Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ՄԶԳ-ն ներկայացրեց 2013-2018թթ. Հայաստանի զարգացման ռազմավարությունը

Դեկտեմբեր 11,2013 17:44

ԵՐԵՎԱՆ, ՀՀ – 2013թ. դեկտեմբերի 11-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) հրապարակայնորեն ներկայացրեց Հայաստանի օժանդակության իր նոր հնգամյա ռազմավարությունը: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը ներկայացրեց տնտեսական աճի, կառավարման, առողջապահության և սոցիալական բարեփոխումների ոլորտում երկկողմ համագործակցության հիմնական ռազմավարական ուղղությունները: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, տեղական և միջազգային դոնոր կազմակերպությունների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Տիկին Հիլիարդը նշեց, որ ռազմավարությունը հիմնական շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների, ինչպես նաև երկրի հիմնական տնտեսական, ժողովրդավարական և սոցիալական անցման խնդիրների գնահատման արդյունք է: «ԱՄՆ ՄԶԳ-ն մանրամասնորեն ուսումնասիրել և ընտրել է փոփոխությունների ներուժ ունեցող այն ոլորտները, որտեղ, ըստ շահագրգիռ կողմերի, ԱՄՆ կառավարությունը կարող է միջամտել առավելագույն օգտակարությամբ: Առաքելությունը ռազմավարությունը դիտարկում է որպես տեղական կարողությունների զարգացման հնարավորություն` ուղղակիորեն համագործակցելով ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի հետ: ԱՄՆ ՄԶԳ-ն նաև կընդլայնի մասնավոր-պետական ընկերակցությունների օգտագործումը, որոնք կշարունակեն իրենց գործունեությունը մեր ներկայությունից հետո և կկարողանան նաև ներգրավել Սփյուռքը,» -նշեց ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի ղեկավարը:

Գալիք հինգ տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ի տնտեսական աճի ոլորտի ծրագրերն ուղղված կլինեն Հայաստանի քաղաքացիների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, մրցունակ տնտեսության կայացմանը և աշխատատեղերի ստեղծմանը, ձեռնարկությունների համար շուկաների և ռեսուրսների հասանելիության ավելացմանը և նորարարության ու ներդրումների համար նպաստավոր գործարար միջավայրի ստեղծմանը: ԱՄՆ ՄԶԳ-ն կաշխատի ՀՀ Կառավարության հետ` ռազմավարական ռեսուրսների` ջրի և էներգիայի կառավարման բարելավման ուղղությամբ: Օժանդակությունը նաև ուղղված կլինի արդյունավետ քաղաքականության, տարածաշրջանային ինտեգրման ավելացման և ապագա աճի խթանմանն ուղղված արհեստավարժ աշխատուժի ստեղծմանը:

Վերջերս ստորագրված կառավարման և հանրային վարչարարության ոլորտի երկկողմ համաձայնագրի ներքո ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատելու է ՀՀ Կառավարության հետ` օգնելու Հայաստանին ավելի մասնակցային, թափանցիկ և հաշվետվողական կառավարման համակարգ ձևավորել, ինչպես նաև ավելի պատշաճ արձագանքել քաղաքացիների կարիքներին և ակնկալիքներին: ԱՄՆ ՄԶԳ-ն նաև կհամագործակցի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ` բարելավելու շահերի պաշտպանության նրանց կարողությունները և ավելացնելու քաղաքացիների մասնակցությունը քաղաքականության մշակման և վերահսկման հարցում:
Առողջապահության և սոցիալական բարեփոխումների ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ն կաշխատի ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի հետ` կայուն գործընկերներություններ ստեղծելու, մոր և մանկան և վերարտադրողական առողջության բարելավման, երեխաների թերսնուցման դեմ պայքարի և տուբերկուլոզի տարածման նվազեցման ուղղությամբ: ԱՄՆ ՄԶԳ-ն նաև կշարունակի օժանդակել երկրի կենսաթոշակային բարեփոխումներին և կընդլայնի համագործակցությունը երեխաների բարեկեցությանն ուղղված բարեփոխումների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրման ուղղությամբ:

 ԱՄՆ դեսպանատան մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031