Վերլուծելով 2013-ը
Երիտասարդական գիտաժողով
Երևան, դեկտեմբերի 2-6
Ս.թ. դեկտեմբերի 2-6-ը «Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնը» Ամերիկայի հայկական համագումարի, Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Երիտասարդ առաջնորդների դպրոցի և ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի աջակցությամբ կազմակերպեց արդեն պարբերական դարձած «Հարևաններ. հայացք Հայաստանից» գիտաժողովը:
Գիտաժողովի ընթացքում 2013-ի դեպքերի վերլուծությամբ հանդես եկան ՀՀ երիտասարդ գիտնականներ, վերլուծաբաններ, ովքեր քննարկեցին զարգացումները Ադրբեջանում, արաբական աշխարհում, Արցախում, Թուրքիայում, Իրանում, Վրաստանում:
Գիտաժողովի բացմանը կազմակերպվեց մամուլի ասուլիս, որի ընթացքում երիտասարդ վերլուծաբանները հակիրճ կերպով ներկայացրեցին առաջիկա շաբաթվա ընթացքում իրենց ասելիքն ու պատասխանեցին լրագրողների հարցերին:
Բացման խոսքով հանդես եկավ Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արմինա Դարբինյանն, ով ողջունեց գիտաժողովի մասնակիցներին ու ընդգծեց, որ «Համագումարի երիտասարդ ակտիվիստներ» ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրության է դարձվում նոր սերնդի առավել ակտիվ ներկայացուցիչների հետ համագործակցության վրա, ուստի և հույժ կարևոր է տրամադրել հարթակ երիտասարդ վերլուծաբաններին՝ զարգացնելու նոր մոտեցումներ ու նոր մարտավարություններ արտաքին հարաբերությունների ոլորտում: Գիտաժողովի համակարգող Արտակ Շաքարյանն էլ իր խոսքում, շնորհակալություն հայտնելով աջակից կազմակերպություններին և ողջունելով ներկաների՝ մեկ շաբաթ շարունակ գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու պատրաստակամությունը, հավելեց, որ արտաքին քաղաքականությամբ զբաղվող յուրաքանչյուր ոք նախ և առաջ պետք է ճանաչի հարևան երկրներն ու սույն գիտաժողովը նպատակ ունի լրացնելու հենց այդ բացը, երբ հարևան մի երկրով զբաղվող մասնագետը պատկերացում չունի հարևան այլ երկրի մասին:
Ներկայացնում ենք մեկ շաբաթվա ընթացքում ներկայացված թեմաների հակիրճ բովանդակությունը:
Թուրքիան 2013թ.
Վերլուծաբան Լևոն Հովսեփյանը ներկայացրեց բանակ-հասարակություն հարաբերությունները Թուրքիայում, քննարկեց Էրդողանի բարեփոխումների ընթացքն ու դրանց արդյունքում բանակի՝ Թուրքիայում իր երբեմնի դերակատարման կարուստը: Հատուկ քննարկման արժանացավ նաև Էրգենեկոնի դատական գործընթացը:
AllTurkey.am կայքի հեղինակ Գևորգ Պետրոսյանը ներկայացրեց 2013թ. Թուրքիայի ամենաաղմկահարույց դեպքերի՝ Գեզիի ցույցերի ընթացքն ականատեսի աչքերով և վերլուծեց ժողովրդական ըմբոստության հնարավոր պատճառներն ու հետևանքները: Գ.Պետրոսյանն ընդգծեց այն փաստը, որ Գեզիի զբոսայգին նախկինում եղել է հայկական գերեզմանատուն, որը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար բռնզավթվել էր ու վերածվել հանրային այգու, և որ Գեզիի ցույցերի ընթացքում հայկական այս հետքը հստակորեն երևում էր նույնիսկ գտնվող շիրմաքարերի տեսքով: Գ.Պետրոսյանը նշեց, որ թեև Գեզիի ցուցարարների հիմնական պահանջը Էրդողանի հրաժարականն էր, այդուհանդերձ Թուրքիայի վարչապետն այսօր դեռևս մնում է որպես երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը:
Թուրքագետ Հայկ Գաբրելյանը ներկայացրեց Անկարայի էներգետիկ քաղաքականությունը: Թուրքիան ներկրում է իր սպառած էլեկտրաէներգիայի 70 տոկոսը, ուստի ունի կախվածություն Ադրբեջանից, Իրանից ու Ռուսաստանից և լուրջ քայլեր է ձեռնարկում էներգակիրների ներկրման դիվերսիֆիկացման հարցում: Մասնավորապես, Թուրքիան նավթ և գազ է որոնում Սև ծովում, իսկ 2014թ. մեկնարկելու է Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցումը Ռուսաստանի աջակցությամբ: Բացի գազի սպառումից Թուրքիան իրեն դիրքավորում է որպես էներգակիրների տարանցիկ կետ Ադրբեջանից, Ռուսաստանից, Իրանից, Իրաքից, Իսրայելից ու նույնիսկ Հյուսիսային Աֆրիկայից դեպի Եվրոպա: Այս բոլոր դեպքերում վերոհիշյալ երկրների համար Անկարան էլ ավելի է արժևորվում, ինչը բարձրացնումէ Թուքրիայի ազդեցիկությունը տարածաշրջանում: Մասնավորապես, ակնկալվում է, որ ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի 2018-2019թթ.:
Ադրբեջանը 2013-ին
Համաձայն Անժելա Էլիբեգովայի՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում Այլիսլիի «Քարե երազները>> գիրքը աննախադեպ էր, քանի որ առաջին անգամ խոսվում էր հայերի ցեղասպանության, կոտորածների մասին այլ տեսանկյունից, քանի որ ընդհանրապես արտաքին թշնամու կերպարը Ադրբեջանում մարմնավորվում է հայի տեսքով: Հայի բացասական կերպարը ոչ միայն շահարկվում է քաղաքական պատճառներով, օրինակ նախագահական ընտրությունների ժամանակ, այլ նաև ներարկվում է երեխաներին նույնիսկ մանկական հեքիաթների տեսքով:
Ադրբեջանի նախագահական ընտրություններն ըստ փորձագետի անցան անհետաքրքիր, քանի որ արդեն աշնանը պարզ դարձավ, որ Ալիևին որևէ այլընտրանք չի ներկայացվելու: Ադրբեջանում նախընտրական շրջանում Ղարաբաղի թեման մինիմալ էր շահարկվում մրցակցող ուժերի կողմից, իսկ ընտրություններում ալիևյան ռեժիմը առանց դժվարությունների հասավ հաղթանակի:
Վրաստանը 2013-ին
Վրացագետ Ջոնի Մելիքյանը քննարկեց Վրաստանի 2012թ. խորհրդարանական ու 2013թ. նախագահական ընտրություններն ու դրանց արդյունքները, ներկայացրեց Իվանիշվիլու քաղաքական կերպարն ու վերլուծեց նրա կատարած քայլերը: Առավել մանրամասն Ջ.Մելիքյանը կանգ առավ աբխազական երկաթգծի հնարավոր վերաբացման տնտեսական ազդեցության խնդրի վրա:
Իրանը 2013թ.
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի պատմությունը՝ 1957թ-ից առ այսօր: Նա ընդգծեց, որ ոչ մի փաստ մինչ այսօր չի արձանագրվել, որ Իրանն աշխատում է միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ: Միջուկային զենքի առկայության դեպքում Իրանը այն գաղտնի չէր պահի և որոշակի մեսիջների միջոցով հայտնի կդարձներ դրա գոյությունը: Այդուհանդերձ Ահմադինեժադի կառավարման տասը տարիների ընթացքում Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները խիստ թուլացրեցին այդ երկրի տնտեսությունը, և 2013թ. ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ, Իրանի հանդեպ պատժամիջոցները ժամանակավորապես կթուլանան, ինչը թույլ կտա Թեհրանին առավել մեծ ուշադրություն դարձնել երկրի տնտեսության վրա, ու հնարավոր է, որ նաև կյանքի կոչվեն ՀՀ-ի հետ համաձայնեցված քայլերն, օրինակ Մեղրու ՀԷԿ-ի կառուցումը:
Տիգրան Սարգսյանը քննարկեց ԻԻՀ նախագահական ընտրությունները ու նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի արտաքին քաղաքական կուրսը: Նա նշեց, որ Իրանի նոր իշխանությունները փորձում են նոր թափով զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ, սակայն դրան զուգահեռ Իրանի ազգաբնակչությունն անվստահությամբ է մոտենում Ռուսաստանի հետ հարաբերություններին, քանի որ դեռևս հիշում են Թուրքմենչայի պայմանագիրը:
Սիրիան 2013թ.
Արաբագետ Սարգիս Գրիգորյանն իր զեկույցում ներկայացրեց Ալ-Քաիդան, այդ ահաբեկչական կազմակերպությունը որպես աշխարհաքաղաքական գործընթացների վրա մեծ ազդեցություն ունեցող կառույց, այնուհետև անդրադարձավ 2013 թվականի ընթացքում արաբական աշխարհում տեղի ունեցած իրադարձություններին, հատկապես սիրիական պատերազմին և դրա վրա ազդող միջազգային զարգացումներին: Նա նշեց, որ վերջին շրջանում Սիրիայում և այդ երկրի շուրջ ընթացող զարգացումները ցույց են տալիս, որ մերձավորարևելյան տարածաշրջանի սահմաններից դուրս եկած այս հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները մնում են մշուշոտ: Բացառություն են կազմում Սիրիայի քիմիական սպառազինության ոչնչացմանն ուղղված կոնկրետ գործողությունները, որոնք ընդանում են միջազգային խիստ վերահսկողության պայմաններում և հստակ ժամանակացույցով, սակայն ինչպես ներսիրիական, այնպես էլ արտասիրիական զարգացումներում բուն հակամարտության կարգավորմանն ուղղված անկեղծ ձգտումներ չկան: Ս.Գրիգորյանը նաև հավելեց, որ Սիրիայի ընդդիմադիր ճամբարը մասնատված է, այստեղ կան հակասություններ, տեղի են ունենում բախումներ ընդդիմադիրների շրջանում, և չի նկատվում համաձայնեցված միասնական դիրքորոշում հակամարտության հետագա ընթացքի և նրա կարգավորման ուղենիշների վերաբերյալ:
Արցախը 2013թ.
Քաղաքագետ Տաթևիկ Ազիզյանը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի և ռուսական կողմի ջանքերով ընթացող բանակցային գործընթացը: Հիմնական շեշտը դրվեց այս քսան տարիների ընթացքում իրենց կաևորությամբ առանձնացած բանակցային փաստաթղթերի բովանդակության և վիճահարույց կետերի վրա: Քննարկվեցին այդ բանակցային փաստաթղթերի հիմնային հակասությունները, որոնց պատճառով հակամարտության կողմերը արդեն երկու տասնամյակ չեն կարողանում գալ փոխադարձ ընդունելի համաձայնության:
Քաղաքագետ Աննա Կարապետյանը դիտարկեց 2013 թ. ընթացքում ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների ներքո Արցախյան հակամարտությանը վերաբերող անդրադարձերը, ֆորմալ գործընթացը, քաղաքացիական նախաձեռնությունները և որոշակի շեշտադրումներ պաշտոնական հայտարարություններից:
Միջազգայնագետ Արմեն Գրիգորյանը համակողմանիորեն ներկայացրեց 2013 թ. ընթացքում տեղի ունեցած կարևոր աշխարհաքաղաքական իրադարձությունները, դրանց հնարավոր ազդեցությունը Արցախյան հակամարտության կարգավորման վրա, ինչպես նաև Արցախի կարգավիճակի հարցը և դրանից ծագող խնդիրները ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամագրումից հետո:
Նշենք, որ զեկուցողների ելույթները հրատարակվելու են «Տարածաշրջանային խնդիրներ» գիտական ամսագրի հունվարյան համարում:
Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոն