Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվում էր 2014 թ. բյուջեի նախագիծը:
Ինչպես հայտնեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ հաջորդ տարի պետական բյուջեի եկամտային մասը կկազմի 1 տրիլիոն 135 մլրդ 900 մլն դրամ, ծախսերի գծով՝ 1 տրիլիոն 246 մլրդ 400 մլն դրամ, դեֆիցիտը կկազմի 110 մլրդ 500 մլն դրամ:
Նա նաեւ հայտնեց, որ կառավարությունը պատգամավորներից ստացած 326 առաջարկություններից ընդունել է միայն 31-ը:
Պատգամավորները բավականին խիստ գնահատականներ տվեցին բյուջեի լրամշակված նախագծին: Մասնավորապես, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այս բյուջեով հաստատվեց, որ Հայաստանի առջեւ կանգնած սոցիալական խնդիրները շատանալու են, քանի որ չեն ստեղծվում ՀՀԿ-ի խոստացած աշխատատեղերը, տնտեսությունը մեծապես մոնոպոլիզացված է եւ օլիգարխիկ շեղումներով, արտերկրից եկեղ ներդրումները կտրուկ կրճատվել են, գործազուրկների թիվն աճել է: Բյուջեին եւ կառավարության խոստումներին տված գնահատականներում պարոն Մինասյանն օգտագործեց «սուտ եւ կեղծ» արտահայտությունները ու հայտարարեց, որ ՀՅԴ-ն, բնականաբար, չի կարող «կողմ» քվեարկել այս բյուջեին:
Կարդացեք նաև
«Ժառանգություն» խմբակցության անունից ելույթ ունեցած Զարուհի Փոստանջյանը շատ ավելի հետաքրքիր գնահատական տվեց կառավարությանը: Մասնավորապես կոչ արեց «նստել եւ լռել», քանի որ «մարդ չեք, այլ գարշահոտ կենդանիներ եք, ստրուկներ եք», «ձեզնից ոմանց տեղը բանտախուցն է»: Այնպես որ, ստրուկներից ազատվելու միակ ելքը տիկին Փոստանջյանը տեսնում էր 2014 թվականին ապստամբություն անելու մեջ:
Այս խոսքերին հետեւեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի զարմանքը՝ «Երիտասարդ, գեղեցիկ կին եք, ես զարմանում եմ՝ այդքան մաղձ որտեղի՞ց Ձեր մեջ»:
ԲՀԿ խմբակցությունը, որի տեսակետը ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը, բյուջեի նախագիծը համարում է բլեֆ, ստի եւ ապատեղեկատվության վրա հիմնված անվստահելի փաստաթուղթ: Նա նաեւ անդրադարձավ այն խոսակցություններին, թե ԲՀԿ-ի թիրախը կոնկրետ մարդիկ են.«Մեր պայքարն անհատների դեմ չէ, թող որոշ անհատներ իրենց չգերագնահատեն»: Տիկին Զոհրաբյանի խոսքերով՝ իրենց կուսակցությունը մշակված ծրագիր ունի, որը կարող է նպաստել տնտեսական անկման դեմն առնելուն: Պարզվեց, ԲՀԿ-ում տեսակետ է եղել՝ բոյկոտել բյուջեն, սակայն քննարկման արդյունքում որոշել են թյուրիմացության եւ ապատեղեկատվության տեղիք չտալու համար «դեմ» քվեարկել:
ՀԱԿ խմբակցությունը նույնպես դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին՝ տեղեկացրեց այդ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ով նույնպես չխնայեց պիտակներ եւ գնահատականներ՝ նկարագրելու համար այդ փաստաթղթի անկատարությունը: «Ծաղրի ու թալանի բյուջեին», որը կազմել է «խարդախ ու արկածախնդիր խմբակը», ըստ Լ. Զուրաբյանի, հարկավոր է դեմ քվեարկել՝ թալանին ու հանցագործությանը մասնակից ու պարտակող չդառնալու համար:
Այս գնահատականներից հետո ՀՀԿ խմբակցության կողմից տեսակետ հայտնեց Հերմինե Նաղդալյանը, ով ասաց, թե այս նախագիծը «բացառիկ է՝ բյուջեի եկամուտների ձևավորման տեսակետից, որովհետև, երևի թե, առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ մենք հարկային եկամուտների բավական էական աճ ենք նախատեսում և դրան զուգահեռ՝ չենք նախատեսում հարկային վարչարարության բեռի ավելացում»: Տիկին Նաղդալյանը հիշեցրեց, որ ծախսերի մեջ առաջնահերթ տեղ է տրամադրված երկրի պաշտպանությանը, անվտանգությանը, Ղարաբաղին եւ սոցիալական ոլորտին:
Նա շեշտեց աշխատավարձերի միասնական քաղաքականության մշակումը, շուրջ 235 հազար մարդու աշխատավարձի «աննախադեպ» բարձրացումը, միասնական կենսաթոշակային համակարգի ձեւավորումը, աշխատանքային կենսաթոշակների աճը, 3-րդ երեխայի համար 1 մլն դրամ, իսկ 5-երորդ երեխայի համար՝ 1,5 մլն դրամ նպաստը: Տիկին Նաղդալյանի տվյալներով «մենք արդեն 2-րդ տարին է՝ ունենք արդյունաբերության և արտահանման աճ, և այն նախատեսվում է նաև 2014 թվականին», ու այս բոլորը հաշվի առնելով՝ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին:
ՕԵԿ-ի տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ նույնպես գովերգելով բյուջեն եւ հայտարարելով, որ «կողմ» են քվեարկելու:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ