Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ժողովրդի եւ տնտեսության համար հերթական անգամ գազի գնի վերանայումը դամոկլյան սրին հավասար կլիներ»

Դեկտեմբեր 11,2013 13:52

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ամփոփում է վիլնյուսյան գագաթնաժողովն ու ՌԴ նախագահի այցը

Սկիզբը

– Հայաստանում ՀՀ եւ ՌԴ նախագահները մի շարք փաստաթղթեր ստորագրեցին: Դրանցից ո՞րն եք կարեւորում:

– Բացի անվտանգային բաղադրիչից, Հայաստանի եւ ՌԴ նախագահների միջեւ ընդլայնված կազմով պաշտոնական բանակցությունների արդյունքում ընդունվեցին նաեւ տնտեսական հսկայական նշանակություն ունեցող որոշումներ: Նախեւառաջ՝ 5 տարվա համար կանխատեսելի կայուն վիճակի սահմանում գազի գնի հետ կապված, քանզի մեր ժողովրդի եւ տնտեսության համար հերթական անգամ գազի գնի վերանայումը դամոկլյան սրին հավասար կլիներ: Այսօր կարելի է ասել՝ թե՛ սոցիալական եւ թե՛ տնտեսական կտրվածքով հետագա 5 տարիներին այս իմաստով ունենալու ենք կայուն վիճակ, զերծ անսպասելի կամ սպասելի տհաճություններից, եւ դա լուրջ կայունության պաշար է հաղորդում մեր տնտեսությանը: Երկրորդ քայլը, որը կատարվեց, իսկապես գործընկերային, լավ ընկերոջ եւ հուսալի դաշնակցի քայլ էր, քանզի, դեռ չավարտված բանակցությունները Մաքսային միության մեջ մտնելու ուղղությամբ, ՌԴ-ի կողմից զրոյացվեցին Հայաստան ներմուծվող մեր տնտեսության համար կարեւոր ապրանքատեսակների արտահանման տուրքերը: Այսինքն՝ մինչ մեր հասարակությունը քննարկում է, թե մենք ինչ կարող ենք շահել Մաքսային միություն մտնելու դեպքում, այս քայլով Ռուսաստանն անմիջապես գործնականորեն եւ խիստ շոշափելի կերպով պատասխանում է այսօր ամենատարածված այդ հարցին:

Շատ կարեւոր էին պայմանավորվածությունները ՀԱԷԿ-ի գործունեության, «Նաիրիտի», ապագայի ուղղությամբ, ինչպես նաեւ լրջագույն քննարկումները եւ ռուսական կողմի շահագրգռվածությունը՝ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի, այդ թվում՝ երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ: Նշեմ, որ բոլորովին վերջերս ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի քննարկման առարկան նույնպես Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության բարելավման հարցերն էին: Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, ով նաեւ մասնակցում էր այս պետական այցին, հանգամանալից քննարկում անցկացրեց տրանսպորտային հաղորդակցության խնդիրների բարելավման նպատակով, եւ հենց այդ ժամանակ հնչեցվեց, որ առաջնային եւ գլխավոր խնդիրներից է համարվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային ուղղակի հաղորդակցության վերականգնման խնդիրը:

Ինչպես տեսնում եք, միայն մի քանի այս գլխավոր պայմանավորվածությունները արդեն իսկ կարող են արմատական փոփոխությունների հանգեցնել, հատկապես մեր տնտեսվարողների համար՝ տնտեսվարման պայմանների բարելավման առումով:
Դժվարին ժամանակներ են տարածաշրջանում եւ աշխարհում՝ մարտահրավերներով, կենտրոնաձիգ եւ կենտրոնախույս տարաբնույթ վեկտորներով լի, եւ նման պայմաններում իսկապես բացառիկ ազնիվ եւ միաժամանակ ճկուն քաղաքականություն պետք է վարվի՝ կոմպլեմենտարիզմը ռեալ գործոն դարձնելու համար:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031