Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարին կոռեկտության կոչ արեցին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2013 14:09

ԱԺ արտահերթ նստաշրջանը այսօր շարունակվում էր: Երեկվա նիստն ավարտվեց, երբ քննարկվում էր «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը, եւ այսօրվա նիստը սկսվեց այդ օրենքի քննարկման շարունակությամբ: Սակայն մինչ այդ մեր պառլամենտը հասցրեց մի շարք օրենքի նախագծեր քվեարկել:

Բնապահպանական վճարների մասին օրինագծի քննարկման ժամանակ մի փոքր միջադեպ եղավ: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, որը սովորություն ունի իրեն հարցեր տվողներին պատասխանելիս արհամարհական տոնայնությամբ խոսել` այդ տոնայնությունը, որը երեկ էլ էր զգացվում, պահպանեց նաեւ այսօր:

Երեկ, երբ ներկայացվում էր օրենքի նախագիծը, նշվեց, որ փոփոխությամբ ձկնաբուծական եւ խեցգետնաբուծական գործունեություն իրականացնողները ջրօգտագործման համար վճարի հաշվարկն իրականացնելու են Արարատի եւ Արմավիրի մարզերում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի ընդհանուր ծավալի 50 տոկոսի, իսկ մակերեւութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 10 տոկոսի հիման վրա, ՀՀ մյուս տարածքներում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի, իսկ մակերեւութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 5 տոկոսի հիման վրա:

Այս պարագայում բնական էր մասնավորապես, պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի եւ Հերմինե Նաղդալյանի մտահոգությանը, թե այս օրենքի ընդունմամբ ձկնամթերքը Հայաստանում կթանկանա:

Նախարարը հայտարարեց, որ պատգամավորները «խորը մոլորության» մեջ են:

Ի վերջո, չդիմացավ եւ նախարարին կարգի հրավիրելու փորձ արեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով նախարարին կոչ արեց պահպանել ԱԺ կանոնակարգ-օրենքը, իրեն չզգալ սեփական տանը եւ կոռեկտ պահել. «Մեր հարցերին պատասխանները սկսում եք «դուք իրավունք ունեք հարց տալու» արտահայտությամբ: Մենք գիտենք, որ իրավունք ունենք հարց տալու, ձեզ կառավարությունից չեն ուղարկել այստեղ, որ մեզ ասեք՝ մենք հարց տալու իրավունք ունենք, թե ո՞չ: Կարող եք ասել՝ ես համամիտ չեմ ձեր հետ, բայց ի՞նչ է նշանակում՝ խորը մոլորության մեջ եք: Ես հիմա խոսում եմ, դուք ձեռքերով նշաններ եք ասում, շարունակում եք ձեզ այդ ոճի մեջ պահել: Ես չեմ հանդուրժելու, ձեզ հորդորում եմ այդ ոճով խորհրդարանում չարտահայտվել»:

Պարոն Մարուքյանի խոսքերից հետո ԱԺ նախարար Հովիկ Աբրահամյանը նույնպես նկատեց, որ որևէ նախարար իրավունք չունի վիրավորելու որեւէ պատգամավորի և հակառակը:

Այս սթափեցնող կոչերից հետո՝ բնապահպանության նախարարի խոսքի տոնայնությունը փոխվեց, նա անգամ ներողություն խնդրեց. «Ես որևիցե մեկին վիրավորելու համար չեմ փորձել ինչ-որ բան կատարել: Դուք ասում եք՝ մեր տուն ես եկել, քեզ խելոք պահի, ի՞նչ եմ արել, չարությո՞ւն եմ արել: Բայց խնդրում եմ նկատի ունեցեք, որ սա մեր տունն է եղել, հետո նոր ձերը, ես երկու անգամ պատգամավոր եմ ընտրվել: Եթե որևէ մեկին իմ գործողություններով, արտահայտություններով վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Տեսանյութը՝ a1plusnews

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031