Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի և Թուրքիայի միջև որևէ պետական փոխհարաբերություն չի կարող լինել, եթե անտեսվի 1915 թվականը». Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան

Դեկտեմբեր 11,2013 20:41

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ թուրքական «Բելգե» հրատարակչությունը հրատարակել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գիրքը թուրքերենով:

«Տիկին Սվազլյանի գիրքը ոչ միայն հայերի, այլև թուրքերի և մյուս ժողովուրդների պատմությունն է»,-  այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բելգե» հրատարակչության տնօրեն, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան Ռագըպ Զառաքոլուն և շեշտեց, որ շատ հպարտ է այդպիսի մի գիրք հրատարակելու համար:

Վերժինե Սվազլյանն էլ ասաց, որ 1955 թվականից աշխատել է այդ գրքի վրա: «Նույնիսկ գաղտնի էի աշխատում, քանի որ այն ժամանակ չէր խրախուսվում ցեղասպանության մասին խոսելը»,- ասաց նա:

Նշենք, որ գիրքն առաջին անգամ հրատարակվել է 2011 թ.՝ հայերեն և անգլերեն տարբերակներով:

Անդրադառնալով հայոց ցեղասպանությանը՝ Ռագըպ Զառաքոլուն ասաց. «Հայոց ցեղասպանությունն ուրանալը հանցագործություն է, և քանի որ ԱՄՆ-ը ևս ուրանում է, ուրեմն՝ նա նույնպես հանցագործ է: Ինձ համար պարզապես անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր այսքան փաստերի առկայության պայմաններում ուրանալ այդ ոճիրը: Այսօր ԱՄՆ-ը, որ աշխարհի հզորագույն երկիրն է, թող մարդկային խղճի առաջ խոստովանի իր մեղսակցությունը Թուրքիային, կամ Գերմանիան՝ Թուրքիայի լավագույն դաշնակիցը, որն առայսօր մասնակցում է այս դրժողական քաղաքականությանը: Եթե իրենք իրենց հայտարարում են աշխարհում ժողովրդավարության տարածողներ, համամարդկային արժեքների պաշտպաններ և այլն, և այլն, թող բարի լինեն նախ իրենց կեղտը մաքրել: Ժողովրդավարական որևէ գործընթացի չեն աջակցում, փոխարենը՝ լռելյայն համաձայնում են ճշմարտությունը վեր հանող, բարձրաձայնող ազնիվ մտավորականության դեմ կիրառվող ճնշումներին»:

Ռագըպ Զառաքոլուն գտնում է, որ եթե ԱՄՆ-ի, Գերմանիայի և արևմտյան այլ երկրների հայտարարած արժեքներն իրոք իրենց համար որևէ արժեք են ներկայացնում, ապա նրանք պարտավոր են ճշմարտության կողքը կանգնելու, նպաստելու հայոց ցեղասպանության ընդունմանն ու դատապարտմանը, «հակառակ դեպքում՝ նման կեցվածքն անբարո է և դատապարտելի»,- ասաց նա և հավելեց. «Երկիրը կարող է հարուստ լինել, բնական պաշարներ ունենալ և այլն, բայց դա չէ երկրի մեծությունը: Երկրի մեծությունը բարոյական արժեքների հանդեպ իր կեցվածքով, վարվեցողությամբ է արտահայտվում: Եթե Թուրքիան, այսպես ասած՝ մեծ պետություն կոչվելու հավակնություն ունի, պետք է 2015-ին շատ մեծ քայլ կատարի՝ 1915 թվականի հետ առերեսվելու հարցում: Համենայն դեպս, մենք՝ իբրև թուրք հայրենասեր մտավորականներ, ամեն ինչ անելու ենք, որ Թուրքիայի ճակատին գծված այդ սև մուրը, ի վերջո, կարելի լինի ջնջել՝ անշուշտ մեղա գալով»:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանն ասաց. «Այս հարցում ՀՀ-ն շատ ազնիվ կեցվածք դրսևորեց: Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին շատ ուղղակի ասվեց, թե եկեք առանց որևէ նախապայմանի, իբրև երկու պետական միավորներ, իրար հետ ճանաչողական հարաբերություններ ստեղծենք՝ առանց քննարկելու ցեղասպանության խնդիրը: Սակայն Թուրքիան կարծեց, թե Հայաստանը շատ թույլ դիրքերում է, և դա իր թուլության դրսևորումն է, ուստի՝ սկսեց հակառակ ուղղությամբ քաղաքականություն զարգացնել՝ շարունակելով իր պանթյուրքիստական քաղաքականությունը»:

Ռ. Զառաքոլուն համոզված է, որ եթե արցախյան հիմնահարցում Թուրքիան կարողանար գոնե չեզոքություն պահպանել, հիմա շատ առաջ գնացած կլինեին երկու պետությունների միջև հարաբերությունները: «Ուստի՝ կարող եմ վստահ հայտարարել, որ ՀՀ-ի և Թուրքիայի միջև որևէ պետական փոխհարաբերություն չի կարող գոյություն ունենալ, եթե անտեսվի 1915-ը»,- ընդգծեց նա:

Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Հայաստան առաջիկա այցելությանը. «Ես չգիտեմ՝ ինչ տրամադրությամբ կգա, բայց, այնուամենայնիվ, ողջունում եմ նրա գալուստը Հայաստան, դրական քայլ է: Ափսոս միայն, որ տիկին Սվազլյանի գիրքը նոր է տպագրվել, և մենք չհասցրինք այն արտգործնախարարին տալ: Բայց շատ կուզենայի, որ գիրքը կարդար, հետո նոր գար Հայաստան»,- ասաց Ռ. Զառաքոլուն:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031