Լրահոս
Օրվա լրահոսը

Մտորումներ ՀՀ բուհերի խոշորացման մասին

Դեկտեմբեր 11,2013 16:47

Մի ուրվական է թափառում Հայաստանում՝ նոր «մարզային» պետական համալսարանների ստեղծման ուրվականը: Տեսնես ո՞վ է շունչ ներարկում այդ թափառականին ու հերթական ո՞ր տարածաշրջանում կհաջողվի նրան «տնավորվել»:

Ստեղծելով որոշ տարածաշրջաններում այդպիսի համալսարաններ, ստեղծեցինք շատ վատ նախադեպ ու դարձանք դրա գերին, քանզի այսօր մոդայիկ է դարձել մեր մենթալիտետին յուրահատուկ հարցադրումը. ինչու՞ այսինչ մարզն ունենա պետական համալսարան, իսկ «իմ» մարզը՝ չունենա: Բնական է, որ հարցադրումը պետք է քողարկվի «օբյեկտիվ» հիմնավորումով՝ բուհերի խոշորացման անհրաժեշտությամբ: Ուստի, եթե հերթական տարածաշրջանում էլ ստեղծվի «մարզային» համալսարան, դրանով գործընթացը չի ավարտվի, քանի դեռ կլինի մարզ, որը չի ունենա «իր» պետական համալսարանը, հետևաբար այս ուղին չի կարող տանել հիմնախնդրի լուծման, ուրեմն՝ ու՞մ է դա ձեռնտու:

Իրոք, պետական բուհերի խոշորացման հիմնախնդիրն այսօր խիստ արդիական է՝ դիմորդների թվաքանակի տարեցտարի անշեղ նվազման պատճառով և կրթության որակի բարելավման նպատակով: Պետական բուհերի ներկա համակարգը ձևավորվել է դեռևս Խորհրդային ժամանակաշրջանում, երբ բուհերի դիմորդների թվաքանակը մի քանի անգամ գերազանցում էր ներկայինս:

Նոյեմբերի 20-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հանրույթի հետ հանդիպմանը ՀՀ Կրթության և գիտության նախարար պ-ն Ա. Աշոտյանը հայտարարեց. «Գիտեք, այս պահի դրությամբ քննարկվում է տարբերակ, որը ենթադրում է, որ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը պետք է միավորվի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հետ և միասին այս երկու հաստատությունները ստեղծեն, հիմնադրեն Վանաձորի պետական համալսարան… Վանաձորում այս հարցը պետք է լուծվի, որովհետեւ բացառապես մանկավարժական բուհական հաստատությունը, ցավոք սրտի, ապագա չունի որպես այդպիսին և ոչ միայն Վանաձորում… Շատ լավ գիտենք, որ և Լոռու մարզում, և Հայաստանում առհասարակ կա մանկավարժական կադրերի գերարտադրություն… շրջանավարտները, մեղմ ասած, միշտ չէ, որ իրենց տեղն են կարողանում գտնել աշխատաշուկայում: Արդեն այսօր դպրոցներում ունենք 39 հազար աշխատող մանկավարժ՝ 24 հազար մանկավարժական դրույքների վրա… յուրաքանչյուր տարի ՀՀ բուհերն են ավարտում 3000 ուսուցիչ կամ մանկավարժական գործունեություն իրականացնող անձ»:

 

Դա իրոք ցավալի երևույթ է, եթե գումարենք դրան նաև գործազուրկ մանկավարժների ստվար բանակը: Ուրեմն, պետք է ելք գտնել՝ ի՞նչ անել: Բայց ինչու՞ նոր բան հնարել, ավելի դյուրին է օգտագործել արդեն գրեթե ավանդույթ դարձող նախադեպը՝ կատարել Վանաձորում պետական բուհերի «խոշորացում»: Դա թույլ կտա նորաստեղծ համալսարանին «…ընդլայնելու իր կրթական ծառայությունների ծավալը և բարելավելու այդ ծառայությունների որակը… Այո, դժվար է լինելու, առաջին երկու, երեք տարում դժվար է լինելու, մինչև ծրագրերը թարմացնեք, մինչև դասախոսական կազմի վերապատրաստում կատարեք, մինչև մեթոդական և ուսումնական գրականությունը կարողանաք անհրաժեշտ մակարդակով և ծավալով ապահովեք…» (բոլոր մեջբերումները բառացիորեն Նախարարի ելույթից են):

Մենք տակավին չենք կասկածում, բացարձակապես համոզված ենք, որ Նախարարն իրոք ցանկանում է օգնել բուհին՝ դուրս գալու ստեղծված իրավիճակից և պատրաստ է քննարկել խնդրի լուծման ցանկացած ողջամիտ առաջարկ: Այդ նպատակով ցանկանում ենք կատարել վերլուծություն: Նախ, նշված երկու բուհերի միացումով նոր համալսարանի ստեղծումը բուհերի խոշորացում չէ, քանզի իրականում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը խոշորացվում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից (Պոլիտեխնիկ) մասնաբաժին պոկելու հաշվին: Երկրորդ, եթե ցանկանում ենք Վանաձորում համալսարանական մասնագիտություններ կազմակերպելու հնարավորություն ստեղծել, կա ամենապարզ ուղին՝ դարձնել տեղի մանկավարժական ինստիտուտը Երևանի պետական համալսարանի մասնաճյուղ: Այ սա, իրոք կլինի բուհերի խոշորացում և անհրաժեշտ չի լինի նոր համալսարան ստեղծելով առաջին երկու, երեք տարում «հերոսաբար» հաղթահարել կրթական ծրագրերի և ուսումնական գրականության ստեղծման ու փոփոխման՝ մեր իսկ կողմից ստեղծվող դժվարությունները, քանզի Երևանի պետական համալսարանում դրանք բոլորը կան: Իսկ Վանաձորի դպրոցի շրջանավարտին մի՞թե պակաս պատվաբեր կլինի սովորել ԵՊՀ-ում ու ստանալ այդ փառավոր բուհի դիպլոմը:

Մեր խորին համոզմամբ, ճիշտ ուղին սա է: Ներկա իրավիճակում ՀՀ համար մայրաքաղաքային պետական համալսարանները լիովին բավական են, մի բան էլ շատ են, նույնիսկ այդտեղ էլ կարելի է որոշ բուհերի միացումով համալսարանների խոշորացում կատարել և թողնել Հայաստանում 6 կամ 7 պետական համալսարան: Սակայն պետք է արդյունավետ օգտագործել այդ հզոր համալսարանների գիտամանկավարժական ներուժն ու բազան՝ տարածաշրջաններում նույն չափորոշիչներով, ուսումնական պլաններով ու կրթական ծրագրերով, դասընթացների առարկայական ծրագրերով, միատեսակ պահանջներով մասնագետներ պատրաստելու համար: Իրոք որ անհրաժեշտ է տվյալ մասնագիտությամբ մասնագետներ Հայաստանում պատրաստել միայն մեկ համալսարանում, մասնագիտությունների կրկնություններ չպետք է թույլատրել: Այդ համալսարանների տարածաշրջանային ներկայությունը պետք է իրականացվի իրենց մասնաճյուղերի միջոցով, դա թույլ կտա այդ կրթօջախներին քայլել համընթաց իրենց համալսարանների հետ, անցնել դրանց հետ միջազգային հավատարմագրում: Կլուծվի նաև խիստ կարևոր ժողովրդագրական հիմնախնդիր՝ կկրճատվի մարզերից մայրաքաղաքի բուհեր սովորելու մեկնող երիտասարդության թվաքանակը, քանզի տեղում նրանք կկարողանան սովորել իրենց նախընտրած մասնագիտությամբ: Դրա փաստը կա. Գյումրուց, Վանաձորից, Կապանից Երևան հազվադեպ են գնում՝ ճարտարագիտական կրթություն ստանալու նպատակով, գնում են հիմնականում իրավաբանական, բժշկական, ագրարային մասնագիտություններով սովորելու համար, որոնք տեղերում չկան:

Կարող է հարց ծագել. իսկ հնարավո՞ր է արդյոք մայրաքաղաքային համալսարանների տարածաշրջանային մասնաճյուղերում ապահովել կրթության համարժեք մակարդակ: Անշուշտ, հնարավոր է, եթե դա ուզենանք: Այ այստեղ պետք է աշխատել հաղթահարել դժվարություններ:

Տվյալ մասնագիտության ուսանողները համալսարանի բոլոր կրթահամալիրներում պետք է պատրաստվեն միասնական ուսումնական պլաններով, դասընթացների առարկայական ծրագրերով, հարցաշարերով ու քննական տոմսերով, շրջանավարտները պետք է անցնեն միասնական ամփոփիչ ատեստավորում: Ներկայիս ցանցային տեխնոլոգիաները թույլ են տալիս համալսարանում կարդացվող դասախոսությունները առցանց ռեժիմում լսել բոլոր մասնաճյուղերի կոնֆերանս-դահլիճներում և մասնակցել քննարկումներին: Ավելին, նույնիսկ լաբորատոր աշխատանքների կատարման համար անհրաժեշտ չէ, որ յուրաքանչյուր կրթահամալիր ունենա բոլոր թանկարժեք լաբորատոր սարքավորումները. կենտրոնական կրթահամալիրում առկա լաբորատոր սարքավորումների վրա, լաբորանտի օգնությամբ, կարող են կատարել լաբորատոր աշխատանքները մյուս կրթահամալիրների ուսանողներն իրենց լաբորատոր սրահներից՝ համացանցի միջոցով, ստանալ փորձի տվյալներն ու մշակել դրանք: Հեռաուսուցման այս հնարավորությունների օգտագործումը վերացնում է կրթահամալիրների միջև հեռավորության հասկացությունը:

 

Համալսարանների խոշորացումը կբերի նաև գիտական հետազոտությունների արդյունավետության բարձրացման: Հզոր համալսարանի գիտական սարքավորումները կօգտագործեն բոլոր կրթահամալիրները, կամրապնդվի գիտական համագործակցությունը կրթահամալիրների ամբիոնների միջև, կենտրոնական կրթահամալիրի գրադարանում առկա բոլոր կրթական ու գիտական պաշարները համացանցի միջոցով կօգտագործեն նաև բոլոր մասնաճյուղերը: Տվյալ սկզբունքով են գործում աշխարհի լավագույն համալսարանները, որոնք հիմնում են տարածաշրջանային կրթահամալիրներ: Մեծ մասնագիտական համալսարանները տարածաշրջանային կրթության և գիտության կազմակերպման գործում հանդիսանում են լոկոմոտիվներ, որոնք տարածաշրջաններ են ներարկում նոր գաղափարներ, կրթական տեխնոլոգիաներ և ծրագրեր: Կենտրոնական համալսարանների միջոցով տարածաշրջանային միավորները ներգրավվում են միջազգային համագործակցության ծրագրերում:

 

Հնարավոր չէ, որ Նախարարը մտածած չլինի այս տարբերակի մասին, մնում է ենթադրել, որ խնդրի լուծման ընտրած ուղին նրան պարտադրված է, ինչը, ցավոք, բնավ էլ անհնար չէ: Առաջանում է մի հուզող հարց. ու՞մ է խանգարում ՀՀ բուհերի զարգացման վերը շարադրված, զարգացած երկրներում ընդունված ու իրեն արդարացրած ուղին և ո՞վ կարող է հիմնավորել մեր երկրում դրա կիրառման աննպատակահարմարությունը:

Բորիս ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Գյումրու մասնաճյուղի գիտաարտադրական աշխատանքների գծով փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինական տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մեկնաբանություն says:

    Շատ ճիշտ նկատառումներ են: Եթե ցանկանում ենք բարելավել կրթության որակը, սա կարող է հանդիսանալ լավագույն ճանապարհ: Գուցե արդիական է բուհերի խոշորացումը, բայց այդ խոշորացումը չպետք է կատարվի եղած բուհերը փոքրացնելու հաշվին: Կառավարության առաջարկած տարբերակի դեպքում ստեղծվում են մարզային համալսարաններ՝ ՀՊՃՀ -ն կամ ՀՊՏՀ-ն փոքրացնելու հաշվին: Սկզբունքորեն ստացվում է, որ բուհերը խոշորացնելու ռազմավարական նպատակը այդ դեպքում կատարվում է մասամբ: Իսկ ուղղահայաց ուղղությամբ խոշորացումը իսկապես կարող է դրական արդյունք տալ թե քանակական թե որակական առումներով:
    Հարգանքներով՝ Ա. Ասլանյան

  2. Շուշան says:

    Ձեր առաջարկները կրթության բարելավման նպատակով բուհերի խոշորացման վերաբերլյալ համոզիչ է և իրատեսական:
    Հարգանքներով` Շ. Մադոյան

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031