Լրահոս
Օրվա լրահոսը

«Կերպարս սերն է մարմնավորում»

Դեկտեմբեր 11,2013 13:37

Սոպրանո Աննա Մնացականյանը՝  իր եւ տերտերյանական «Երկրաշարժ» օպերայի մասին

2008թ. երկրաշարժի 20-րդ տարելիցի առիթով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերայի պրեմիերայից հետո կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը եւ մյուսները դրվատանքի խոսքեր հնչեցրին: Մեր զրուցակիցները նշել էին, որ թեեւ մինչ հայաստանյան պրեմիերան, հիշյալ օպերան բեմադրվել էր Մյունխենի «Ciartnerplatz» պետական թատրոնում՝ արժանանալով «Ոսկե աստղ» եւ Վոլֆ Էքերմանի անվան հեղինակավոր մրցանակների, սակայն մեր թատրոնում բեմադրող դիրիժոր Ռուբեն Ասատրյանի, ռեժիսոր Լեւոն Իվանյանի, նկարիչ Ավետիս Բարսեղյանի «ընթերցումը» իրական ցնցում էր հայաստանյան մշակութային կյանքում: Նշենք, որ օպերան գրվել է ըստ Հայնրիխ Ֆոն Կլայստրի «Երկրաշարժ Չիլիում» նովելի, լիբրետոյի համահեղինակներն էլ Գերտա Շտեխերն ու Ավետ Տերտերյանն են, իսկ գերմաներեն օպերայի անունը «Ցնցում» է:
Դեկտեմբերի 12-ին՝ 1988-ի երկրաշարժի 25-րդ տարելիցի առիթով, Ազգային օպերային թատրոնում դարձյալ կներկայացվի «Երկրաշարժը», որտեղ, ըստ մասնագետների, բացի գլխավոր դերերգերով հանդես եկողներից (Աննա Մնացականյան, Լիլիթ Գրիգորյան, Տիգրան Կոնինյան, Սարգիս Աղամալյան), գլխավոր են նաեւ երգչախումբը, բալետային խումբը, միմանսները, էլ չենք խոսում նվագախմբի, դիրիժորի «տաժանակիր» աշխատանքի մասին: Ընդ որում, ըստ տերտերյանական պարտիտուրի, կան հատվածներ, որոնք նախապես ձայնագրված են:
«Առավոտը» զրուցեց սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Մնացականյանի հետ, ով հանդես է գալու գլխավոր հերոսուհու՝ Աղջկա դերերգով:
Աննա Մնացականյանը մինչ «Երկրաշարժը» հանդես է եկել սոպրանոյի համար գրված օպերային թատրոնի խաղացանկային ներկայացումներում, այդ թվում՝ Վերդիի օպերաներում՝ «Տրավիատայում»՝ Վիոլետա, «Տրուբադուրում»՝ Լեոնորա, Բելինիի «Նորմայում»՝ Նորմա: Երգչուհին նշեց, որ ի տարբերություն համաշխարհային օպերային գրականության գլուխգործոց համարվող որոշ երկերի, որոնցում ինքը հանդես է եկել գլխավոր դերերգերով, Տերտերյանը իր ստեղծագործական կյանքում ժամանակակից առաջին հայ կոմպոզիտորն է եւ պատիվ է գլխավոր դերերգով հանդես գալ նման մոնումենտալ ստեղծագործության մեջ: Հիշեց 2008թ., երբ մինչեւ դեկտեմբեր շուրջ կես տարի անընդմեջ «Երկրաշարժի» փորձերն էին ընթան
ում, ասելով. «Տերտերյանական երաժշտական, ես կասեի՝ ինտելեկտուալ մտածողությանը նույնիսկ մոտենալը ռիսկ էր, ժամանակ էր հարկավոր այն ընկալելու, կեպարը քոնը դարձնելու, նաեւ ողջ օպերան սեփական պրիզմայով անցկացնելու համար: Ավելին, «Երկրաշարժին» պրոֆեսիոնալ, պատրաստված հանդիսատես է պետք»: Աննան իր «դիրքերից» ներկայացնելով այս օպերան, համոզված է, որ այն նախ համամարդկային է: Հակիրճ խոսելով իր կերպարից՝ նա նշեց. «Կերպարս սերն է մարմնավորում: Հիշաչար եւ անուղղելի հասարակությունն ամեն կերպ խոչընդոտելով այդ վեհ զգացումը, մահապատիժ է պահանջում, կատաղի ամբոխը հենց եկեղեցում է սպանում ինձ (հերոսուհուն): Անհասկանալի է՝ բոլոր ժամանակներում ինչ են ուզում մարդիկ միմյանցից, ինչն է դրդում նրանց չար արարքների…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Աննա Մնացականյանը՝ «Երկրաշարժ» օպերային ներկայացման մեջ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031