Լրահոս
Օրվա լրահոսը

«Մրցանակը շնորհվում է նախապես կազմած ցուցակով»

Դեկտեմբեր 11,2013 13:33

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ.

Հայոց ժամանակակից մշակույթը աստիճանաբար թաղվում է կոռուպցիայի ճահճի մեջ: Դրա վերջին դրսեւորումներից է գրականության ասպարեզում ՀՀ Պետական մրցանակաբաշխությունը: Արդեն 13 տարի է, ինչ այն շնորհվում է ՀԳՄ նախագահի նախապես կազմած ցուցակով: Նախորդ մրցանակաբաշխությանը ներկայացրել էի «Նեռը իմ մեջ» վեպը: Հանձնաժողովի նախագահը ՀԳՄ նախագահն էր, որը զգուշացրեց. «Որոշված է` բանաստեղծ, ՀԳՄ քարտուղար Հ. Գրիգորյանին ենք տալու»: Հ. Գրիգորյանը ՀԳՄ նախագահության նիստում բողոքել է. «Գրողների միության բոլոր քարտուղարները մինչ այժմ մրցանակ են ստացել, ուրեմն` ինձ էլ պիտի տաք»: Այսինքն` ներքին կարգով քարտուղարները, նախագահության անդամները նախապես կարգավորում են իրենց հարցերը, իսկ հանձնաժողովների անդամների մեծ մասը նաեւ ՀԳՄ նախագահության անդամներ են: Հ. Գրիգորյանին մրցանակի արժանացնելու «արդարացուցիչ» առիթներից մեկն էլ նրա ծանր հիվանդությունն էր: Այս անգամվա մրցանակաբաշխությանը մասնակցելու մասին ամռանը նախապես խորհրդակցել էի Լեւոն Անանյանի հետ, որը կրկին առաջարկեց չմասնակցել, քանի որ որոշված է մրցանակը բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանին տալ: Թվում էր, թե ՀԳՄ նոր նախագահի պայմաններում հին կարգերը չեն գործի: Է. Միլիտոնյանը հայտնեց, որ ինքը հրաժարվել է հանձնաժողովի անդամությունից ու նախագահությունից եւ չի խառնվելու մրցանակի շնորհման գործերին: Մտածեցի, որ ամենահարմար պահն է գոնե այս մի բնագավառում արդարության հաստատմանը: Պետական մրցանակի ներկայացրի այս տարի լույս տեսած իմ «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպը: Այն ընդգրկում է հայ գրականության ու պատմության կողմից հանիրավի մոռացության մատնված 1920-1950 թվականների արցախյան փաստացի իրադարձությունները պատմավեպի ժանրում: Իր երաշխավորագրում վեպը բարձր է գնահատել գրականագետ, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը: Ի դեպ, նա 2013 թ. Պետական մրցանակի հանձնաժողովի անդամ էր: Սակայն ՀԳՄ նոր նախագահը, հաշվի առնելով նրա սկզբունքայնությունն ու անարդարության հանդեպ անհանդուրժողականությունը, առանց նախապես տեղյակ պահելու, հանել էր ցուցակից, իր համար բարենպաստ մարդու ընդունել: Մրցանակաբաշխության գործընթացը ցույց տվեց, որ իմ ներկայացրած ստեղծագործությունը հանձնաժողովի անդամներից շատ քչերն են ընթերցել: Ինչու ընթերցեն, երբ ամեն ինչ նախապես է որոշված: Եվ իրոք, հենց հանձնաժողովի ընթացքին այդ հանձնաժողովի անդամ չհանդիսացող Էդվարդ Միլիտոնյանի ակտիվ մասնակցությամբ էլ որոշվեց մրցանակը հանձնել ՀԳՄ նախագահին: Ըստ իս, նման ձեւով Պետական մրցանակը հատկացնելը քրեորեն պատժելի արարք է: Քանի որ այն իրականացվել է մեծաքանակ մարդկանց մասնակցությամբ, ապա այն որակվում է որպես խոշոր չափի դրամական միջոցի հափշտակությամբ խմբակային հանցագործություն:

Մի հանգամանք եւս: Վերջին տարիներին պետական ու ՀՀ Նախագահի մրցանակները հատկացնում են միայն բանաստեղծներին: Գաղտնիք ասած չեմ լինի, որ բանաստեղծների 95%-ը սովորաբար բառակույտեր են մոգոնում, թքում, կպցնում իրար, դրանք հանգավորում ու պոեզիա անվանում: Իսկ արձակ ստեղծագործությունները, որոնք մեր կյանքի հայելին են, չեն գնահատվում եւ դուրս են մնում ուշադրությունից:

Հարգարժան նախագահ, երկրի հասարակական կյանքում խիստ կարեւոր տեղ ունեն մշակույթն ու գրականությունը: Հասարակության կտրվածությունը սեփական մշակույթից ու գրականությունից բերում է բարոյահոգեւոր անկման, որի անխուսափելի հետեւանքներից են համատարած կոռուպցիան, բյուրոկրատիզմը, կադրային սխալ քաղաքականությունը, տնտեսական, մշակութային անկումը: ՀԳՄ-ն համարյա ոչինչ չի արել հայ ժամանակակից արձակը քաղաքակիրթ աշխարհին ներկայացնելու համար: Ոչինչ չի արել նաեւ այն սեփական հասարակությանը ներկայացնելու, ժողովրդի սեփականությունը դարձնելու գործում: Իսկ որ տաղանդավոր արձակագիրներ ու ստեղծագործություններ կան, ոչ մի կասկած չկա: Սակայն ՀԳՄ ներկա ղեկավարությունը անընդունակ է շտկելու իրավիճակը:

Հաշվի առնելով վերոհիշյալը, առաջարկում եմ Ձեր միջամտությունը.
1. Չեղյալ հայտարարել 2013 թ. Պետական մրցանակի ներկա հանձնաժողովի կողմից իրականացված բաշխումը:
2. Ցրել 2013 թ. Պետական մրցանակի հանձնաժողովը եւ ստեղծել անկախ ու արդար հանձնաժողովի կազմ:
3. Նշանակել 2013 թ. հանձնաժողով եւ հանձնարարել անցկացնել ներկայացված ստեղծագործությունները արդարացի եւ ըստ արժանվույն գնահատող նոր մրցանակաբաշխություն:

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ,
Հայաստանի գրողների
միության անդամ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նույն իրավիճակն է տիրում, նաև, երաժշտարվեստի բնագավառում: Այդ պատճառով էլ, դեռևս ամռանը, նմանատիպ առաջարկությամբ էլ ես էի դիմել ՀՀ նախագահին… Հարգանքով` Ա. Բաբայան

  2. Spartak says:

    Կիսում եմ պ-ն Կարապետյանի մտահոգությունը:,,Գրանիշ,,-ում կարդացի մրցանակաբաշխությանը ներկայացված գործերը:Անարժան, նույնիսկ դեն գցելու ոտանավորներ էին:Ինչպե՞ս կարելի է այդ որակի ոտանավորների շարքն արժանացնել Պետական մրցանակի:Մի՞թե մեր գրականությունն այդ աստիճան անկում է ապրել:Բակուրի ծավալուն գրքի մի հատվածը խոսում է ստեղծագործության կատարելիության մասին, ծավալուն մի աշխատանք, որն արժանի է ծանրակշիռ այդ մրցանակին:Պետական մրցանակի նկատմամբ նման տնավարի մոտեցումը հուսահատություն է առաջացնում:Էլ ինչո՞ւ ենք այլ ոլորտներից դժգոհում:Ամենուր նույն գորշ մթնոլորտն է՝ ես քեզ, դու՝ ինձ:Այսպես մինչև ո՞ւր ենք գնալու, ինչո՞ւ ենք միջակությանն արհեստականորեն զարկ տալիս:Միջակությունից արդեն խեղդվում ենք, գոնե ԳՄ-ում այդ հեղձուկը չլինի:

  3. Գոհար says:

    Էդվարդ Միլիտոնյանը շատ էլ արժանի և տաղանդավոր գրող է, պետք չէ նախանձել նրան: Բոլորն էլ կարծում են, որ իրենց պետք է տրվեր այդ մրցանակն ու հատկապես փողը: Որ Չարենցը չունի այդ մրցանակը, նա պոետ չէ? ՄԻ քիչ էլ վատ չէր Խանջյանի գիրքը, մնացածի մասին չասենք.., կարդացել ենք, գիտենք: Ինչ վայնասում ու նախանձի ալիք եք բարձրացրել, անհարմար է: Ընթերցողները չեն նայում ձեր մրցանակներին

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031