Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ընդհանուր լարվածությունը «գենդեր» բառի շուրջ շատ անհաջող պատահար է»

Դեկտեմբեր 11,2013 18:49

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Կովկասի ինստիտուտում քննարկվում էր  «գենդեր» բառի ընկալումը հասարակության մեջ, նոր մշակման ենթարկված կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության՝ «Գենդերի» մասին օրենքի շուրջ ստեղծված աղմուկը:

Քննարկմանը թեմայի մասին իրենց տեսակետները  ներկայացրին ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը, «Կին եւ քաղաքականությունը» ամսագրի եւ WomenNet.am կայքի գլխավոր խմբագիր Թամարա Հովնաթանյանը եւ Կովկասի ինստիտուտի (ԿԻ) նախագծման եւ պլանավորման ղեկավար Նինա Իսկանդարյանը:

Նրանք համոզված էին, որ ի սկզբանե սխալ է մատուցվում «գենդեր» հասկացությունը, այդ պատճառով էլ, հասարակությունը, առանց բառի իմաստն հասկանալու, ընդդիմանում է միայն բառի դեմ՝ որակելով այն որպես վատ երեւույթ:

Ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը կարծում է, որ բառի թյուրըմբռնում սկսվում է հենց դպրոցից, հետո անցնում համալսարաններ՝ կրթօջախներից, երբ աշակերտին չեն բացատրում, որ գենդերը՝ նշանակում է մարդու սոցիալական դերը:

ԿԻ ղեկավար Նինա  Իսկանդարյանի կարծիքով օրենքը մարդկանց տրամադրումն է որոշակի սոցիալական փոփոխությունների, որոնց դեմ նրանք ընդդիմանում են: Ասում է, որ կա «գենդերի» երեք ընկալում. «Հայաստանում գենդերը եւ կինը նույնացվում են: Մարդիկ գիտեն, գենդերը կանայք են: Երկրորդը, երբ գենդերը ասոցացնում են տարբեր, ոչ ավանդական սեռական կյանք վարող մարդկանց հետ: Երրորդը, երբ մարդիկ սկսում են խոսել սեռական խտրականության մասին, ինչն արդեն ճիշտ է»: Ըստ նրա՝ «գենդերն իրականում այդքան մեղավոր չէ»: «Այն իրականությունը ներկայացնելու միջոց է: Սոցիալական ձեւն է: Այն օգտագործում են, որպեսզի նկարագրեն սոցիալական կարգավիճակը»,- ասում է նա:

Թեման քննարկողները կարծում են, որ  բառը լրատվամիջոցների մակարդակով հավասարեցվել է մի քանի խնդիրների հետ:

«Ընդհանուր լարվածությունը «գենդեր» բառի շուրջ շատ անհաջող պատահար է, իմ կարծիքով, եւ  երբ  մի քիչ հանգստանա «գենդեր» բառի շուրջ լարվածությունը, դրանից հետո նոր հասարակությունը կկարողանա մի քիչ նորմալ քննարկել ինչի՞ մասին է օրենքը»,- ասում է Նինա Իսկանդարյանը, ում կարծիքով օրենքի խնդիրների մասին քննարկումը բովանդակազրկվել է, քննարկվում է բառը եւ ոչ թե օրենքի թերություններն ու առավելությունները:

Քննարկմանը հետեւեց բանավեճ ներկաների հետ: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նույնպես այն կարծիքին է, որ բառի սխալ ընկալումն է ստեղծել օրենքի շուրջ լարվածություն, ասում է, որ նախեւառաջ պետք է լրագրողներին բացատրել  հասկացությունը, քանի որ նրանք են հիմնական տեղեկատվություն փոխանցողները:

Թեման քննարկողների հետ համաձայն չէր Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը, ով նախ հիշատակեց, որ օրենքը նմանակված է ղազախական նույնանուն օրենքին, հետո հայտնեց իր կարծիքը թեմայի վերաբերյալ. «Գենդեր նշանակում է սոցիալական սեռ, բայց պարտադիր չի այն համապատասխանի իրական սեռին, հետեւաբար լայն դաշտ է բացվում ցանկացած տեսակի բարքերի քարոզչության, մասնավորապես տրանսսեքսուալիզմի համար, ինչը արդեն գոյություն ունի Երեւանում, ես նկատի չունեմ Կոմայգին, ես նկատի ունեմ մամուլը, նկատի ունեմ համացանցը»,- ասաց նա եւ պնդեց, որ գենդեր բառի կիրառությունը օրենքում նպաստելու է նույնասեռական «ձեռքբերովի վարքագիծը» օրինականացնելուն:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031