Արդեն մի քանի տարի է՝ ՀՀ իշխանությունները`նախագահի գլխավորությամբ, երկրաշարժի տարելիցի օրը չեն այցելում աղետի գոտի, ծաղկեպսակներ չեն դնում զոհերի հիշատակին: Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով մեր հարցին`այդպիսով իշխանությունն իրականությունի՞ց է փախչում, ՀՀԿ-ական գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Իրականում, իրականությունից թաքնվելու բան չկա եւ չմոռանանք, որ հանրապետության նախագահը դեկտեմբերի երկուսին ծաղիկներ էր դրել դեկտեմբերի յոթին զոհվածների հուշարձանի մոտ: Չեմ հասկանում, թե դա ինչո՞ւ մենք չենք տեսնում կամ չենք ընդունում: Եթե գնում են հուշարձանին, դա նշանակում է, որ հարգանքի տուրք եմ մատուցում նահատակների հիշատակին»:
Հիշեցնենք, որ նախագահ Սարգսյանը դեկտեմբերի երկուսին`ՌԴ նախագահի այցի ժամանակ էր ծաղիկներ դրել երկրաշարժի զոհերի հուշարձանին:
Ընդհանրապես, ՀՀԿ-ական պատգամավորը հարցը բարձրաստիճան պաշտոնյայի գալ-չգալը չի համարում եւ անկախ որեւէ լինի պաշտոնյայի այցելությունից, ըստ նրա, տեղացիներն այդ օրը գնում են հուշարձանի մոտ, գերեզմաններ`իրենց հարգանքի տուրքն են մատուցում`նաեւ այդպիսով սփոփելով իրենց վիշտը: Պատգամավորը հիշեցնում է, որ երկրաշարժի քսանամյա տարելիցից հետո, կարծես թե վերանայվել են մոտեցումները եւ առավել ցանկալի է, որ որեւէ պաշտոնյա երկրաշարժի տարելիցի օրից առաջ կամ հետո գնան «ինչ-որ մի նոր բան բացելու, մի նոր բան անելու, քան թե միայն այդ օրը այցելելու…դա մեր պարտքն է, գնում ենք»: Ընդհանրապես, Սուքիաս Ավետիսյանը համարում է, որ հարգելով նահատակների հիշատակը, նաեւ պետք չէ սերունդներին միայն սգով դաստիարակել: «Ավելի լավ է մտածենք խնդիրներ լուծելու մասին, քան ֆիքսվենք, թե ո՞վ եկավ, ո՞վ գնաց»,- ասում է պատգամավորը:
Մեր հարցին էլ`ձեր կարծիքով երկրաշարժից քսանհինգ տարի անց չորս հազարից ավելի անօթեւան ընտանիքների առկայությունը խոսո՞ւմ է այն մասին, որ իշխանությունները զբաղվել են խնդիրների լուծմամբ, Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Գյումրի քաղաքում անօթեւան ընտանիքների մասին խոսելիս, ես ուզում եմ, որ մենք հստակ թվերի մասին խոսենք: Տարբեր լրատվամիջոցներով տարբեր թվեր են շրջանառվում, բայց տարբեր կառույցների հետ քննարկումների արդյունքում, կարող եմ ասել, որ տարբեր խնդիրներ կան. Մենք ունենք երկրաշարժից անօթեւան մնացածներ եւ ընդհանրապես անօթեւաններ, որոնք երեք հազարից ավել են»: Վերջիններիս մեծ մասին ՀՀԿ-ական պատգամավորն անօթեւան չի համարում, քանի որ ժամանակին բնակարաններ ստացել են եւ ամենատարբեր պատճառներով այժմ ժամանակավոր կացարաններում են բնակվում:
Պատգամավորը վստահեցնում է, որ երկրաշարժից անօթեւան մնացածների թիվը, Գյումրիում եւ Ախուրյանում հաջորդ տարի բնակարանների հանձնմամբ, կդառնա մոտ հազար ընտանիք: Վերջիններս էլ կամ փաստաթղթային խնդիրներ ունեն, կամ անօթեւանների ցուցակներում են, բայց ՀՀ-ում չեն գտնվում: Մնացյալ անօթեւանների հարցն արդեն պետությունը պետք է հոգա:
Երկրաշարժից 25 տարի անց էլ, անգամ, իշխող կուսակցության ներկայացուցիչն արձանագրում է, որ երկրաշարժի հետեւանքները վերացված չեն: «Եթե կրթական, առողջապահական իմաստով խնդիր չկա մարզում, ապա նույն ես չեմ կարող ասել ընդհանուր բնակավայրերի բարեկարգման եւ աշխատատեղերի մասին»,-ասաց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ