Դեկտեմբերի 11-ին կայացավ Լրագրողների համահայկական համաժողովների համակարգող խորհրդի հերթական նիստը, որը վարում էր համակարգող մարմնի նախագահ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Նիստի օրակարգում քննարկվում էր 2014թ. նախատեսվող Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի խորագիրը և մասնակցության ձևաչափը:
Ողջունելով նիստի անդամներին ու հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին սփյուռքի հիմնախնդիրները վեր հանելու, լուսաբանելու և լուծմանը նպաստելու համար, նշելով, որ դրանք ճիշտ ներկայացնելով է պայմանավորված Հայաստան-Սփյուռք գործակցության հետագա զարգացումը: Նախարարը կարևորեց սիրիահայերի հիմնախնդիրների բարձրաձայնումը, խնդրեց նիստի մասնակից խմբագրապետերին ուշադրության կենտրոնում պահել սիրիահայերի օգության ծրագիրը:
Հեռակապով նիստին մասնակցող Ժիրայր Չոլաքյանը (Ֆրանսիայ), Դերենիկ Մելիքյանը (Իրան), Համբիկ Մարտիրոսյանը (Լիբանան), Հակոբ Վարդիվառյանը (ԱՄՆ) և Կիմ Գաբրիելյանը (Արցախ) ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: 2014թ. նախատեսվող՝ Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի ձևաչափի, թեմայի, անցկացման վայրի և ժամկետի վերաբերյալ քննարկումներին մասնակցեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, համակարգող մարմնի մյուս անդամները՝ Հարութ Սասունյանը, Շահան Գանտահարյանը, Աստղիկ Գևորգյանը, Նաղաշ Մարտիրոսյանը, Աստղիկ Ավետիսյանը, Էվելինա Բաղդասարյանը:
Շնորհակալություն հայտնելով բոլոր արժեքավոր առաջարկությունների համար, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ամփոփեց Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի թեմայի, ձևաչափի, վայրի ու ժամկետի վերաբերյալ համահայկական համաժողովների համակարգող մարմնի հերթական նիստը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ