Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամորում մանկապարտեզները փակվել են. ՀԱԷԿ-ում աշխատող ծնողները չգիտեն ում մոտ թողնեն մանուկներին

Դեկտեմբեր 11,2013 15:54

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի երեք մանկապարտեզները արդեն քանի օր է` չեն գործում: Մեծամորի քաղաքապետարանից մանուկների ծնողների դժգոհություններին ի պատասխան հայտնել են, որ մանկապարտեզները 4 ամիս էլ չեն աշխատելու, քանի որ ջեռուցման խնդիր ունեն: Մանկապարտեզների դայակ-դաստիարակներն էլ հարկադիր պարապուրդի մեջ են:

Aravot.am-ի հետ զրույցում ծնողները դժգոհեցին, որ գրեթե ամեն ձմեռ այդ վիճակն է եւ մանուկների մանկապարտեզ հաճախելու հարցն այդպես էլ չի լուծվում, հատկապես, որ Մեծամորում հիմնականում բնակվում են ՀԱԷԿ-ի՝ Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները, որոնց երեխաները խնամող չունեն:

Որոշ ծնողներ ստիպված են եղել աշխատանքի չգնալ, մինչեւ որ լուծեն երեխային խնամող գտնելու հարցը: Որոշ ծնողներ էլ դայակ են վարձում՝ մանկապարտեզի վարձից տասնյակ անգամ ավելի վճարելով նրանց ծառայությունների դիմաց: Ծնողների խոսքերով, քաղաքապետարանը գոնե մեկ մանկապարտեզը պիտի աշխատեցնի, որպեսզի աշխատող ծնողների երեխաները կարողանանան հաճախել:

«Քաղաքապետարանից խոստացել էին, որ գոնե դեկտեմբեր ամիսը կաշխատեն, բայց մեկ շաբաթ հետո որոշումը փոխեցին՝ ասացին չեն աշխատելու: Ընկած դայակ ենք ման գալիս, բայց դա էլ հարցի լուծում չէ, մենք ուզում ենք մեր երեխաները նորմալ հաճախեն մանկապարտեզ: Մենք դեմ չենք ամսական վճարը թող բարձրացնեն կրկնակի վճարենք, միայն թե մանկապարտեզը գործի»:

Մեծամորում մասնավոր մանկապարտեզ չկա, որպեսզի աշխատող ծնողները գոնե այդպես լուծեն իրենց երեխաների խնամքի հարցը:

Մեծամորի փոխքաղաքապետ Սամվել Գալստյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մանկապարտեզների աշխատելու ժամանակացույցը հաստատված է ավագանու որոշումով եւ որ արդեն որերորդ ձմեռն է իրենց քաղաքում մանկապարտեզները փակվում են` ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով:

Պարոն Գալստյանի խոսքերով. «Ջեռուցման խնդիրներ կան, այդ իսկ պատճառով դեկտեմբերի 1-ից մենք փակվում ենք եւ ապրիլի մեկից կամ մարտի մեկից նոր վերաբացվում: Դա ելնում է մեր հնարավորություններից»:

Փոխքաղաքապետի խոսքերով, կենտրոնացված ջեռուցում մանկապարտեզները չունեն, իսկ էլեկտրական սալիկներով տաքացնելը բավականին թանկ է նստում համայնքի բյուջեի վրա. «Խմբերը մեծ են, եւ միայն դա չէ այլ ֆինանսական ծախսեր էլ կան»:

Մեր այն դիտարկմանն ի պատասխան էլ, թե ծնողների մեծ մասը ատոմակայանում աշխատող մարդիկ են եւ առաջարկում են գոնե մեկ հերթապահ մանկապարտեզ պահել, որպեսզի իրենց գործն էլ չտուժի, պարոն Գալստյանն ասաց. «Այդ բոլոր խնդիրները, նորից եմ կրկնում, ֆինանսների հետ են կապված, եթե չենք կարում, ուրեմն չենք կարում, եթե մենք այդ մի խումբն էլ պահեցինք միեւնույն է մանկապարտեզն ուրեմն պետք է ամբողջովին ջեռուցվի, դաստիարակներն աշխատեն եւ այլն: Մենք հիմի նոր բյուջե ենք հաստատում, նորից նույն ձեւի ենք նախատեսելու մանկապարտեզների հարցը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031