Այսօր կառավարության նիստից հետո, Aravot.am-ը տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում Համաշխարհային բանկի վերջերս հրապարակած այն զեկույցը, որ Հայաստանում մենաշնորհների մակարդակը բարձր է: Այս առնչությամբ պարոն Շաբոյանն ասաց, որ այդ զեկույցն իրականությանը չի համապատասխանում, ցուցանիշները սխալ են եւ վերաբերում են 2009-2010 թվականներին:
Մեր այն հարցին էլ՝ հենց հանձնաժողովի նախագահն ինչպես է գնահատում տնտեսությունում մենաշնորհների մակարդակը, Արտակ Շաբոյանն ասաց. «Այո, կա որոշ շուկաներում կենտրոնացվածության բարձր աստիճան, սակայն, մեր օրենսդրությունը դա թույլ է տալիս, մենք չենք պայքարում գերիշխող դիրքի առկայության դեմ, ոչ միայն մենք, այլ ամբողջ աշխարհում պայքարում են չարաշահումների դեմ»:
Aravot.am-ի այն դիտարկմանը, որ Համաշխարհային բանկի(ՀԲ) գնահատականով ոլորտին վերաբերող օրենքը թերություններ ունի, որոնք թույլ չեն տալիս լիարժեք պայքարել մենաշնորհների եւ գերիշխող դիրք ունեցողների չարաշահումների դեմ, պարոն Շաբոյանն ասաց. «Մեր օրենսդրական փոփոխությունները կատարված են Համաշխարհային բանկի առաջարկությամբ` 2010 թվականին. այդ բոլոր դրույթները համապատասխանեցված են միջազգային դրույթներին»: Մինչդեռ ՀԲ-ն վստահեցնում է, մեջբերում ենք. «ՏՄՊՊՀ-ի կողմից օրենքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկը ներկայացվեց խորհրդարանին, որը սակայն, դրա հաստատման փուլում վերախմբագրեց այն, ինչի հետեւանքով զգալիորեն պակասեց ՀԲ-ի առաջարկի օգտակարությունը»:
Պարոն Շաբոյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ ՀԲ-ի զեկույցում բավականին սխալ դատողություններ կան. «Մենք գրավոր դիրքորոշում ենք պատրաստում բոլոր այդ կետերի խնդիրների վերաբերյալ, կուղարկենք Համաշխարհային բանկ` ակնկալելով նրանց պատասխանը»:
Կարդացեք նաև
Իսկ ըստ Համաշխարհային բանկի, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում թեեւ փոփոխություններ են կատարվել 2010 թվականին, սակայն, դրանք լիակատար չեն: Մեջբերում ենք ՀԲ զեկույցից. «Իրավական դաշտի որոշ առանձնահատկություններ սահմանափակում են ՏՄՊՊՀ-ի գործունեության արդյունավետությունը: Մասնավորապես` շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունների բացահայտման, ինչպես նաեւ պատժամիջոցների սահմանման, տնտեսական միավորումների եւ կենտրոնացումների որոշման, հակամրցակցային քաղաքականության բացահայտման փոխարեն ուշադրությունը հիմնականում սեւեռվում է գների մակարդակի վրա: Նաեւ ՏՄՊՊՀ-ն զուրկ է քննչական լիազորություններից: Օրենքում գերիշխող դիրքի սահմանումը հիմնված է այն սկզբունքի վրա, որ ընկերությունը կարող է գործել մրցակիցներին, սպառողներից եւ շուկայի այլ մասնակիցներից անկախ:
Հայաստանի օրենքում, սակայն, գերիշխող դիրքի գնահատումը հիմնված է ժամանակի որեւէ հատվածում ընկերության մասնաբաժնի ֆիքսված հաշվարկի վրա:
Թեեւ շուկայական մասնաբաժնի չափը շուկայի կառուցվածքի վերլուծության առաջին քայլն է, գերիշխող դիրքի գնահատման ժամանակ այն սովորաբար համալրվում է շուկա մուտք գործելու խոչընդոտների վերլուծությամբ: Շուկայական մասնաբաժինների կենտրոնացումն ավելի է կարեւորվում, եթե ժամանակի ընթացքում այն մնացել է անփոփոխ, քանի որ մրցակիցների համեմատ գներն ավելի բարձր սահմանելու դեպքում, ընկերության շուկայական մասնաբաժինը անփոփոխ պահպանելու կարողությունը վկայում է շուկայական իշխանության մասին: Ժամանակի ընթացքում շուկայական մասնաբաժնի փոփոխությանը զուգակցվող բարձր կենտրոնացումը մտահոգության ավելի քիչ տեղիք է տալիս: Օրենքի ներկա տարբերակը հաշվի չի առնում այս դինամիկ մոտեցումը: Բացի այդ, ներկա գործելակերպում անտեսվում է շուկա մուտքի վտանգի հնարավոր գործոնը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ