«Համենայնդեպս, ԲՀԿ խմբակցությունը 2014-ի բյուջեի հետ կապված այդպիսի կարծիք չի հայտնել, դա ԲՀԿ կուսակցության կարծիքը չէ, այլ այդ անձի անձնական կարծիքն է»,-Aravot.am-ի հարցին՝ հիմնավորվա՞ծ են ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի մտահոգությունները «2014 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծում հանդիպած աբսուրդային կետերի» հետ կապված, այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավորը բյուջեում «տարօրինակ հատկացում», «պարզապես շռայլություն» է համարում այն, որ կառավարության գործունեության գնահատման, կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտության համար բյուջեով հատկացվել է 106.932.000 ՀՀ դրամ, ՀՀ դատարանների գրասենյակային նյութերի և հագուստի համար՝ 279.567.000, «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության մրցույթի համար՝ 3.000.000 ՀՀ դրամ։
ՀՀԿ-ական պատգամավորը, հակադարձելով ԲՀԿ-ական գործընկերոջը, նշում է, թե բյուջեն չի ձևավորվում մեկ օրում, այլ քաղաքականություն է և «փոփոխվում է՝ ելնելով անհրաժեշտությունից»:
Չհամաձայնելով բյուջեի՝ շռայլությանը վերաբերող դիտարկումներին՝ պարոն Ալեքսանյանը նշեց. «Չեմ կարծում, որ բյուջեում կան տողեր, որ շռայլություն են: Բյուջեն նախատեսված է համաչափ զարգացման համար: Չէր կարող լինել այնպես, որ ոչ կառավարությունը, ոչ նախագահականը, ոչ էլ հանձնաժողովը այնտեղ տեսնեին շռայլ բան ու չարձագանքեին: Այս տարվա բյուջեն ունի ավելի շատ սոցիալական ուղղություն, բայց տողեր կան, որ անգամ սոցիալական ուղղվածություն ունենալու պարագայում պետք չէ հանել»:
Կարդացեք նաև
ԲՀԿ-ի ներկայիս պահվածքի մասին խոսելով՝ Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, թե «ԲՀԿ-ն փորձում է այլընտրանքային, ընդդիմադիր լինել» ու հավելեց. «Գուցե ԲՀԿ-ի մեջ նկատվում է երկակի խաղ, կամ այլակարծություն: Կարևորը ԲՀԿ-ի որոշումն է քվեարկության ժամանակ: Մնացածը մարդիկ են, որոնք անձնական խնդիրներից ելնելով են հայտարարություն անում, ես դա ԲՀԿ քաղաքականություն չեմ համարում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ