդպես ենթադրելու», եւ Բարդուղը մի քիչ մտածեց եւ տեր Մաղաքիային ասաց` «էրկուսիդ ազգանունն էլ Մաղաքյան ա», եւ Ջավախյանը փռթկացնելով Բարդուղին ասաց՝ «Անանիայի ազգանունն ա Մաղաքյան, Մաղաքիայի՝ անունը», եւ Հայկունին փռթկացնելով Բարդուղին ասաց՝ «Մաղաքիայի անունն էլ ոչ թե Մաղաքյան ա, այլ՝ Մաղաքիա», եւ Անանիան ասաց՝ «էն էլ երկրորդ՝ հոգեւոր անունն ա Մաղաքիա», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու Անանիային հարցրեց՝ «բայց էրկուսդ էլ սիսանցի եք, չէ՞», եւ Անանիան ժպտալով ասաց՝ «էդ ի՞նչ կապ ունի», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «Սերոբն էլ ա սիսիանցի, բայց ոչ Անանիային ա բարեկամ, ոչ էլ՝ Մաղաքիային», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց Սերոբի ազգանունը Մաղաքյան չի», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «Մաղաքիայի ազգանունն էլ Մաղաքյան չի», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էսօր ահագին բան իմացա», եւ Օրթախը Բարդուղին ասաց՝ «էնքան ուշ-ուշ ես էրեւում, որ ընկերներիդ ազգանուններն էլ ես մոռացել», եւ Հայկունին փռթկացնելով ասաց՝ «ինքը շատ զբաղված մարդ ա», եւ տեր Մաղաքիան հարցրեց՝ «ո՞վ է զբաղված», եւ Հայկունին ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Բարդուղը», եւ տեր Մաղաքիան Հայկունուն հարցրեց՝ «ինչո՞վ է զբաղված», եւ Հայկունին ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ազգի փրկության հարցերով» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որոշել ա մեզ փրկի», եւ տեր Մաղաքիան ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «մեզ ումի՞ց է փրկելու», եւ Ջավախյանը Հայկունուց առաջ ընկնելով պատասխանեց ու ասաց՝ «մեր հակառակորդներից», եւ տեր Մաղաքիան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ հակառակորդ», եւ Ջավախյանը նախ Բարդուղին նայեց, հետո նայեց տեր Մաղաքիային ու ասաց՝ «ո՞նց թե՝ ինչ հակառակորդ», եւ Օրթախը փռթկացնելով ասաց՝ «էնքան ուշ-ուշ ենք իրար տենում, որ ազգի փրկության հարցերից էլ ենք անտեղյակ», եւ Հայկունին փռթկացնելով ասաց՝ «այնինչ՝ առաջին հերթին հենց եկեղեցու սպասավորները պիտի ազգի փրկության հարցերով զբաղվեին», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «լավ էլ զբաղվում են», եւ Բարդուղը զարմացած հարցրեց՝ «ո՞նց են զբաղվում», եւ Արիկը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «նույնիսկ նոր տարվա օրով են պատարագ անում», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ պատարագով ազգ փրկվեր, հիմի վաղուց էինք փրկվել», եւ տեր Մաղաքիան զարմացած նայեց Բարդուղին ու հարցրեց՝ «իսկ ինչո՞ւ ես կարծում, որ չենք փրկվել» եւ մի քիչ մտածեց ու Բարդուղին հարցրեց՝ «փրկությունն ինչպե՞ս ես պատկերացնում», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «համենայն դեպս՝ ո՛չ պատարագներով ու մոմավառությամբ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուրիշներն աշխարհը նվաճելու մասին են մտածում, իսկ մենք մի գլուխ աղոթքներ ենք անում ու մոմ ենք վառում», եւ տեր Մաղաքիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «հայերս երբեւէ նվաճող չենք եղել» եւ մի քիչ էլ մտածեց ու Բարդուղին հարցրեց՝ «ովքե՞ր են աշխարհը նվաճելու մասին մտածում», եւ մինչ Բարդուղը կպատասխաներ, Արիկը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «մեր հակառակորդները», եւ տեր Մաղաքիան զարմացած հարցրեց՝ «ո՞ր հակառակորդները», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էն հակառակորդները, որոնց թելադրանքով ենք շարժվում», եւ տեր Մաղաքիան հարցրեց՝ «ո՞ւր ենք շարժվում», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «դեպի հետ» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «դեպի անդունդ», եւ տեր Մաղաքիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ հասկանում», եւ Ջավախյանը փռթկացնելով Մաղաքիային ասաց՝ «էս մի տարի ա՝ մեզ բացատրում ա, բայց չենք հասկանում. դու ուզում ես մի րոպեում հասկանա՞ս», եւ տեր Մաղաքիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե պարզ ձեւով բացատրի, միգուցե հասկանամ», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «եթե պարզ ձեւով բացատրեր, մենք էլ հասկացած կըլնեինք», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ավելի պարզ հնարավոր չի բացատրել», եւ տեր Մաղաքիան զարմացած հարցրեց՝ «ե՞րբ ես բացատրել», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «տղերքին շատ պարզ ու շատ հանգամանալից բացատրել եմ», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «էս մի տարի ա՝ բացատրում ա», եւ Բարդուղը նեղսրտած ասաց՝ «մի տարի բացատրել եմ, բայց չեն հասկացել», եւ Արիկը ժպտալով Բարդուղին ասաց՝ «որովհետեւ պարզ չես բացատրում», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «ավելի պարզ հնարավոր չի», եւ Ջավախյանն ասաց՝ «բարդ բանը հնարավոր չի պարզ բացատրել», եւ Բարդուղը նեղսրտելով ասաց՝ «հեչ էլ բարդ չի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Բարդուղին ասաց՝ «որ բարդ չըլներ, էդքան բացատրելուցդ հետո երեւի կհասկանայինք», եւ տեր Մաղաքիան Ջավախյանին հարցրեց՝ «ի՞նչը կհասկանայիք», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «էդ զադերը», եւ տեր Մաղաքիան հարցրեց՝ «ո՞ր զադերը», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «անդունդի հետ կապված», եւ տեր Մաղաքիան ժպտալով Բարդուղին ասաց՝ «միգուցե ինձ էլ բացատրես», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մնա մի ուրիշ օր», եւ Արիկն ասաց՝ «կարող ա՞ տարվա էս վերջին օրը մեր հակառակորդներին նվիրենք», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «քանի դեռ ասածներս չեք հասկացել ու ականջներիդ օղ չեք արել, տարվա բոլոր օրերն եք իրանց նվիրելու», եւ Արիկը քմծիծաղով Բարդուղին ասաց՝ «որ հասկանանք ու ականջներիս էլ օղ անենք, դրանից ի՞նչն ա փոխվելու», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «գոնե հասկանալով կկործանվենք» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «մահ իմացյալ»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել