Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահն ու պատգամավորը իրար մեղադրեցին շահամոլության եւ պատվեր կատարելու մեջ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2013 15:26

Ազգային ժողովում քննարկվող «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ միջադեպ եղավ  ոչ միայն օրենքի նախագիծը ներկայացնող բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ պատգամավորների, այլեւ՝ ԱԺ նախագահի եւ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի միջեւ:

Տիկին Փոստանջյանը, ելույթ ունենալով, նկատեց, որ օրենքի փոփոխության արդյունքում, երբ վճարները կբարձրանան, փոքր ձկնաբուծարանները կփակվեն, եւ դա կբերի բիզնեսի խոշորացման: «Մեծ գործարարները, ովքեր ունեն լճեր, ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում, օրինակ, ԱԺ նախագահը, ով իր ելույթում քննադատեց օրենքի նախագիծը: Նա այստեղ ունի իր շահը եւ դա ակնհայտ է: Փոքր ձեռնարկատերերը դուրս կգան մրցակցությունից՝ այս օրենքի ընդունումով, իսկ մեծ տնտեսվարողները կարող են դիմանալ մրցակցությանը: Ակնհայտ է այս ամենը: Բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ կառավարությունը, չկարողանալով ճիշտ կազմակերպել իր աշխատանքը, փորձում է պատժամիջոցներ կիրառել ու վերահսկել իրավիճակը: Դրա փոխարեն պետք է վերացնել մենաշնորհները եւ ոչ թե նման սանկցիաների միջոցով լուծել հարցերը: Չեմ կարծում, որ սանկցիաները կլուծեն խնդիրները, որովհետև մեծերը կվճարեն, իսկ փոքրերը դուրս կմնան մրցակցությունից: Պարզ երեւում է, թե ինչպես են ատամներով իրենց շահը պահում խորհրդարանում նստած մեծ ձեռնարկատերերը: Պարոն Աբրահամյան, ես Ձեզ խորհուրդ կտայի, որ գոնե Դուք արտահերթ ելույթով հանդես չգայիք, ու չմատնեիք մեծ տնտեսավարող սուբյեկտների ախորժակը: Տգեղ է, երբ տեսնում ես, որ Ազգային ժողովում շահերի բախում է տեղի ունենում եւ յուրաքանչյուրը իր շահն է ատամներով պաշտպանում՝ փոխանակ հասարակության շահը պաշտպանելու»:

Տիկին Փոստանջյանի այս խոսքերին ի պատասխան, բարկացած ելույթ ունեցավ Ազգային ժողովի նախագահը, որը «Ժառանգություն» խմբակցության ղեկավարին մեղադրեց «բամբասանքով զբաղվելու» մեջ, համարեց «ոչ ընկալունակ», քանի որ ինքը դեմ չի եղել այս օրենքի նախագծին, հակառակը՝ հորդորում է կողմ քվեարկել:

Ինչ վերաբերում է բիզնեսով զբաղվելուն, ԱԺ նախագահն ասաց, որ եթե ունենար ձկնարդյունաբերության բիզնես, չէր ամաչի հայտարարել դրա մասին:

Նա տիկին Փոստանջյանին մեղադրեց իր դեմ պատվեր կատարելու մեջ. «Մամուլում կան հոդվածներ, որ ես զբաղվում եմ ձկնարդյունաբերության բիզնեսով, պատվիրատուն նստած է այս դահլիճում, իմ ցանկում ևս մեկ պատվիրատու ավելացավ: Դա հարիր չէ պատգամավորին»:

Այս խոսքերից հետո ԱԺ նախագահը նաեւ խորհուրդ տվեց, որ իր դեմ պատվեր կատարելու փոխարեն, այդ «որոշ մարդիկ» իրենց երեխաների դաստիարակությամբ զբաղվեն, եւ ոչ թե իրենց Քրիստոսի տեղը դնելով՝ «վազել փրկելու փողոցում բողոքողներին». «Ամոթ է, ամոթ, բոլորը տեսնում են այդ պահվածքը»: Իսկ եթե գումար ունեն, ավելի լավ է օգնեն մանկատներին, ծերանոցներին ու անապահովներին, քան թե «մամուլի որոշ հաստավիզ ներկայացուցիչների ու լրագրողների»:

Տիկին Փոստանջյանը, ի պատասխան, Հովիկ Աբրահամյանին կոչեց «ենթակա անձ», ով ի վիճակի չէ անգամ սեփական կամքը արտահայտելու եւ կառավարության բերած որեւէ նախագծի «դեմ» քվեարկելու:

Նա նաեւ ասաց, որ ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ որեւէ կարիք չկա պատվեր տալու, որպեսզի այդ մասին գրվի:

Ինչ վերաբերում է բարեգործությամբ զբաղվելու մասին հորդորներին՝ տիկին Փոստանջյանն էլ հորդորեց ԱԺ նախագահին՝ թողնել իր պաշտոնը, որպեսզի երկիրը կառավարեն գողությամբ ու թալանով չզբաղվող մարդիկ. «Հայաստանի քաղաքացիները խելացի եւ աշխատասեր մարդիկ են, եւ եթե նրանց չթալանեք ու չստիպեք արտագաղթել, նրանք կարող են աշխատել եւ բարեգործության կարիք չզգալ»:

Նա ԱԺ նախագահին մեղադրեց ՎՊ բացահայտումները մինչեւ վերջ չտանելու մեջ, քանի որ «ենթակա մարդ է». «Դուք, լինելով ենթակա, երբեք դեմ չեք գնա համակարգին: Ենթակա եք՝ մնացեք ձեր ենթակայության սահմաններում, ձեզ համեստ պահեք: Եվ նստածների մեծ մասը ենթականեր են, եթե հանդուրժում են Հայաստանում տիրող բարքերը եւ արտագաղթը»:

Այս խոսքերին ի պատասխան՝ ԱԺ նախագահը հայտարարեց, որ տիկին Փոստանջյանն իր հանդեպ «մաղձ ունի». «Ըմբռնումով եմ մոտենում ձեր մաղձին, ինչքա՞ն պիտի ես դիմակայեմ ձեր մաղձին, որ դուք այդքան մաղձ ունեք իմ նկատմամբ, մեր իշխանությունների նկատմամբ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Տեսանյութերը՝ a1plusnews

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031