Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
հարգելի գործընկերներ,
Պետական բյուջե փաստաթղթի հիմնական առանձնահատկությունը, թերևս, այն է, որ դա կոնկրետ ժամանակահատվածում պետության ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների առաջնահերթ լուծումներն առաջարկող քաղաքական փաստաթուղթ է: Իսկ Հայաստանի առջև այսօր ծառացած գլխավոր ներքին մարտահրավերը տնտեսական զարգացման, յուրաքանչյուր ընտանիքի համար արժանավայել ապրուստի միջոց, աշխատատեղեր ապահովելու գերխնդիրն է:
2014թ. բյուջեի նախագծի առանձնահատկություններից կուզեի նշել մի քանի հանգամանքներ.
Կարդացեք նաև
Առաջինը, որ այս բյուջեն բացառիկ է՝ բյուջեի եկամուտների ձևավորման տեսակետից, որովհետև, երևի թե, առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ մենք հարկային եկամուտների բավական էական աճ ենք նախատեսում և դրան զուգահեռ՝ չենք նախատեսում հարկային վարչարարության բեռի ավելացում: Սա նշանակում է, որ հարկային եկամուտների աճը կատարվելու է բացառապես ստվերի, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, և արտադրության աճի հաշվին, այսինքն՝ տնտեսական զարգացման հաշվին: Պետք է ասենք, որ, ընդհանուր առմամբ, վերջին մի քանի տարիներին եկամտային մասի աճի շատ բարձր հանձնարարական է սահմանում պետական բյուջեի փաստաթուղթը և այդ իմաստով հիշեցնեմ, որ 2012 թվականը 2011-ի նկատմամբ մենք ունեցել ենք 101 մլրդ դրամի աճ: 2013-ը 2012-ի նկատմամբ՝ 87,6 մլրդ դրամի աճ, իսկ 2014 թվականի համար ծրագրված բյուջետային եկամուտների ընդհանուր գումարը 9,96 տոկոսով կամ 102,8 մլրդ. դրամով ավելի է քան հաստատված էր 2013 թվականի պետական բյուջեով:
Առավել կարևոր եմ համարում անդրադառնալ ծախսերի գերակայություններին և նշել, որ բնականաբար այդ գերակայությունների մեջ առաջնահերթը Ղարաբաղն է և երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը, հաջորդը՝ սոցիալական ոլորտը:
Հատկապես կընդգծեմ նախատեսվող սոցիալական ծախսերի աճը ՀՆԱ-ում: Այսպես՝ 2014 թվականին պետական բյուջեի ամբողջ ծախսերի 47-ից ավելին կամ 586 մլրդ դրամը ծրագրվել է հատկացնել սոցիալ-մշակութային ճյուղերին կամ այլ կերպ ասած՝ ծախսեր մարդկային կապիտալում: Ընդ որում , կրթության ոլորտի ծախսերի աճը կկազմի 13 տոկոս, առողջապահությանը՝ 15 տոկոս, սոցիալական պաշտպանությանը՝ 20 տոկոս: Եվ սա այն պարագայում , երբ 2014 թվականին պետական բյուջեի ծախսերի աճը 2013 թվականի հաստատվածի համեմատ կազմում է 8,1 տոկոս: Այսինքն՝ ընդհանուր ծախսերի մեջ առաջնային են սոցիալական ուղղվածության ծախսերը:
Առանձնահատուկ ուզում եմ նշել այն հանգամանքը, որ այս տարի կառավարությունը մշակել է աշխատավարձի միասնական, համալիր քաղաքականություն, որի մասին մենք խոսել ենք քանի տարի շարունակ և նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ աշխատանքի վճարման խնդրին մենք տալիս ենք ամբողջական ու արմատական լուծում: Այս տարի կբարձրանա շուրջ 235 հազար մարդու աշխատավարձ, որն իր ծավալով, ինչպես նշեցի արդեն, աննախադեպ է: Մինչ օրս տարբեր լրատվական միջոցներում դեռ գնահատականներ են հնչում, թե պատգամավորները բարձրացրեցին իրենց աշխատավարձը, ուստի ընդգծեմ ևս մեկ անգամ՝ 131 պատգամավորի աշխատավարձ է բարձրանում: Բայց, դրա հետ միասին ուզում եմ մեր հանրությանը ևս մեկ անգամ իրազեկել, որ 235 հազար մարդ ընդհանուր թվով կօգտվեն աշխատավարձի բարձրացման այս համակարգից, այդ թվում՝ առողջապահության ոլորտում, որտեղ մենք ունենք ամենացածր աշխատավարձներից մեկը, հատկապես պոլիկլինիկական բժիշկների մեջ, որտեղ որակյալ մասնագետները, որոնք գործ ունեն մարդկանց կյանքի, առողջության հետ և ընդամենը 35-ից 50 հազար դրամ աշխատավարձ էին ստանում: Բժշկական անձնակազմի աշխատավարձը բարձրացվելու է միջինում 53 տոկոսով: Վարչական անձնակազմի աշխատավարձը 33 տոկոսով: Մոտավորապես 13 տոկոսով սպասարկող և միջին անձնակազմի աշխատավարձն է բարձրանալու: Կրթության ոլորտում 19,1 տոկոս աճ ունենք միջին աշխատավարձների, ամենացածր աշխատավարձը, որն ուներ սպասարկող անձնակազմը, բարձրանալու է 57 տոկոսով:
Հանգստի և մշակույթի ոլորտում՝ այդ թվում գրադարաններ, մշակույթի տներ և այլ, մենք ունենք 38 տոկոս աճ:
Եվ ընդհանրապես կառավարման ապարատի միջին պաշտոնավանդակներում գտնվող՝ առաջատար մասնագետներ և այլն, նրանց աշխատավարձը աճելու է 48 տոկոսով:
Աշխատավարձերից բացի ուզում եմ խոսել նաև աշխատանքային կենսաթոշակների մասին. այստեղ միջին աճը կազմում է 15 տոկոս, ինչի արդյունքում կենսաթոշակների միջին հաշվարկային չափը կկազմի 36 հազար դրամ՝ 2013 թ-ի 31 հազար դրամի դեպքում: Ընդ որում, բարձրացումը պայմանավորված է թե հիմնական կենսաթոշակի չափի և թե աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի 20 տոկոսով: Եվ խնդիրը դրված է այնպես, որ ցածր կենսաթոշակ ունեցողների աճը ավելի բարձր, արագընթաց տեմպերով կատարվի, այսինքն, օրինակ բարձր՝ 93 հազար և ավել կենսաթոշակ ունեցողների աշխատավարձը չի աճելու, այլ աճելու է ցածր չափերի կենսաթոշակ ունեցողներինը:
Սոցիալական ոլորտում շատ կարևորում ենք նաև ծնելիության նպաստների խնդիրը և հատկապես 3-րդ երեխայի համար 1 մլն. դրամ նպաստը, իսկ 5-երորդի համար 1,5 մլն. դրամ, որը նույնպես շատ կարևոր դեմոգրաֆիական խնդիր ենք համարում:
Անցյալ տարիներին արդեն կառավարությունը որդեգրել է արտադրողական ճյուղերի օժանդակման ու աջակցման, իրական սեկտորին նպաստող արտահանման ներուժ ունեցող ճյուղերի զարգացման ռազմավարությունը, այսինքն՝ արտադրությանը և արտահանմանը օժանդակելու քաղաքականությունը, որը գնալով խորանում է:
Այսպես՝ ծախսային մյուս հիմնական ուղղությունների մեջ տնտեսության ճյուղերինը կազմում է 150,6 մլրդ դրամ կամ ամբողջ ծախսերի 12,1 տոկոսը: Արդյունաբերական քաղաքականությունն ու արտահանման զարգացման հայեցակարգերը որոշակիորեն արդեն իրենց դերակատարությունը ցուցադրում են, և մենք արդեն 2-րդ տարին է ունենք արդյունաբերության և արտահանման աճ և այն նախատեսվում է նաև 2014 թվականին, այսինքն՝ մենք ընտրել ենք տնտեսական
զարգացման ճանապարհը և ամբողջ պետական քաղաքականությունը , այդ թվում՝ և՛ աշխատանքի վարձատրման, և՛ սոցիալական և տնտեսական զարգացման, և արտաքին քաղաքականության ոլորտներում միտված են դրան: Սա 2014 թվականի մեր ծրագրերի հենքն է և գլխավոր գրավականը: Մենք ստանձնել ենք քաղաքական պատասխանատվություն և հետևողականորեն մեր գործն ենք անելու:
Այս ամենից ելնելով՝ Հանրապետական խմբակցությունը կողմ է քվեարկում 2014թ. բյուջեի նախագծին:
Հերմինե Նաղդալյան