2014 թվականի ամանորյա տոնակատարությունները մեկնարկելու են 2013թ. դեկտեմբերի 17-ին՝ ամանորյա առաջին բացօթյա համերգով և խորհրդանշական միջոցառմամբ, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ միացնելու է հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական լույսերը, ինչպես նաև բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակների տոնածառների լույսերը, ինչին հաջորդելու է մեծ հրավառությունը՝ Հանրապետության հրապարակում:
«Բոլոր վարչական շրջաններում ընթացքի մեջ են մայրաքաղաքի տոնական զարդարման աշխատանքները։ Յուրաքանչյուր վարչական շրջանի կենտրոնական հատվածում տեղադրվում են Ամանորի խորհրդանիշ տոնածառները, որոնց բարձրությունը 12 մետր է. դրանք ևս, ինչպես և հանրապետության գլխավոր տոնածառը, զարդարվում են խաղալիքներով ու դիոդային լույսերով»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։
Մայր տոնածառի բարձրությունը 32 մետր է, այն ձևավորվել է սոճու 6000 ճյուղերով, որոնք սանիտարական էտից հետո տեղափոխվել են մարզերից։ Մայր տոնածառը կզարդարվի շուրջ 500 խաղալիքներով և 38000 լուսադիոդային լամպերով։ Տոնածառն ավարտուն տեսք կստանա դեկտեմբերի 17-ին։
Երևանի ամանորյա տեսքն ապահովելու են փողոցային գեղարվեստական լուսավորության զարդերը, որոնք տեղադրվելու են բոլոր վարչական շրջանների կենտրոնական ավելի քան 50 փողոցներում։ Բոլոր վարչական շրջաններում գեղարվեստական լուսային ձևավորում կստանան նաև 300-ից ավելի ծառեր, ինչն այս տարվա ամանորյա նորույթներից է։ Հատուկ ձևավորում կստանան նաև կենտրոնական մի շարք շենքեր, քաղաքային կահավորանքը և տրանսպորտային միջոցները։ Արազ Բաղդասարյանի խոսքով՝ ձևավորման լուծումներում կլինեն նաև անակնկալներ։
Անակնկալներ սպասվում են նաև տոնական միջոցառումների շարքում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանի խոսքով՝ դեկտեմբերի 17-ից մինչև հունվարի 13-ը, բացի խորհրդանշական օրերի մեծ միջոցառումներից, կլինեն նաև տարբեր փոքրածավալ միջոցառումներ՝ բոլոր վարչական շրջաններում, կենտրոնական հրապարակներում։ Կամո Մովսեսյանը ներկայացրել է մեծ միջոցառումների ցանկը։
<<Դեկտեմբերի 17-ից հետո, երբ քաղաքապետը խորհրդանշական միջոցառումով կմիացնի Երևանի տոնական լուսավորությունը, կմեկնարկեն տոնական մեծ միջոցառումները՝ ըստ օրերի։ Հանրապետության հրապարակում նախատեսված են տարբեր միջոցառումներ, այդ թվում նաև մանկական համերգ>>,- նշել է Կամո Մովսեսյանը։ Բացի տոնական միջոցառումները Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր թատրոններում դեկտեմբերի 25-ից սկսած կլինեն ամանորյա տոնական ներկայացումներ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետը տեղեկացրել է նաև, որ դեկտեմբերի 11-ից մեկնարկել է միջոցառումների ուղեկից՝ տոնական կերպարներ մարմնավորելու թույլտվություն ստանալու մրցույթը, որին մասնակցել ցանկացողները պետք է նախ հերթագրվեն՝ դիմելով վարչություն։
Տոնական միջոցառումներից բացի անցկացվելու է նաև ամանորյա տոնավաճառ։ Այդ նպատակով յուրահատուկ ձևավորում կունենա Հյուսիսային պողոտան, որտեղ, բացի ավանդական լուսային և դեկորատիվ տարրերից, կտեղադրվեն նաև տոնավաճառի համար նախատեսված տնակները։ Ամանորյա տոնավաճառը գործելու է դեկտեմբերի 11-ից մինչ հունվարի 13-ը և հնարավորություն է ընձեռելու բոլորին, հետաքրքիր ժամանակ անցկացնելուց զատ, նաև կատարել գնումներ և վայելել ամանորյա գեղեցիկ երաժշտություն։
<<Տոնավաճառը մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ է իրականացվում։ Մասնակիցները բոլոր այն ընկերություններն են, որոնք պատրաստ են վաճառելու հատուկ ցանկում ընդգրկված ապրանքատեսակներ. դրանք հիմնականում ամանորյա խորհրդանշական իրեր են>>,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։
Ի դեպ, դեկտեմբերի 20-29-ը Մաշտոցի պուրակում և Կոմիտասի պողոտայի ու Կասյան փողոցների հատման հրապարակում գործելու են նաև գյուղմթերքների շուկաներ։
Արազ Բաղդասարյանը նշել է նաև, որ, տնտեսվարողներին, կրթական ու մշակութային հաստատություններին, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչներին խրախուսելու նպատակով, տոնական ձևավորումների մրցույթ է անցկացվելու։
Տորական միջոցառումների անցկացման ժամանակացույցի վերաբերյալ քաղաքապետարանը պարբերաբար տեղեկացնելու է տարբեր լրատվամիջոցներով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն