Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը պահանջում է արդարացնել օդանավակայանի կալանավորված պաշտպանյալին

Դեկտեմբեր 11,2013 20:25

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ նշանակված ժամից մեկ ժամ ու տասնհինգ րոպե ուշացումով սկսեց Վարդան Մարտիրոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանի բողոքի քննությունը: Նախագահողը ներողություն խնդրեց դատավարության մասնակիցներից, բերելով դատարանի օբյեկտիվ ծանրաբեռնվածության փաստարկը:
Ինչպես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այնպես էլ վերաքննիչ դատարանում բացի ամբաստանյալի հարազատներից այլ անձինք չէին հետեւում դատավարության ընթացքին:
Դատավոր Կարեն Ֆարխոյանի դատավճռով 90 կգ. հերոին տեսակի թմրամիջոցի փոխադրմանն օժանդակելու համար 4, 5 տարվա ազատազրկման դատապարտված «Զվարթնոց». օդանավակայանի աշխատակցի`Վարդան Մարտիրոսյանի պաշտպանը ներկայացրեց իր բողոքը: Նա դատարանից պահանջում էր արդարացում, քանի ըստ նրա, ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ ձեռք չեն բերվել այնպիսի ապացույցներ, որով կհիմնավորվեր իր պաշտպանյալի մեղքը:
Ըստ պաշտպանի, Վարդան Մարտիրոսյանը տեղյակ չի եղել ԻԻՀ քաղաքացիներ Սարգեզ Անտոնուանիանի եւ վարորդ Վիգեն Նավասարտիանի կողմից իրեն ձեւակերպման համար տրված բեռի ներքին պարունակությունից:
Այդ բեռը եղել է դաշնամուր եւ վառարան:
Ի պաշտոն էլ, Վարդան Մարիտիրոսյանն ուներ միայն ձեւակերպման իրավասություն, նա բեռը նայելու, փաթեթը բացելու, քանդելու իրավասությամբ օժտված չի եղել:
Ըստ պաշտպանի, նշյալ թմրանյութով բեռը եղել է գործարանային փաթեթավորմամբ, ինչի մասին հղում կա, ինչպես դատավճռի նկարագրական մասում, այնպես էլ նախաքննության մարմնի մեղադրական եզրակացության մեջ:
Վարդան Մարիտիրոսյանը, որ չի իմացել, թե ինչ է փաթեթավորված, վկայել են եւ երկու ամբաստանյալներն իրենց ցուցմունքներում:
Փաստաբանն նաեւ ասաց, որ բեռն արժեցել է մոտ տաս միլիոն դրամ, եւ ընդունված «թեյավճարը» չէր կարող լինել մի քանի հարյուր դոլար, եթե ընդունենք Վարդանն իմանար բեռի ներքին պարունակության մասին: Եթե իմանար բեռի պարունակության մասին, Վարդանը պաշտպանի տրամաբանությամբ, օդանավակայանում չէր ասի, թե դա իր բեռն է, եւ համապատասխան սարքավորումներում կասկածի դեպքում կարող էր այն հետ վերցներ, ասելով, թե տերը չի ցանկանում ուղարկել:
Տիգրան Սաֆարյանը նշեց, որ թմրամիջոցն անարգել մուտք է գործել Մեղրիի անցակետից, եւ քրեական հետապնդում էլ անցակետի անվտանգության աշխատակիցների նկատմամբ չի կայացվել, քանի որ հիմքում դրվել է բեռի գործարարային փաթեթավորում-հանգամանքը, որը կասկածի տեղիք չի տվել:
Նույն տրամաբանությամբ նույն կանխավարկածը պետք է գործեր նաեւ Վարդան Սաֆարյանի նկատմամբ, ասում է պաշտպանը, որն անարդարացի համարեց այն, որ իր պաշտպանյալը երկուսուկես տարի կալանված է, եւ չկա թե ինտելեկտուալ, թե ֆիզիկական միջոցներով օժանդակելու փաստ, ապացույց:
Տիգրան Սաֆարյանն ասաց, որ Վարդան Մարտիրոսյանը չէր կարող օժանդակել, ինչն ինքնին դիտավորություն է, իսկ դիտավորություն նրա կողմից չի եղել:
Պաշտպանի մեկժամանոց բողոքի հրապարակումն ավարտվեց աշխատանքային ժամի վերջին:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 26-ին, ինչից ակնհայտ դժգոհ մնաց մեղադրանքը պաշտպանող Արամ Ամիրզադյանը, որն ավելի շուտ էր պահանջում նշանակել բողոքի քննությունը:
Դատարանը հիմնավորեց` ծանրաբեռնված է, նշանակված են բազմաթիվ նիստեր:
Ամբաստանյալի հարազատներն օրեր առաջ բողոքի ցույց էին արել ՀՀ նախագահի նստավայրի մոտ, ապա նրանց ընդունել էր աշխատակազմի նամակների եւ բողոքների բաժինը: Աշխատակազմից գրավոր տեղեկացրել էին, որ գործը վերաքննության կարգով գտնվում է դատարանում եւ հասկացրել` միջամտել չեն կարող:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031