Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարտադիր կուտակային համակարգի սահմանադրականությունը խորհրդարանական չորս ուժեր կվիճարկեն Սահմանադրական դատարանում

Դեկտեմբեր 11,2013 18:38

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը համարում է պետական ռեկետ, իսկ այն մասնավոր ընկերություններին, որոնք պատրաստակամություն են հայտնել իրենց աշխատողների փոխարեն վճարել նրանց աշխատավարձերի 5-10%-ը՝ կուտակային համակարգին՝ «ինքնասպան կամիկաձեներ»: Նրանց որոշումն էլ՝ աշխատողների փոխարեն կուտակային վճարումներ կատարել, տիկին Զոհրաբյանը համարեց բլեֆ, քանի որ այդ հիմնարկները չեն կարող տասնամյակներ շարունակ վճարել այդքան աշխատողի կուտակային վճարները, եւ ընդամենը մի քանի ամսից, երբ աղմուկը կմարի, կասեն՝ շարունակությունը դուք եք անելու:

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում էր 2010թ. ընդունված Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որին ԲՀԿ-ն, ինչպես տիկին Զոհրաբյանն ասաց, «բնականաբար, դեմ է քվեարկելու»:

Տիկին Զոհրաբյանը մատնացույց արեց այն հանգամանքը, որ այս երեք տարվա ընթացքում, երբ գործում էր կուտակային կենսաթոշակի կամավոր բաղադրիչը (օրենքի համաձայն՝ պարտադիր բաղադրիչը գործի է դրվելու 2014-ի հունվարի 1-ից), ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա՝ ոչ կառավարությունից, ոչ Կենտրոնական բանկից, ոչ մի պատգամավոր չի մասնակցել այդ համակարգին,  «որեւէ մեկը նմուշի համար» կամավոր կուտակումների չի գնացել:

Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը (հիշեցնենք, որ ՀՅԴ-ն ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հետ միասին էր նախաձեռնել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի «պարտադիր» բաղադրիչի մեկ տարով հետաձգումը) նույնպես քննադատեց կառավարությանը, մասնավորապես, ոչ իշխանական խմբակցությունների հետ չերկխոսելու համար: Նա հարցրեց, թե ինչո՞ւ հենց կառավարությունը, Կենտրոնական բանկը չի ստանձնում կուտակային հիմնադրամների կառավարման գործը: Ըստ նրա, եթե Կենտրոնական բանկը ունակ է կառավարելու պետական պահուստային ֆոնդը, ապա կուտակային ֆոնդը նույնպես կարող էր ինքնուրույն կառավարել եւ ոչ թե դրսի կառավարիչներ հրավիրել:

Իր խոսքում ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԱԺ չորս խմբակցությունները, որոնք նախաձեռնել էին Կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր» բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ ստորագրահավաքը, եւ քաղաքական մեծամասնության շնորհիվ չէին հաջողել այդ նպատակը իրականացնելու գործում, այժմ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու համար պարտադիր կուտակային վճարների սահմանադրականությունը:

Տիկին Զոհրաբյանն իր խոսքում նշեց, որ ՍԴ-ի վճիռը կանխատեսելի է իրենց համար, սակայն առայժմ դա է լինելու իրենց քայլը:

Իսկ Արծվիկ Մինասյանը նաեւ հայտնեց, որ դիմումը Սահմանադրական դատարան քաղաքական ուժերը եւ կուտակային պարտադիր համակարգին դեմ բազմահազար քաղաքացիները տանելու են երթով, իսկ եթե քաղաքական մեծամասնությունը չի ցանկանում լսել իր ընտրողներին եւ «ջերմեռանդորեն» պաշտպանում է կառավարության դիրքորոշումը՝ պարտադիր կուտակայինի մասով, ապա, պետք է հավաքի ճամպրուկները եւ հեռանա իշխանությունից: «Ոչ թե երկրից»,-որպես ճշտում ավելացրեց ՀՅԴ-ական պատգամավորը:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031