Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հայաստանցի չեմ, բայց ուզում եմ իմ հայրենիքիս մեջ ապրեմ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2013 13:43

Manuk_1Ասում է Հունաստանից հայրենադարձած կոշկակար Մանուկը,
որը որոշել է իր արհեստը շարունակել Հայաստանում

Բեյրութահայ կոշկակար Մանուկն արդեն 2 ամիս է՝ Հայաստանում է. որոշել է ընդմիշտ հաստատվել, ինչպես ինքն ասաց՝ մեր հայրենիքում, եւ շարունակել կոշկակարի իր արհեստը: Մանուկի մոտեցումն իր գործին՝ որպես կոշկակար, տարբերվում է տեղացի կոշկակարների աշխատաոճից: Մոտ 10 օր է՝ Մանուկը Մհեր Մկրտչյան փողոցում փոքրիկ տարածք է վարձակալել, եվրաոճով գեղեցիկ գովազդ փակցրել, որը կոշկակարի բարեհամբույր դեմքով՝ հաճախորդներին խոստանում է բարձրակարգ սպասարկում եւ կոշիկի վերանորոգման եվրոպական մոտեցում՝ հայ վարպետի ձեռքով:

Մանուկի փոքրիկ կրպակը ամենեւին նման չէ մեզանում հայտնի «կոշկակարի բուդկային», որտեղ հաճախ տեսնում ենք կիսամերկ կանանց պոստերներ եւ լսում ռաբիս երաժշտություն: Այս բեյրութահայի կրպակում ամեն ինչ կոկիկ դասավորված է, ամեն ինչ իր տեղում է. մի քանի սարքավորումներ են տեղադրված, որոնցից յուրաքանչյուրը կոշիկների տարբեր հատվածների եւ տարբեր գործերի համար է նախատեսված, մաքուր դարակներին թեեւ հազիվ 4-5 զույգ կոշիկ էր դրված, բայց Մանուկը վստահ է՝ շուտով բոլոր այդ դարակները զբաղված կլինեն. «Մի անգամ որ հաճախորդը գա իմ մոտ, էլ ուրիշ տեղ չի գնա»:

Բացի կոկիկ, ոչ ավանդական, կոշիկի հայկական կրպակից ու եվրոպական մոտեցումից՝ Մանուկը այլ մեթոդ էլ ունի հաճախորդներին գրավելու. նա ոչ թե տեղում նստած իր հաճախորդներին է այցեքարտ տալիս, այլ իր ժամանակի մի հատված էլ տրամադրում է իր փոքրիկ բիզնեսի մարկեթինգին. դուրս է գալիս փողոց ու անցորդներին բաժանում այցեքարտերը, նույնիսկ բոնուսներ է նախատեսել. յուրաքանչյուր 10-րդ այցելության դեպքում զգալի զեղչեր է սահմանել:

Մանուկը կնոջ եւ 2 դուստրերի հետ Հունաստանից է եկել Հայաստան, ընտանիքի բոլոր անդամները Կանադայի քաղաքացիություն ունեն:

«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ որոշեց հենց Հայաստան գալ, Մանուկն ասաց. «Ես ալ շատ եմ լսած եմ, մանավանդ հայաստանցիներից, որոնք օտարության մեջ են ապրում, հոս տեղ այնքան էլ լավ չէ: Ես հայաստանցի չեմ, բայց ուզում եմ իմ հայրենիքիս մեջ ապրեմ: 18 տարի առաջ հոս տեղը մի հատ պուճուր տուն ենք գնել Զեյթունում, փառք Աստծո, եկանք հաստատվեցանք, վաղուց էինք կնոջս հետ ուզում ապրել Հայաստանում, կսպասեինք էրեխեքը քիչ մը մեծանային»:

Մանուկն ու կինը հարազատներ չունեն Հայաստանում, նրանց ազգականները Լիբանանում, Կանադայում, Հունաստանում եւ Ռուսաստանում են ապրում, բայց իրենք, ինչպես պատմեց Մանուկը, ամեն տարի գալիս էին Երեւան եւ ամռան 3 ամիսներն էլ հայրենիքում անցկացնում. «Գալիս էինք, մեր եղած փողերն այստեղ ծախսում, էրեխեքս շատ կսիրեն Հայաստան, ծնված օրից բերել եմ»:

Ընտանիքի մասին մի փոքր պատմելուց հետո Մանուկը նորից ու շատ ոգեւորված սկսեց խոսել իր բիզնեսից ու ցույց տալով սարքավորումները՝ տեղեկացնում էր՝ մեկը կոշիկի «քիթը բացելու» համար է, մյուսը՝ երկարաճիտ կոշիկները նեղացնելու կամ լայնացնելու, 3-րդը՝ կոշիկներին թարմ ու նոր տեսք տալու համար. «Էս սեւ զամշի գույնը փոխել եմ՝ սրճագույն դարձրել, կնիկներ կան, որ հոս տեղը ցավացնում ա կոշիկը (ցույց է տալիս ոտնաթաթի կոճերը), լայնացնում եմ, դրա համար ստանոկ եմ բերել, սիրուն բացում եմ, որ ոտքը չցավա: Ամեն ինչ, ինչ կաշվի հետ է կապված, անում եմ, պայուսակներ էլ եմ վերանորոգոմ: Մատերիալները սաղ իտալական են, վստահ եմ՝ բոլորը գոհ կմնան, բայց եթե ավելի էժան բան կուզեն, ստիպված պիտի, չնայած չուզենալով, թուրքական մատերիալ առնեմ, ով ուզի, դրանով նորոգեմ»:

Հայրենադարձ այս կոշկակարի ոչ միայն գործի ու հայրենիքի նկատմամբ մեծ հավատն էր մեզ գրավել, այլ նաեւ նրա լեզուն. խոսում էր հիմնականում, այսպես ասած՝ «սփյուռքահայի բարբառով», մեկումեջ՝ երեւանյան ֆոլկլորային բառեր էր օգտագործում, մեկ-մեկ էլ՝ ռուսերեն: Երբ զարմացած հարցրեցի, որ Հունաստանում երկար տարիներ ապրելով՝ որտե՞ղ է սովորել ռուսերեն, Մանուկն ասաց՝ հայաստանցիների հետ շփվելով. «Ստեղացիք շատ կօգտագործեն ռուսերեն, ես ալ լսած եմ իրենցից ու մտապահած եմ»: Հետո ներկայացնելով կրպակը՝ ասաց. «Ամենը սենց ակուրատնի ես եմ սարքել: Մի քանի հատ ստանոկ էլ ինքս եմ սարքել»:
Հանկարծ եթե գործերը լավ չլինեն, կփոշմանի՞, որ եկել է Հայաստան՝ մեր այս հարցին Մանուկը վճռական ասաց՝ ոչ, միայն ափսոսում է, որ թանկարժեք սարքավորումները, որոնք մոտ 20 հազար եվրո արժեին, բարձր մաքսատուրքի պատճառով չկարողացավ բերել Հայաստան՝ «ջրի գնով» վաճառեց Հունաստանում. «Ինչո՞ւ պիտի վատ լինի, Հունաստանում էլ երկար տարիներ էս գործով եմ զբաղվել, վստահ եմ իմ վրա: Ամեն ինչ վճարել եմ օրինավոր, ամեն ամիս պիտի 6.500 դրամ հարկայինին տամ, տարածքը վարձով եմ վերցրել, ամեն ինչ էլ լավ կլինի: Շատ-շատ եմ հավատում, ով ինչ ուզում է՝ թող ասի, ստեղ լավ է, Հայաստանից ուրիշ տեղ չեմ գնա»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031