«Թուրքիան իր կեցվածքը չի փոխել, նախկինում էլ կար հնարավորություն արտգործնախարարների հանդիպման համար, ինչը չեղավ ու նման ապատեղեկատվություն, որ մի անգամ տարածել էր Թուրքիան, իսկ մեր արտգործնախարարությունը հերքեց, մենք դեռ էլի կտեսնենք մինչեւ 2015 թիվը»,- այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Դավութօղլուի այցին:
Կիրո Մանոյանը գտնում է`Թուրքիան փորձելու է ցույց տալ, թե ինչ- որ գործընթացներ է գնում, որովհետեւ այդպես վարվելը իր շահերից է բխում:
Ըստ Կիրո Մանոյանի`«Թուրքիան իր պահվածքով ցույց է տալիս, որ շարունակում է իր թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Թուրքիան ցանկություն չունի Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, պարզապես ուզում է այդպես ձեւացնել»:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին` Կիրո Մանոյանը նշեց, թե Թուրքիան փորձում է Հայաստանին պարտադրել նախապայմաններ, իսկ պարզ է, որ Հայաստանը նախապայմաններով չի շարժվի, եթե այդպես լիներ` մենք էլ նախապայմաններ կդնեինք:
Կարդացեք նաև
«Մեր առաջնային խնդիրը պետք է լինի այն, որ 2015 թվականը չդիմավորենք արձանագրություններով, պետք է կարողանանք համախոհություն ձեւավորել մեր իրավունքների ձեռք բերման գծով»,- ավելացրեց Կիրո Մանոյանը՝ շարունակելով, որ մինչեւ 2015 թիվը որոշ հստակություններ կլինեն:
Կիրո Մանոյանը խոսելով Դավութօղլուի այցի մասին, նշեց, որ այդ օրը Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը հայտարարել է ցույց, իսկ ավելի կոնկրետ` պիկետ է լինելու: Նրա համոզմամբ. «Կարծում եմ ճիշտ չէր լինի, որ Թուրքիայի այդ պաշտոնյան գար ու մենք ոչինչ չանեինք»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ