«Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական սոցիալտնտեսական դժվար իրավիճակում, փոքր երկիր է, փոքրաթիվ բնակչությամբ, սառեցված կոնֆլիկտի մեջ է հարեւան երկրի հետ, շրջափակված է, ստիպված է լավ հարաբերություններ պահպանել Արեւմուտքի եւ Արեւելքի հետ: Միաժամանակ Հայաստանը զարգացման մեծ հնարավորություններ ունի իր հետաքրքիր պատմության եւ մշակույթի, բնակչության կրթվածության եւ բազմազան բնական ռեսուրսների շնորհիվ: Մշակել ենք նոր ռազմավարությունը՝ հաշվի առնելով առկա խոչընդոտներն ու հնարավորությունները»,- այսօր 2013-18թթ Հայաստանի օժանդակության ռազմավարությունը ներկայացնելուց առաջ «Մարիոտ» հյուրանոցում ասաց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը:
Տիկին Հիլիարդը ներկայացրեց տնտեսական աճի, կառավարման առողջապահության, եւ սոցիալական բարեփոխումների ոլորտում հիմնական ռազմավարական ուղղությունները: Ըստ նրա, գալիք հինգ տարիներին ԱՄՆ ՄԶԳ-ի տնտեսական աճի ոլորտի ծրագրերն ուղղված կլինեն ՀՀ քաղաքացիների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, մրցունակ տնտեսության կայացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ձեռնարկությունների համար շուկաների եւ ռեսուրսների հասանելիության ավելացմանը, նորարարության ու ներդրումների համար նպաստավոր գործարար միջավայրի ստեղծմանը:
Իսկ առողջապահության եւ սոցիալական բարեփոխումների ոլորտում գործակալությունը նախատեսել է մոր եւ մանկան, վերարտադրողական առողջության բարելավման, երեխաների թերսնուցման դեմ պայքարի եւ տուբերկուլյոզի տարածման նվազեցման ուղղությամբ աշխատանքներ: ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի օժանդակել երկրի կենսաթոշակային բարեփոխումներին եւ կընդլայնի համագործակցությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական ինտեգրման ուղղությամբ:
«Ուզում ենք, որ տեղական կառույցները ու կառավարությունը մեզ հետ աշխատի եւ ընդգրկի Հայաստանից ընկերությունները եւ հ/կ-ները, որ ավելի քիչ մասնակցեն ամերիկյան ընկերությունները, երեւի շատերը կափսոսեն, բայց պետք է դրան հասնենք: Ուզում ենք ինստիտուցիոնալացնել մեր արդյունքները Հայաստանում, որովհետեւ արտասահմանյան օգնությունը միշտ չի լինելու, ուզում ենք, որ քաղհասարակության եւ կառավարության առաջնորդները վերցնեն իրենց վրա պատասխանատվությունը, որովհետեւ իրենք գիտեն՝ ինչ պետք է անենք մենք»,- եզրափակեց տիկին Հիլիարդը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ