Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու Իտալիայի Նարդո քաղաքի քաղաքապետ Մարչելլո Ռիզիի միջև ստորագրվեց 6 կետանոց հուշագիր` ճարտարապետության, զբոսաշրջության, ռեստավրացիոն շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ բնագավառներում համագործակցության:
Գյումրին ու Իտալիայի Ապուլիայի երկրամասի, Լեչեյ նահանգի այս քաղաքը հռչակվեցին քույր քաղաքներ: Սամվել Բալասանյանը ակնարկեց, որ ակնկալում է նաև տնտեսական համագործակցություն: Իսկ Նարդոյի քաղաքապետը հպարտությամբ նշեց, որ այս երկու ազգերին միավորում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչի պաշտպանությունը: Համաձայնագիրը ստորագրելուց ու շամպայնի բաժակներ բարձրացնելուց հետո երկու քաղաքապետերը հանդես եկան մամուլի ասուլիսով: Ի դեպ, համաձայնագիրը ստորագրելիս, Գյումրու քաղաքապետը դիտողություն արեց դահլիճում նստած իր բաժնի պետերին `« Սա պատմական պահ է, մի հատ ծափահարեք»:
Գյումրու քաղաքապետը ասուլիսի սկզբում տեղեկացրեց, որ փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի աչքերով Իտալիայի Նարդո քաղաքը շատ նման է Գյումրիին. այն ևս պատմական քաղաք է, բնակչության գրեթե նույն թիվն ունի, ինչ Գյումրին: Բացի այդ, ըստ պարոն Բալասանյանի, Նարդոն ունի հայկական համայնք, և հայերը լուրջ դերակատարություն ունեն այդ քաղաքի զարգացման գործում: «Գրիգոր Լուսավորիչի հետ կապված իրենք ունեն շատ հետաքրքիր պատմություն, որը հոգևոր կապեր է ստեղծում Գյումրիի և Նարդո քաղաքի միջև: Գիտեք, որ իտալացիները իրենց բնավորությամբ նաև շատ նման են մեզ`իրենց էներգիայով, խոսելաձևով, մանավանդ գյումրեցիներին, որովհետև ես շատ անգամ եմ եղել Իտալիայում ու տեսել եմ էս ամեն ինչը»,- ասաց Գյումրու քաղաքապետը` նշելով, որ փորձում են գործնական դարձնել հարաբերությունները, որպեսզի իմիտացիա չլինի, թե եկան, ստորագրեցին ու հեռացան:
Սամվել Բալասանյանի ասելով, զբոսաշրջությունը այս երկու քաղաքների միջև հաստատ կզարգանա, որովհետև Գյումրու օդանավակայանը վերականգնեցին, ճանապարհը սարքեցին, այնպես որ կապը կարող է լինել անմիջական, այսինքն` տուրիստները անմիջապես Գյումրի գան ու գնան: Սակայն, ըստ քաղաքապետի, Գյումրու հյուրանոցները բարձրակարգ դարձնելու խնդիր կա, բացի մեկ հյուրանոցից, այն է «Իսուզից», մյուսները պատրաստ չեն տուրիստներ ընդունելու:Նրա խոսքերով. «Ամոթ է, որ մնացած տեղերը մենք տուրիստներ բերենք, մենք պետք է կարողանանք միջավայր ստեղծել ու սպասարկման ոլորտները զարգացնել: Դրա համար մենք քաղաքապետարանում պետք է բացենք թանգարան անպայման»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Գյումրու քաղաքապետից հետաքրքրվեց, թե կա՞ մեր քաղաքում որևէ արտադրանք , որը կարելի է իրացնել Նարդոյում: «Համագործակցություն հիմնականում մշակույթի ոլորտում եմ ես տեսնում, մեր սիմֆոնիկը կարող է գնալ, համերգներ տալ, երիտասարդական միջոցառումներ կարող են կազմակերպվել, ֆորումներ, արհեստի ու արվեստի հետ կապված` նկարչություն և այլն…Մենք ունենք այդպիսի դպրոցներ, ամենակարևորը մշակույթով փորձենք մոտեցնել: Համատեղ ձեռնարկություն….եթե ասենք իրենք տեսնում են, որ էստեղ կարող են ներկեր արտադրել, որովհետև մենք էստեղ քարեր ունենք, որոնք տուֆի տարբեր գույներ կարող են ստանալ, հիմնականում ներկերը քարերից են , կարող են էստեղ դնել, ես կարող եմ տեղ տրամադրել: Սա իմ մտահղացումն է, որը դուք պահի տակ հարց տվեցիք, ես պատասխանեցի: Մնացածը կարող է լինել սննդարդյունաբերության, ինչի չէ, գիտեք Իտալիայում ինչ զարգացած է այս ոլորտը, սպագետիները, կարող են արտադրել ամբողջ Հայաստանով, ամբողջ Կովկասով, էս էլ է ուղղություն, կարող ենք համատեղ աշխատել: Ինձ թվում է պարոն Մարչելլոն ինձ նման մտածելակերպ ունեցող մարդ է, ինքն էլ իր հերթին կասի իր մտքերը ու կհամագործակցենք», -ասաց քաղաքապետը:
Պարոն Մարչելլո Ռիզիին ասաց, որ Գյումրիի հետ քույր քաղաք հռչակվելուց հետո իրենց սպասումները շատ են, թեև նա ցավով նշեց, որ այս քաղաքը սկսել են ճանաչել դաժան երկրաշարժի ժամանակ: «Գյումրի համայնքը շատ վճռական է, ղեկավարվում է գերազանց վարչական կազմով. ձգտում կա հետ վերադարձնել կորցրածը, որը ինչ-ինչ պատճառներով անկախ մեզանից ու ձեզանից եղել է: Կորցրած ժամանակը, կորցրած միջոցները հետ բերելու հարցում Գյումրին նման է Հարավային Իտալիային, որովհետև մենք էլ վերջին ժամանակներում վազքի մեջ ենք կորցրածը հետ բերելու: Նույն վազքի մեջ ենք, նախընտրելի է միասին վազել», -ասաց Նարդոյի քաղաքապետը:
Ըստ նրա. Հայաստանը իրենց տպավորությամբ այն երկիրն է, որին պիտի աջակից լինել: Իտալացի քաղաքապետը համագործակցություն է տեսնում զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտում, թեև նրա կարծիքով, կարելի է զարգացնել նաև ձեռնարկատիրական գործունեությունը:
Մանրամասները՝ շուտով տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ